Google-ը փորձարկել է վիրուալ իրականությունը կրթության ոլորտում օգտագործելու հնարավորությունը: Փորձարկումը ցույց է տվել, որ այն մասնակիցները, ովքեր սովորել են VR-ով, ավելի հեշտ և արագ են կատարել առաջադրանքը, քան նրանք, ովքեր դիտել են կրթական տեսանյութեր YouTube-ով:
Daydream Labs ընկերության լաբորատորիայում կայացած էքսպերիմենտը ցույց է տալիս, որ VR տեխնոլոգիաներով կրթությունը դառնում է ավելի հեշտ և արդյունավետ: Փորձարկման մասին պատմում է Engadget-ը:
Փորձարկման համար մասնակիցները բաժանվել էին 2 խմբի: Խմբերին տրվել էր առաջադրանք՝ ճիշտ պատրաստել սուրճը: Առաջին խումբը դիտել է տեսանյութեր YouTube-ում, որտեղ բարիստոները սովորեցնում էին համեղ սուրճ պատրաստել, իսկ մյուս խումբն աշխատել է VR էքսպրես-մեքենաների հետ: Արդյունքում՝ երկրորդ խումբն ավելի արագ է կարողացել կատարել առաջադրանքը:
Մի փորձարկումը չի կարող որոշիչ լինել և ցույց տալ VR-ով աշխատելու բոլոր առավելություններն ու թերությունները: Մասնագետները ևս համաձայն են այս մտքի հետ, սակայն կարծում են, որ վիրտուալ իրականության մեթոդների կիրառումը կրթական ոլորտում շատ հեռանկարային է:
Կրթության բնագավառում VR տեխնոլոգիաների օգտագործումն արդեն իսկ կիրառվում է մի շարք խոշոր ընկերություններում:
Ի դեպ, VR տեխնոլոգիաները թափանցել են կրթական ոլորտ նաև Հայաստանում: Հայկական ARLOOPA հավելվածը վիրտուալ իրականությունը ներդրում է նաև կրթական համակարգում: Հավելվածի միջոցով այժմ արդեն հնարավոր է ուսումնասիրել ֆիզիկան լիովին այլ մակարդակում: Ֆիզիկայի դասագրքերի համար ընկերությունը մշակել է 3D անիմացիաներով և տեսանյութերով լրացված իրականության լուծում:
«Մենք փոխում ենք գրքի մասին պատկերացումները: Կրթությունը պետք է լինի հետաքրքիր ու ամենակարևորը՝ ինտերակտիվ»,- նշում է ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը:
Հայկական ընկերության ստեղծած վիրտուալ իրականությունն արտացոլող դասագիրքն արդեն ներկայացվել է ավստրիական դպրոցներում՝ դեմո տարբերակով: Ավստրիական դպրոցներում հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել ARLOOPA-ի գործընկերոջ՝ AMLOGY-ի միջոցով: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ եթե ամեն բան շարունակվի նման կերպ, ապա շուտով ավստրիական դպրոցներում գիրքը կդառնա դասապրոցեսի մի մասը, ինչ թույլ կտա կրթական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և ինտերակտիվ:
Սիրարփի Աղաբաբյան