Ամերիկացի առաջատար սրտաբանը համացանցին է մեղադրում ստատինների վերաբերյալ ստի տարածման համար: Այս ստի հետևանքով մարդիկ դադարում են դեղերն ընդունել, որոնք կարող են նրանց կյանքը փրկել:
Համացանցում ակտիվորեն գործում է մարդկանց շրջանակ, որոնք համոզված են, որ ստատինների ընդունումը առողջության համար վտանգավոր է, իսկ այն առաջ են մղում միայն «ագահ դեղագործական ընկերությունները՝ բժիշկների համաձայնությամբ»: Այսօր Google-ը ստատինների օգուտի մասին 655 000 արդյունք է բերում և ավելի քան 3,5 մլն արդյունք առողջության համար դրանց վնասի մասին: Արդյունքում մարդիկ հրաժարվում են դեղերի օգտագործումից, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և ապահովում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը:
«Ստատինները հանրության շրջանում վատ վարկանիշի են արժանացել, սակայն այս երևույթի համար ամբողջությամբ և լիովին պատասխանատու է համացանցը, որը շատ տարօրինակ և ոչ գիտական նյութեր է տարածում առողջության համար այս դեղերի իբր գոյություն ունեցող վտանգների և դրանց ցածր արդյունավետության մասին,- Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշում է Cleveland Clinic-ի սիրտ-անոթային բժշկության բաժանմունքի ղեկավար բժիշկ Սթիվեն Նիսենը: – Այսկերպ մենք տանուլ ենք տալիս հիվանդների սրտերի և մտքի առողջության համար պայքարը, որոնք կայքերից սուտ տեղեկություններ են ստանում մարդկանցից, որոնք գործնականում գիտական ոչ մի փորձ չունեն: Այս մարդիկ առաջ են մղում խոլեստերինի մակարդակի նվազեցման, այսպես կոչված, «բնական» կամ ոչ դեղորայքային մեթոդներ, որոնք արդյունավետության լուրջ ապացույցներ չունեն»:
Փորձագետը շեշտում է, որ ստատինի դեղատոմս ստացած հիվանդները համացանցում տարբեր կարգի տեղեկություններ են ընթերցում և սարսափահար են լինում պատմություններից, որոնք պատմում են այս դեղերի ընդունման պատճառով մահացած մարդկանց և դրանց «շատ վտանգավոր կողմնակի էֆեկտների» մասին, ինչպես նաև այն մասին, որ ստատիններն ընդհանրապես արդյունավետ չեն:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում գովազդային մեծ արշավ է իրականացվել առողջ մարդկանց կողմից որպես կանխարգելում ստատինների կիրառման վերաբերյալ: Ստատինների նշանակման թիրախային խմբում են հայտնվել 50 տարեկանից մեծ տղամարդիկ և կանայք: Այս արշավի շահառուներն էին դեղագործական 2 խոշոր ընկերություններ, որոնք արտադրում են խոլեստերինի նվազեցման առավել տարածված դեղամիջոցները: Կատարված հետազոտությունից հետո, որը դիաբետի առաջացման մեծ հավանականություն է ցույց տվել, սլաքը հակառակ կողմ ուղղվեց. սկսեցին ստատինների օգուտը լովին բացառել՝ հենվելով դրանց կողմնակի ռեակցիաների ցուցակի վրա: Այս դեպքում ընդդեմ ստատինների արշավի շահառուներ դարձան այն ընկերությունները, որոնք խոլեստերինի նվազեցման չապացուցված արդյունավետությամբ «այլընտրանքային միջոցներ» են արտադրում:
Բժիշկ Նիսենը ենթադրում է, որ խոլեստերինի մակարդակի նվազեցման չապացուցված այլընտրանքային մեթոդների և դեղամիջոցների լայնորեն տարածվող քարոզչությունը սկսվել է 1994 թվականին Առողջության և դիետիկ սնունդի կազմակերպման մասին (DSHEA) օրենքի ընդունումից հետո: Այս դեղամիջոցներն արտադրողները սովորաբար առավելություններն են գովազդում, որոնք երբեք չեն հաստատվել պաշտոնական կլինիկական հետազոտություններով, ինչը և չի պահանջում անել DSHEA-ն:
Ստացվում է, որ սպառողները, որոնց բժիշկները խորհուրդ են տալիս խոլեստերինը նվազեցնել, վերջին շրջանում ավելի հաճախ են դիմում այս «այլընտրանքային մեթոդներին»՝ անտեսելով ստատինների ընդունման արդյունքում հիվանդացածության և մահացության մակարդակի նվազման հրաշալի ցուցանիշները, որոնք շատ լավ փաստաթղթավորված են: Սակայն բժիշկ Սթիվեն Նիսենի բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ ստատինների ընդունման դադարեցումը կամ ընդունման սխեմային չհետևելը կարող է շատ հիվանդների համար մահացու ելք ունենալ:
Բժիշկ Սթիվեն Նիսենն իր մեկնաբանություններում պնդում է, որ բժիշկները պետք է լրատվամիջոցների հետ համատեղ աշխատեն, որպեսզի հանրությանն իրազեկեն ստատիններից հրաժարվելու վտանգավորության մասին: