Եթե գրագետ աշխատանք չի տարվում, ապա կարող են առաջանալ լուրջ ու վնասակար կողմնակի երևույթներ. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եթե գրագետ աշխատանք չի տարվում, ապա կարող են առաջանալ լուրջ ու վնասակար կողմնակի երևույթներ. life.panorama.am

Մաշկաբանը՝ սոլյարիի վնասակար հատկությունների մասին

Սոլյարիի միջոցով արևայրուք ստանալը հատկապես վերջին տարիներին երիտասարդ աղջիկների շրջանում մեծ տարածում ունի: Միաժամանակ, հնչում են կարծիքներ, թե այն կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, ընդհուպ մինչև քաղցկեղ առաջացնել:

Life.panorama.am-ը սոլյարիի վնասակար հատկությունների, ինչպես նաև ճիշտ դոզավորման և թույլատրելի հաճախելիության մասին խոսել է մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ:

«Ցանկացած բժշկական պրոցեդուրա պետք է արվի ճիշտ ճանապարհով և խելացի մասնագետի կողմից: Ճիշտ և գրագետ կիրառման դեպքում սոլյարիի վնասակար լինելու հավանականությունը մոտ է զրոյի: Սակայն կիկնում եմ՝ ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպես է այն կատարվում: Ցանկացած դեպքում, երբ մարդը դիմում է  համապատասխան մասնագետի՝ սոլյարիի միջոցով արևայրուք ունենալու պահանջով, պետք է հասկանալ՝ այդ մարդը արդյոք ունի հակացուցումներ, որոնք իրենց հերթին լինում են բացարձակ և հարաբերական»,- նշեց մաշկաբանը և խոսեց հակացուցումների մասին.

«Մարդը կարող է ունենալ որոշակի հորմոնալ տեղաշարժեր, որոնք առաջ են բերում մաշկի պիգմենտացիոն խանգարումներ: Օրինակ՝ հնարավոր է, որ նա դեղորայք է օգտագործել և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ ունի մաշկի զգայունությունը բարձրացնող հատկություն:  Սոլյարին կարող է խիստ վնասակար հետևանք ունենալ, եթե մաշկի վրա կան չպարզված գոյացություններ, որոնց վերաբերյալ էլ համապատասխան մասնագետի կողմից չկան անհրաժեշտ եզրակացություն: Այս պարագայում, եթե գրագետ աշխատանք չի տարվում, ապա կարող են առաջ գալ բավականին լուրջ ու վնասակար կողմնակի երևույթներ, այդ թվում որոշակի գոյացությունների չարորակացում և այլն: Միաժամանակ, նույն խնդիրները կարող են առաջանալ ծովափին ոչ ճիշտ կազմակերպված  բնական արևայրուք ստանալիս, եթե կրկին նախապես տեղյակ չլինենք մեր օրգանիզմում առկա խնդիրների մասին»,- հավելեց մասնագետը:

Ըստ Կարեն Վարդանյանի՝ շատ դեպքերում հաճախորդները քաջատեղյակ չեն, թե սոլյարիի դիմելով, ի՞նչ է արվում իրենց օրգանիզմի հետ: Հաճախորդը պետք է խորհրդակցելուց զատ նշի իր առողջական կամ կոսմետիկ խնդիրները, դրանից հետո պարզի՝ արդյոք դրանք հակացուցում են հանդիսանում և հետո նոր որոշում կայացնի՝ ուզում է դիմել սոլյարիի, թե ոչ: Նրա խոսքով, սակայն, միշտ չէ, որ այցելուները այդքան խորը ուսումնասիրում և հետաքրքրվում են իրենց առողջությամբ, հետևաբար տվյալ սրահի սոլյարիի մասնագետը պարտավոր է այնքան պրոֆեսիոնալ լինել, որ իր հարցերի միջոցով հասկանա, թե արդյոք  տվյալ հաճախորդն ունի բացարձակ կամ հարաբերական հակացուցում:

Անդրադառնալով սոլյարիից հետո մաշկի վրա առաջացած ցաներին՝ Կարեն Վարդանյանը նշեց.

«Սոլյարիից հետո առաջացած մաշկի ցաները տարբեր պատճառներ կարող են ունենալ: Օրինակ՝ հնարավոր է, որ տվյալ անձը որոշակի սննդամթերք կամ դեղորայք է օգտագործել, որոնք մասնավորապես ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մաշկի զգայունության բարձրացման են բերում, որից էլ առաջանում է ֆոտոդերամտոզ, իսկ սրանք էլ ծայրահեղ դեպքում կարող են վերածվել այրվածքների: Սակայն այս խնդիրներից էլ կխուսափենք, եթե մասնագետը նախապես հարցնի, թե հաճախորդը ինչ է կերել, ինչ դեղորայք է օգտագործել, կամ թե ունեցել է արդյոք  պիգմենտացիոն խնդիրներ»:

Անդրադառնալով սոլյարիի ճիշտ դոզավորմանն ու հաճախելիության թույլատրելի քանակին, մաշկաբանը շեշտեց.

«Թե բնական, թե արհեստական արևայրուքի դեպքում գոյություն ունի դոզավորում: Այսինքն՝ մեր օրգանիզմում կան մելանոցիտենր, որոնք արտադրում են մելանին պիգմենտ, որն էլ ապահովում է մեր մաշկի, մազերի և աչքերի գույնը: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ խթանվում են մելանոցիտները և սկսվում են ավելի շատ մելանին արտադրել, իսկ դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Սա մաշկի գույնը մգացնելով՝ մեզ պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով պայմանավորված այրվածքների զարգացումից: Այսինքն՝ խորհուրդ է տրվում թե բնական, թե արհեստական արևայրուքը գրագետ կազմակերպել և սկսել քիչ դոզավորումից, իսկ մաշկի մգանալուն զուգահեռ կարելի է տևողությունն ու հաճախությունը ավելացնել»:

life.panorama.am