Ասֆալտապատ ճանապարհի պարգևած երանելի հանգստությունը կտրուկ ընդհատվում է մեքենայի աջ թեքվելուն զուգընթաց: Ուղեցույց ցուցանակ չկա, տներից մեկի դռան առաջ կանգնած տարեց կինը մեր հարցմանն ի պատասխան՝ ձեռքով է անում. «Ճիշտ եք գնում»: Բարեկարգ Զառիթափում ասֆալտի շերտն ավարտվում է՝ ազդարարելով Գոմք տանող փոսառատ ճանապարհի մուտքը: Լեռնային, ծառազուրկ ճանապարհը ոլոր-մոլոր շրջադարձերով ձգվում է միայն վեր: Ախտա գետի ափամերձ լանջերին, ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա է գտնվում Վայոց ձորի մարզի, Զառիթափ խոշորացված բնակավայրի կազմում ընդգրկված Գոմք համայնքը:
Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» մեծարժեք երկում։ Պատմիչի թողած տեղեկություններով Գոմքը 6 չափ հարկ է տվել Տաթևի վանքին, իսկ դա նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ: Ըստ պատմական տեղեկությունների, բնակավայրն ի սկզբանե կոչվել է Գոմք և ոչ մի հիմնավորում չկա, որ այն հին Գոմեր գյուղն է: Փոքրիկ այս բնակավայրն առավել հայտնի է 1263թ-ին կառուցված խաչքար-մատուռով՝ իր կառուցվածքով, մտահղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով անգնահատելի մի կոթողով:
Գոմքը հիմա էլ է դասվում փոքր բնակավայրերի շարքին՝ 103 տնտեսություն, 255 բնակիչ: Նախկինում ոչ հայաբնակ այս գյուղը 1989թ-ին վերաբնակեցվել է Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, երկրաշարժից հետո աղետի գոտուց և հանրապետության այլ վայրերից տեղափոխված ընտանիքներով: Նախկին համայնքապետ, համայնքների խոշորացումից հետո Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը գյուղ տեղափոխվել է շատ տարիներ առաջ Ջերմուկ քաղաքից: «Եկա երկու տարով հաշվապահ աշխատելու՝ ընդմիշտ հաստատվեցի այստեղ»,-Մխիթարը ծիծաղում է:
Ամառային տոթը մեղմող թույլ, զով քամի է խաղում: Կեսօրից մեկ ժամ առաջ ենք հասել Գոմք ու գյուղին բնորոշ ամայությունն այնքան էլ չի զարմացնում: «Չկա պարապ մարդ Գոմքում, չեք գտնի՝ բոլորն աշխատում են, էս ժամին մենակ խաղացող երեխեքի կհանդիպեք գյուղամիջում»,- չտված հարցի պատասխանն է հնչեցնում 40-ամյա ղեկավարը: Գոմքում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայողներ են: Արտագնա աշխատանքի գնացողները քիչ են: Համայնքների խոշորացումից հետո 3 ընտանիք փակել են տների դռներն ու մեկնել ՌԴ: Այս փաստը Մխիթար Հովհաննիսյանը ցավով է նշում: «Վարկերի տակ են, գնացել են գումար աշխատեն ու հետ գան՝ խոստացել են,- ասում է Մխիթարը,- մարդիկ կառչած են հողին՝ ուղղակի պետք է չհիասթափեցնես, պետք է անընդհատ խոսքով ու գործով ցույց տաս, որ լավ է լինելու»:
Գոմքի հաջողությունները մինչև խոշորացումը
Մխիթար Հովհաննիսյանը համայնքների խոշորացմանը դեմ արտահայտվող ամենաակտիվ համայնքապետերից էր: Պատմում է, որ անգամ 2015թ-ին տարածքային նախարարության կազմակերպած Ֆրանսիայի և Գերմանիայի խոշորացված համայնքներ կատարած այցը չի համոզել՝ ընդհակառակը, հենց այնտեղ է հասկացել, որ հայկական մոդելի ու եվրոպականի միջև սար ու ձորի տարբերություն կա:
«Յոթ համայնքապետով էինք, տարան, որ տեսնենք եվրոպական փորձը, բայց դե հեչ համեմատելու բան չէր ախր՝ վերցնենք թեկուզ բյուջեն: Ֆրանսիայում նույնիսկ էն միացող գյուղերն արդեն իսկ մեծ բյուջե են ունեցել ու դա գումարվելով ահռելի թիվ է կազմել,- բացատրում է զրուցակիցս,- էնքան գումար ունեին, որ գործարաններ էին կառուցել, աշխատատեղեր էին ստեղծել, աշխատող չունեին՝ էմիգրանտներին էին տանում, որպես էժան աշխատուժ: Բա չէ, մեր նման՝ բյուջեն 5 մլն դրամ լինի, որի 90 տոկոսը մենակ աշխատավարձի վրա ծախսվի»:
700 հազարով դրամով 30 մլն դրամի ծրագիր իրականացնելու գաղտնիքը
«Պլան Ա-ն դա իմ ունեցած գումարն էր, բայց ես միշտ մտածել եմ պլան Բ-ի մասին՝ ընկած փող եմ ման եկել ներդրման համար, որ կարողանամ ծրագիր իրականացնել՝ ահա և իմ գաղտնիքը»,-անկեղծանում է զրուցակիցս՝ նշելով, որ Գոմքը կառավարման առումով բավական բարդ համայնք է եղել, բնիկներ չկային, բոլորը եկվորներ էին ու շատ ժամանակ անհաշտ միմյանց հետ: «Ես դա էլ եմ հաղթահարել,-ժպտալով պատմում է Մխիթարը,- գալիս էին ժողովի, էն մեկը սրա կողքը չի նստում, էն մյուսը նրա հետ չի խոսում: Գնում էի տներով, խոսում, հաշտեցնում, ասում էի՝ ախր մի ընտանիք ենք, փոքր գյուղ ենք, էսպես ո՞նց կլինի, մենք դեռ պիտի երկար ապրենք կողք կողքի: Էդպես քիչ-քիչ համերաշխություն հաստատվեց գյուղում»:
Մեծ դերակատարություն է ունեցել նաև ավագանու նիստերին բնակիչների մասնակցությունը: Սկզբնական շրջանում դիմել են փոքրիկ խորամանկության՝ խաբել են, թե օգնություն են բաժանելու: «Իմ գյուղապետ ընտրվելուց հետո, մենք մեր բոլոր հարցերը գյուղովի ենք լուծել: Կանչում, համոզում, բերում էինք ժողովի, բյուջեն էինք ներկայացնում, բացատրում, որ այ էսքան գումար կա, էսքանը աշխատավարձն է, էսքանը մեր ծախսելիքն է, ա՜յ, էս, էս բաները չկան գյուղում ու մենք մեր ունեցած գումարով պիտի հարցերը լուծենք,- հիշելով անցած դժվարությունները՝ Մխիթարը ժպտում է,- ինձնից առաջ սեփական եկամուտների հավաքագրումը 30-60 տոկոս էր կազմում, երբ մարդիկ հասկացան, որ իրենց տված գումարներով հնարավոր է այս կամ այն ծրագիրն իրականացնել՝ արդեն բյուջեն 100-120 տոկոսով էինք կատարում»:
Գոմքի ապագան՝ Շվեյցարիա, թե՞ պարզապես փոքրիկ մի բնակավայր խոշորացված համայնքի կազմում
Գոմքի նախկին համայնքապետի համոզմամբ կարելի էր բացառություն անել և գյուղը չներառել խոշորացված փնջում՝ թողնել որպես մոդել, հետևել, թե ինչպես է ինքնուրույն զարգանալու: «Լավ կլիներ, որ թեկուզ փորձի համար Գոմքը թողնեին մոդելային, փորձեին, տեսնեին ինչ զարգացում կունենայինք՝ կարող է Շվեյցարիա էինք դառնում»,- Մխիթարը ծիծաղում է՝ հավելելով, որ չի կարող պարապ, անգործ նստել, կառավարությանը բիզնես ծրագիր է ներկայացրել՝ ցանկանում է կաթի վերամշակման փոքր արտադրամաս կառուցել 100 քմ մակերեսով, մոտ 600 քմ տարածքով անասնագոմ ունեն: Ցանկանում է բարձր ցեղային տեսակի անասուններ պահել, կաթի շուկան էլ տեղում ձևավորել:
«Գյուղից գալիս 120 դրամով են տանում, հիմա եթե մենք 30 դրամ ավել տանք՝ գյուղացիք կաթը մեզ կտան: Մեր մոտ ալպիական գոտի է: Կաթը շատ յուղալի ու համով է ստացվում, Գոմքի պանիրն էլ հայտնի է իր համային հատկանիշներով՝ հատկապես Ջերմուկի առողջարաններն են շատ վերցնում: Մտածում ենք տուրիզմը զարգացնել: Էկոտուրիզմի փառատոնից հետո գյուղում շատերն են ոգևորվել, տները նորոգում են, որ կարողանան տուրիստ ընդունել: Չորանոց ենք պատրաստվում տեղադրել, որ ծիրանի չիր պատրաստենք, այսինքն սա կոոպերատիվի ծրագիրն է: 500 մետր ներքին ցանցի խնդիր ունեմ, էս տարի կանենք, սպասում ենք, որ Զառիթափին տեխնիկան տան՝ մենք մեր ուժերով անենք, գյուղի լուսավորության ցանցն էլ պիտի ավելացվի՝ խոստացել են մինչև մյուս տարի վերջացնել՝ տեսնենք»,- զրույցը եզրափակում է Մխիթարը:
Լուսանկարները Երանուհի Սողոյանի և Վազգեն Գալստյանի
Երանուհի Սողոյան
Ամբողջությամբ՝ hetq.am