Պարզաբանում է «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ-ի գենետիկը
Կլինիկական գենետիկական հետազոտություններն անցկացվում են մի շարք ուղղություններով`ժառանգական և սոմատիկ հիվանդությունների հետ կապված մուտացիաների, ռիսկային պոլիմորֆիզմների, ինչպես նաև ախտածին մանրէների առկայությունը օրգանիզմում պարզելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի գենետիկայի բաժնի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ կլինիկական գենետիկական հետազոտությունները կատարվում են հիմնականում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի կիրառմամբ: «Բոլոր օրգանիզմները ժառանգական նյութ ունեն: Այս նյութը կազմված է նուկլեոտիդային շղթաներից, որոնց հերթականությունը յուրաքանչյուր օրգանիզմի համար անհատական է: Օգտագործելով այս հատկությունը՝ գիտնականները ստեղծել են ՊՇՌ մեթոդը, որը հնարավորություն է տալիս նմուշում գտնել համապատասխան հերթականությունը: Այսինքն՝ եթե մեզ անհրաժեշտ է հայտնաբերել օրգանիզմում ինչ որ մանրէ, ապա օգտագործելով հատուկ նյութեր, որոնք համապատասխանում են այդ մանրէի ժառանգական նյութին, ինչպես բանալին կողպեքին, մենք կարող ենք հաստատել այդ մանրէի առկայությունը նմուշում: Կամ՝ մեզ հայտնի է, որ այս կամ այն ժառանգական հիվանդությունը պայմանավորված է որոշակի հերթականությամբ՝ մուտացիայով։ Եթե մենք ՊՇՌ-ի միջոցով հայտնաբերենք այդ հերթականությունները, ապա կարող ենք որոշել այդ հիվանդության զարգացման հավանականությունը»,- ասաց նա: Գևորգ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ախտորոշման կենտրոնում շատ հետաքրքիր հետազոտություններ են անցկացվում պոլիմորֆիզմների հայտնաբերման ուղղությամբ: Այս անալիզների օգնությամբ կարելի է հաշվարկել այս կամ այն հիվանդությունների զարգացման ռիսկը, օրինակ՝ թրոմբոֆիլիայի կամ հիպերտենզիայի:
«Դավիդյանց Լաբորատորիաներում» ՊՇՌ մեթոդով կարելի է կատարել կանանց և տղամարդկանց միզասեռական ուղիների համալիր հետազոտություններ՝ օգտագործելով ֆեմոֆլոր սքրին և անդրոֆլոր սքրին մեթոդները:
Բժիշկը հավելեց, որ ՊՇՌ-ն օգտագործվում է նաև որպես օժանդակ մեթոդ տղամարդկանց անպտղության ախտորոշման ժամանակ, օրինակ՝ տղամարդկանց մոտ AZF լոկուսի դելեցիայի դեպքում: «Մինչև այս մեթոդի հայտնագործումը, տղամարդկանց բիոպսիա էր արվում հասկանալու համար՝ կարելի է արդյոք սեմնաբջիջներն առանձնացնել: Հիմա մենք եզրակացություն ենք տալիս, թե տվյալ տղամարդը կարո՞ղ է սերունդ ունենալ, որից հետո նոր միայն իմաստ ունի բիոպսիա կատարել»,- ասաց նա:
Գևորգ Մարտիրոսյանը հայտնեց, որ «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ-ն ներկայումս ներդնում է օնկոգենետիկական հետազոտություններ, որոնք կօգնեն որոշել, թե կոնկրետ հիվանդի համար որքանով է արդյունավետ այս կամ այն դեղով քիմիաթերապիան:
«Դավիդյանց լաբորատորիաներում» ներդրված ևս մեկ նոր հետազոտություն է անեուպլոիդիայի (քրոմոսոմների անոմալ թիվ) հետազոտությունը: «Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է պտղի մոտ հայտնաբերել այնպիսի ժառանգական հիվանդություններ, ինչպիսին են Դաունի համախտանիշը կամ Կլայնֆելտերի համախտանիշը:»,- պարզաբանեց Գևորգ Մարտիրոսյանը:
Ամբողջությամբ՝ med.news.am