Կարելի՞ է հղիության ընթացքում բեռնաթափման օրեր սահմանել։ Այդ հարցին շատերը բացասական պատասխան կտան, սակայն բժիշկները որոշ դեպքերում հղի կանանց խորհուրդ են տալիս օրգանիզմի մաքրում կատարել։
Բեռնաթափման օրերը սննդից ամբողջական հրաժարում չեն ենթադրում․ ենթադրում են ուտելիքների քանակի սահմանափակում, այնպես որ երեխային չեն կարող վնասել։ Այդ օրերը ցուցված են արագ գիրացման դեպքում քաշի կարգավորման, սկսվող գեստոզի և այտուցների դեպքում։
Կարևոր է բեռնաթափման օրվա ճիշտ կազմակերպումը։ Հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ և ընտրել սննդամթերքները։ Այդ օրը հարկավոր է երկու լիտրից ոչ պակաս քանակությամբ ջուր խմել և վիտամիններ օգտագործել օգտակար նյութերի պակասը լրացնելու համար։
Չի կարելի բեռնաթափման օր կազմակերպել առաջին եռամսյակում, երբ կազմավորվում են պտղի օրգանները, չի կարելի նաև տասն օրվա ընթացքում երկուսից ավել անգամ անցկացնելը։ Հղի կանանց համար ամենաօգտակարը մրգային և բանջարեղենային բեռնաթափումն է։
Խնձորի օր՝ 1.5-2կգ խնձորը բաժանել 5-6 չափաբաժնի։ Կարելի է եփել ջեռոցում, ինչպես նաև ուտել ձիթապղի ձեթով կամ կիտրոնի հյութով։
Բանջարեղենի օր՝ թույլատրվում է 1.5 կգ դդմիկ կամ վարունգ ուտել առանց շաքարավազի կամ աղի, բայց կարելի է ուտել բուսական յուղով կամ ցածր յուղայնությամբ թթվասերով։ Հիշեք որ վարունգը նույնպես հեղուկ է պարունակում:
Կաթնաշոռի օր՝ 500գր անյուղ կաթնաշոռ և 1լ կեֆիր։
Սպիտակուցային օր՝ 400գր խաշած միս, ձուկ կամ հավի կրծքամիս՝ առանց աղի։
Բրնձի կամ հնդկաձավարի օր՝ 150գր բրինձը խաշել, բաժանել չորս մասին և օրվա ընթացքում ուտել առանց աղի։ Կարելի է քերած խնձոր կամ գազար ավելացնել։
Բեռնաթափման օրվա ընթացքում ուշադիր եղեք զգացողությունների հանդեպ, ինքնազգացողության վատացման դեպքում դիմեք բժշկի, հնարավոր է, որ ընտրված մթերքի ընտրությունը սխալ եղած լինի կամ գուցե լինեն խնդիրներ, որոնց մասին տեղյակ չեք եղել։
Բեռնաթափման օրերն արգելված են մարսողական կամ սրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդությունների դեպքում։