Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում որոշակի թվով երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից. մասնավորապես առավել տարածված են դեպքերը, երբ հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանն ավարատելուց հետո չեն շարունակում կրթությունը: Հիմնական դպրոցի շրջանավարտների, ավագ դպրոցներ, քոլեջներ և ուսումնարաններ ընդունվածների թվային համեմատության արդյունքներով՝ վերջին մի քանի տարիներին մոտ 5000 երեխա հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել ո՛չ ավագ դպրոցում, ո՛չ քոլեջում, ո՛չ էլ ուսումնարաններում: Որպես կանոն, կրթության և գիտության նախարարության տեսադաշտում հայտնվում են այն երեխաները, ովքեր հաճախում են դպրոց, և նրանց նկատմամբ հնարավոր է իրականացնել որոշակի վերահսկողություն: Այն երեխաները, ովքեր ընդհանրապես չեն հաճախում դպրոց, դուրս են մնում նախարարության տեսադաշտից: Թեպետ այդպիսի երեխաների թիվը մեծ չէ, սակայն եթե անգամ խոսքը 1 երեխայի մասին է, այն պետության համար խնդիր է:
2017 թվականի սեպտեմեբրի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթության օրենսդրական պահանջը, հետևաբար հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթության շարունակականության իրավունքի իրացումը պետական վերահսկողության խնդիր է դառնում: Կան նաև փորձագիտական գնահատականներ տարբեր պատճառներով կրթությունից ընդհանրապես դուրս մնացած, կրթությունն ընդհատած և անավարտ թողած երեխաների մասին: Հստակ և ճշգրիտ տվյալների հավաքագրումը համակարգային կարևոր խնդիր է, քանի որ անհատական տվյալների բազայի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի երեխաների կրթության իրավունքի իրացմանը միտված արդյունավետ և հասցեական քաղաքականություն իրականացնել:
Կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման նոր համակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ առաջիկայում կմեկնարկի կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման նոր ծրագիր: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ համակարգն արդեն տեխնիկապես պատրաստ է, որը մշակվել է հիմք ընդունելով Լոռու մարզում իրականացված դպրոցից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաների վաղ հայտնաբերման փորձնական ծրագիրը. «Գաղտնիք չէ, որ ամեն տարի մենք ունենում ենք որոշակի թվով երեխաներ, ովքեր ընդհատում կամ անավարտ են թողնում հիմնական կրթությունը: Քանի որ ԿՏԱԿ-ը իրականացնում է նաև դպրոցների և աշակերտների վիճակագրություն, այդ փաստը վիճակարգրական տվյալների մեջ հստակ երևում է: Օրինակ, 2016-17 թ.թ. ուսումնական տարվա տվյալներով, հանրապետության ողջ տարածքում 207 երեխա անավարտ է թողել հանրակրթությունը՝ հիմնական և ավագ դպրոցում: Կրթությունն անավարտ թողնելու պատճառները տարբեր են՝ գերակշռող է սոցիալական գործոնը, լսողական, տեսողական խնդիրները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
Փորձ է արվել հայտնաբերել այն երեխաներին, ովքեր դպրոց չեն հաճախում: Պարզվեց, որ կան երեխաներ, ովքեր ընդհանրապես դպրոց չեն մտել և չեն հաշվառվել որպես աշակերտ. խոսքը առաջին դասարան հաճախելու մասին է: Խնդիրն իհարկե այստեղ միանշանակ չէ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կրթությունից դուրս մնացած էին դիտարկվել բոլոր այն երեխաները, ում 6 տարին մինչև տվյլալ տարվա դեկտեմբերի 31-ը լրացել էր /օրենքով, այդ երեխաները պետք է առաջին դասարան հաճախեն/, սակայն ծնողները համարելով, որ երեխան դեռ փոքր է և պատրաստ չէ դասապրոցեսին, չեն տարել դպրոց՝ մտածելով, որ ավելի լավ կլինի, եթե երեխան 7 տարեկան դառնալուց հետո դպրոց հաճախի: Հայտնաբերված երեխաների 98 տոկոսի դեպքում հենց այդ խնդիրն ունեինք, և միայն 1-2 դեպք կար, երբ երեխաները իսկապես դուրս էին մնացել կրթությունից: Բացատրական աշխատանքներից հետո, իհարկե, հիմնականում ծնողները համաձայնվեցին իրենց երեխաներին ժամանակին դպրոց տանել»,- նշում է Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ թեպետ օրենքով ծնողի վրա է դրված երեխայի կրթության իրավունքի ապահովման պատասխանատվությունը, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով ժամանակին դպրոց չտանելու համար անգամ տուգանք է նախատեսված, սակայն այդ օրենսդրական նորմը Հայաստանում դեռևս չի կիրառվել: Բոլոր տեսակի դիտարկումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում ծնողները ժամանակին երեխային դպրոց չտանելու քայլը կատարում են՝ չգիտակցելով, որ ոտնահարում են նրանց իրավունքները: Թերևս հակառակը՝ շատերը կարծում են, որ հօգուտ երեխայի՝ քայլ են կատարում՝ թողնելով, որ նա ավելի հասուն տարիքում դպրոց գնա:
Ինչևէ, Լոռու մարզի փորձնական ծրագրին հաջորդեց կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման էլեկտոնային նոր ծրագրի մշակումը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ քանի որ իրենց կենտրոնը իրականացնում է նաև հանրակրթության ոլորտի էլեկտրոնային կառավարումը, որոշվել է այդ համակարգում կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու նպատակով ներդնել նոր մոդել, որից կարող են օգտվել մի շարք պետական գերատեսչություններ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման նախարարություններ, ոստիկանություն, մարզպետարաններ, համայնքներ:
Երեխայի կրթական տեղաշարժն ամբողջությամբ տեսանելի է՝ առաջին դասարանից մինչև բուհ
Համակարգն աշխատում է հետևյալ մոդելով. յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսին բնակչության պետական ռեգիստրից վերցվում են տվյալ ուսումնական տարում առաջին դասարան հաճախելու ենթակա երեխաների ծննդյան տվյալների բազան /օրինակ՝ 2017 թվականին դպրոց են հաճախելու 2011 թվականին ծնվածները/ և դրանք մուտքագրվում են հանրակրթության էլեկտրոնային կառավարման համակարգ. «Սեպտեմբերի 10-ից հետո, երբ դպրոցներում կավարտվի երեխաների հրամանագրումը և տարիֆիկացիոն փասատթաղթերի հաստատումը, համակարգը ավտոմատ կերպով ցույց կտա, թե որ երեխան որ դպրոցում է սովորում կամ արդյոք նա դպրոց հաճախում է, թե ոչ: Եթե տվյալ տարում ծնված երեխան որևէ դպրոցում հրամանագրված չէ, համակարգը միանգամից առանձնացնում է այդ երեխայի կամ երեխաների տվյալները, և մենք անմիջապես տեղեկանում ենք, որ նա դպրոց չի հաճախում: Հաջորդ կարևոր ֆունկցիան իրազեկումն է: Համակարգն անմիջապես ավտոմատ իրազեկումներ է ուղարկում համապատասխան մարմիններին՝ մարզային կառույցներ, ՏԻՄ-եր, սոցիալական աջակցության կենտրոններ: Միաժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներդրվել է սոցիալական ծառայողի ինստիտուտ. բոլոր մարզերում աշխատում են սոցաշխատողներ՝ այսպես կոչված դեպք վարողներ, ովքեր պարտավոր են իրազեկումն ստանալուց հետո պարզել, թե ինչու տվյալ երեխան չի հաճախում դպրոց: Դեպք վարողն այս դեպքում դառնում է ամենապատասխանատու անձը:
Եթե երեխան փոխել է բնակավայրը և դպրոց է հաճախում Հայաստանի մեկ այլ մարզում, ապա այդ շարժը համակարգը հստակ ֆիքսում է: Այիսինքն՝ մենք ունենում ենք հստակ տեղեկություն: Ուսումնառության ողջ ընթացքում՝ առաջին դասարանից սկսած մինչև հիմնական դպրոցն ավարտելը, հետագայում ավագ դպրոց, քոլեջ, ուսումնարան կամ բուհ տեղափոխվելը, երեխան գտնվում է մեր տեսադաշտում, և մենք նրա կրթական տեղաշարժն ամբողջությամբ տեսնում ենք: Երեխայի տեղաշարժը, օրինակ, տեղափոխությունը դպրոցից դպրոց, հնարավոր է արձանագրել համապատասխան նշումով՝ ընդամենը ընդունող ուսումնական հաստատությունը պետք է համապատասխան նշան դնի, որ տվյալ երեխան իրենց մոտ է գտնվում: Համակարգն օգտագործելու հարցում նախատեսում ենք վերապատրաստումներ, ուսուցողական ուղեցույցներ:
Մենք նույն կերպ կտեսնենք, թե որ երեխաները հիմնական դպրոցից հետո կրթությունը չեն շարունակի ավագ դպրոցում, քոլեջում կամ ուսումնարանում»,- նշում է Ա. Պողոսյանը: Նրա խոսքով՝ համակարգը մշակված է ողջ հանրապետության համար, և այն նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2017 թվականի սեպտեմբերից: Համակարգ մուտք գործելու հնարավորություն ունենալու են բոլոր ուսումնական հաստատությունները, այդ նպատակով նրանց կտրամադրվեն հատուկ մուտքի կոդեր:
Դպրոցներում երեխաների տվյալների մուտքագրումը մոտ 70 տոկոսով ավարտված է, ՄԿՈՒ համակարգում նախատեսվում է իրականացնել նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո:
Լոռու մարզի նոր փորձնական ծրագիրը. ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերում
Զուգահեռաբար Լոռու մարզում փորձարկվում է նաև նոր ծրագիր՝ հայտնաբերելու կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաներին: «Օրինակ եթե որևէ երեխա հաճախակի է բացակայում դպրոցից, ուսումնական հաստատության տնօրենը կարող է նշում կատարել, որ իր համար անհայտ պատճառներով երեխան դպրոց չի հաճախում: Կամ էլ գուցե պատճառը հայտնի է՝ ինչ-ինչ պատճառով ծնողները որոշել են թույլ չտալ, որ երեխան դպրոց հաճախի: Այս պարագայում նույնպես գործի է դրվում իրազեկման մեխանիզմը և դեպք վարողի ինստիտուտը: Դեպքը համարվում է ավարտված կամ փակված մինչև այն պահը, երբ ուսումնական հաստատության կողմից կարվի նշում, որ տվյալ երեխան սկսել է նորմալ դպրոց հաճախել:
Ամփոփելով նշենք, որ հանարակրթության էլեկտորանային կառավարման համակարգը, որի կարևոր բաղադրիչն է նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մոդելը, բացառիկ է իր տեսակի մեջ: Այն ներառում է կրթական բոլոր հաստատությունները, պետական մի շարք գերատեսչություններ, ընչպես նաև անհատական տվյալների հսկայական բազա: Անհատական տվյալների պաշտպանության օրենսդրական պահանջի ապահովման նպատակով՝ ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան տեսնել միայն իրենց՝ սովորողների տվյալները:
Կարինե Սարիբեկյան
Ամբողջությամբ՝ hayeli.am