Իսկական չարիք են ոչ թե արհեստական կերերը, այլ դրանց ագրեսիվ առաջմղումը. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
Advertisement 1000 x 90

Իսկական չարիք են ոչ թե արհեստական կերերը, այլ դրանց ագրեսիվ առաջմղումը. ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Նորածինների արհեստական կերերը չի կարելի ինչ-որ վատ բան համարել, սակայն դրանց ագրեսիվ առաջմղումը լուրջ խնդիր է աշխարհի շատ երկրներում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի  (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Իհարկե, իրավիճակներ են պատահում, երբ անհնար է առանց արհեստական կերի, ուստի չի կարելի այն չարիք անվանել: Իսկական չարիքը այս կերերի ագրեսիվ առաջմղումն է, գովազդը, որով փորձում են մարդկանց համոզել, թե կերերը մայրական կաթից ավելի լավն են: Արհեստական կերերի նման առաջմղումը վնասակար է և՛ մայրերի, և՛ երեխաների համար»,- նշեց  ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Հայաստանում նորածինների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքի կաթ ստանում կյանքի առաջին 6 ամիսներին (ինչպես հրահանգում է ԱՀԿ-ը), չնայած կանանց 97 տոկոսն ի վիճակի է իր փոքրիկին բացառապես կրծքի կաթով կերակրելու: Այս խնդիրը, սակայն, հրատապ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բոլոր զարգացած և զարգացող երկրներում:

Արհեստական կերերը սկսեցին ակտիվորեն գովազդվել անցյալ դարի 60-70-ական թվականներին. դրանք ներկայացվում էին որպես օգտակար սնունդ, որը կարող է կրծքի կաթին ոչ միայն փոխարինել, այլև ավելի օգտակար է, քան այն:  Նման կարծիքը արմատակալել է ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերի ենթագիտակցության մեջ: Սակայն արդեն 80-ական թվականներին մասնագետները սկսեցին նկատել, որ կերերով սնված երեխաների առողջությունն ավելի թույլ է, քան այն երեխաներինը, որոնց կրծքով են կերակրել:

Վերջին 20-25 տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունները և երկրների իշխանությունները տարբեր ծրագրեր են իրականացնում կրծքով կերակրելը խրախուսելու և արհեստական կերերը միայն դրա համար լուրջ ցուցումների առկայության դեպքում օգտագործելու համար (օրինակ՝ մոր մոտ հիվադության առկայության դեպքում, որը կարող է կրծքի կաթով երեխային փոխանցվել):

Հայաստանում այս միջոցառումների շրջանակում դեռևս 2015 թվականին ընդունվել է «Կրծքով կերակրելու խրախուսման և մանկական սնունդի շրջանառության մասին» օրենքը: Սակայն շատ մասնագետների կարծիքով՝ հայկական ծննդատներից շատերում հնարավոր ամեն ինչ չեն անում երկրում կրծքով կերակրելը խրախուսելու համար:

med.news.am