Լոլիկի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի` մելանոմայի կանխարգելմանը: Օհայոյի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող և այն կարմիր ներկող նյութերը օրգանիզմը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներգործությունից:
Գիտնականների իրականացրած հետազոտության շրջանակում մկներին ենթարկել են ուլտրամանուշակագույն հզոր ճառագայթահարման. կենդանիների մոտ, որոնք տոմատի խտակերով են սնվել, ուռուցքների առաջացման պրոցեսը պակաս ինտենսիվ է եղել այն կրծողների համեմատությամբ, որոնք նման հավելում չեն ստացել: Մասնագետների խոսքով` տոմատներ օգտագործած կենդանիների մաշկի վրա չարորակ նորագոյացությունները 50 տոկոսով քիչ են եղել: Սակայն հետաքրքիր է, որ լոլիկը նման էֆեկտ է ունեցել միայն որձերի դեպքում:
Հետազոտության հեղինակների խոսքով` ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասումից մաշկի պաշտպանությունն ապահովում է տոմատներում պարունակվող քիմիական նյութերի համալիրը: Նախկինում նման հատկությունը վերագրվում էր տոմատի բաղադրիչներից մեկին` լիկոպինին: Սակայն այս անգամ հետազոտողները հայտարարել են, որ միայն լիկոպինը չէ հակաքաղցկեղային էֆեկտ առաջացնում: Նրանց խոսքով` մաշկը պաշտպանում է պիգմենտային միացությունների համադրությունը, որոնցից է կախված լոլիկի գույնը: