Աննա Մանիանի. Ամենաիտալական կինը. kinoversus.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննա Մանիանի. Ամենաիտալական կինը. kinoversus.com

«Իմ յուրաքանչյուր խորշոմն իմ կյանքն է։ Ես երբեք չեմ հրաժարվի իմ ոչ մի խորշոմից, քանի որ դրանք ինձ համար չափից դուրս թանկ են»։ Աննա Մանիանի

Անդրադառնալով դասական իտալական կինեմատոգրաֆին և ընդհանրապես համաշխարհային կինոարվեստին՝ անհնար է առաջին հերթին չհիշատակել այն վառ ու փոթորկոտ երևույթը, որը ամբողջ աշխարհը ճանաչում է որպես Աննա Մանիանի: Լսելով այս հանճարեղ դերասանուհու անունը՝ միանգամից պատկերացնում ես կոնտրաստային, բազմամշակույթ Իտալիան՝ իր բոլոր հարստություններով ու թերություններով, իտալական ավանդույթները, զգացմունքային, անմիջական կերպարները և, իհարկե, Իտալիայի սիրտը՝ մայրաքաղաք Հռոմը: Եվ այդ ամենը՝ կինոյում: Հենց սա էր մատուցում Աննա Մանիանին իր տառապած դեմքով, կեղծիքից զուրկ անբռնազբոս էությամբ, բարձրամակարդակ դերասանական խաղով… Իրոք, ինչպես Ֆելինին է ասել, Հռոմը հենց նա էր՝ Մանիանին: Իր առանձնահատուկ կերպարի և կինոյում խաղացած դերերի շնորհիվ նա դարձավ Հռոմի բացահայտ խորհրդանիշներից մեկը և պատմության մեջ ու մարդկանց հիշողություններում մնաց որպես իսկական իտալական կնոջ, իտալուհի մոր վառ օրինակ:


Նա եղել է իտալական նեոռեալիզմի մուսան՝ աշխատելով համաշխարհային կինոյի ամենահայտնի ռեժիսորների հետ՝ Ռոսելինիից մինչև Պազոլինի… Համագործակցում էր նաև ամերիկյան կինոգործիչների հետ: Նա առաջին իտալացի դերասանուհին էր, ով «Օսկար» մրցանակի արժանացավ «Դաջված վարդը» ֆիլմում իր դերի համար: Ի դեպ, պիեսի հեղինակը՝ դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, հենց Մանիանիի համար էր գրել այդ պիեսը, որի հիման վրա նկարահանվել էր ֆիլմը: Իտալացիները նրան կոչում էին Նանարելա, սակայն նա աշխարհին հայտնի է նախևառաջ որպես Մամա Ռոմա։

Աննա Մանիանին ծնվել է 1908թ-ի մարտի 7-ին Հռոմում: Վարկած կար, թե նա իրականում ծնվել էր Ալեքսանդրիայում, և նրա հայրը եգիպտացի էր, իսկ մայրը՝ իտալացի: Սակայն ինքը՝ Աննան, միշտ բոլոր հարցազրույցներում շեշտել է, որ ծնվել է Հռոմում և հորը երբեք չի ճանաչել: Նրա մայրը՝ Մարինա Մանիանին, աշխատում էր որպես դերձակ: Աղջկա ծնվելուց հետո նա ամուսնացել էր մի ավստրիացու հետ և մեկնել Եգիպտոս: Երևի այդ պատճառով էին ոմանք պնդում, թե, իբր, Աննայի հայրը եգիպտացի է, մինչդեռ Աննան երբեք չի իմացել, թե ով է իր կենսաբանական հայրը: Աղջկան իր խնամքի տակ է վերցնում տատիկը։ Այդ ընտանիքում էին նաև Աննայի հինգ մորաքույրները՝ Դորան, Մարիան, Ռինան, Օլգան և Իտալիան: Միակ տղամարդն ընտանիքում նրա մորեղբայրն էր: Աննան շատ զգայուն և նյարդային երեխա էր: Ընտանիքն ապրում էր ծանր պայմաններում, Իտալիայի մայրաքաղաքի աղքատ ու մութ թաղամասերից մեկում: Թերևս, հենց այստեղ էլ ձևավորվել է ապագա դերասանուհու՝ ազգային հերոսուհու գծերով օժտված կերպարը, որն արդարություն և լավ կյանք է փնտրում հասարակության մեջ:

Երբ Աննան ինը տարեկան էր, տատը թոռնուհուն բերում է միանձնուհիների ֆրանսիական քոլեջ, որտեղ, սակայն, աղջիկը երկար չի մնում՝ ընդամենը մի քանի ամիս, իսկ հետո նրան տուն են վերադարձնում: Այնուհետև Աննան դաշնամուր նվագել է սովորում և իր երաժշտական ուսումը շարունակում է մինչև երկրորդ միջնակարգ դպրոց ընդունվելը: Այդ նույն ժամանակ նա մեկնում է Ալեքսանդրիա՝ մորը տեսակցության, բայց ամեն ինչ այնքան էլ հաջող չի ընթանում մոր և դստեր հարաբերություններում: Վերադառնալով՝ Աննան որոշում է թողնել երաժշտական ուսումը և այլ ճանապարհ ընտրել։

1927թ-ին Աննային առանց քննությունների ընդունեցին Էլեոնորա Դուզեի հռոմեական դրամատիկական արվեստի ակադեմիա: Նա սկսեց հաճախել Սիլվիո Դ’Ամիկոյի դերասանական դասընթացներին: Հայտնի է, որ Աննան լավ էր սովորում, և ակադեմիան ավարտելուց հետո նրան ընդունեցին Նիկոդեմի-Վերգանի-Չիմարա դերասանական խմբակ: Հենց այստեղ էլ ամենամանր, էպիզոդիկ դերերից սկիզբ առավ նրա դերասանական կարիերան: 1928թ-ին թատերական խումբը պետք է Արգենտինա մեկներ, սակայն այդ տարին անհաջող էր Աննայի համար: Ավտովթարի զոհ դարձավ տաղանդավոր դաշնակահար Կառլո Ձեկկին, ում հետ Աննան պատրաստվում էր ամուսնանալ: Խմբակը լուծարվեց: Այդ տարի վախճանվեց նաև Աննայի տատիկը, ով մեծացրել էր նրան։

Աննան ընդունվեց իր ռևյուներով հայտնի դարձած Անտոնիո Գանդուզիոյի դերասանական խումբ: Վերջինս նրա համար մուտք բացեց դեպի կինոյի աշխարհ: Իր առաջին էպիզոդիկ դերը Աննան խաղում է 1934թ-ին՝ «Կույրը Սորենտոյից» ֆիլմում: 1935թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի է ունենում Աննայի հարսանիքը: Նա ամուսնանում է իտալացի ռեժիսոր Գոֆրեդո Ալեսանդրինիի հետ: Ամուսնության սկզբնական շրջանը երջանիկ էր: Աննան նույնիսկ չէր փորձում աշխուժորեն զբաղվել իր կարիերայով, քանի որ հաճույք էր ստանում ընտանեկան կյանքից: Բայց հետո Ալեսանդրինին հրապուրվում է այլ կնոջով: Աննայի միակ մխիթարությունը դառնում է աշխատանքը: Դերասան Մասիմո Սերատոյի հետ ունեցած սիրավեպի արդյունքում ծնվում է նրա որդին։

Ամբողջությամբ՝ kinoversus.com