Թերևս, հասարակական գիտակցությունն արժեհամակարգի հիմնային միակ սկզբնաղբյուրն է, որը ձևավորվում է համաճարակային ունակություն ունեցող ամենօրյա արդիականացված պահանջների հոսքով: Եվ մեր ժամանակաշրջանի առկա խնդիրներից շատերը հնարավորություն են տալիս կատարել անդրադարձ մեր ապագա հասարակության հիմքին՝ մեր երեխաներին: Բոլոր բարեփոխումների, նորընտիր արժեքային համակարգի և պահանջների կրողն ու թիրախը մեր փոքրիկներն են:
Յուրաքանչյուր մարդ, ծնվելով՝ անցնում է մի քանի սոցիալականացման կազմավորումների միջով՝ ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, համալսարան և, իհարկե, բաց հասարակություն, որոնցից յուրաքանչյուրը, իր սոցիալականացմանը համապատասխան, ունի որոշակի սկզբունքներ:
Ընտանիքը երեխային տալիս է մի քանի հիմնային արժեքների գիտակցում՝ ապահովություն, պաշտպանվածություն, հոգատարություն, հուզական համակարգի փուլային ձևավորում, հարգանք, սեռային ինքնագիտակցում և էլի շատ ու շատ հոգեբանական հիմք ունեցող անձնային և մարդկային որակներ:
Երկրորդ համակարգը՝ սոցիալական հմտությունների ձեռքբերման փուլն է, որն իրականացվում է և՛ մանկապարտեզում, և՛ ընտանիքում, և՛ զարգացման այլ հաստատություններում: Բայց ամենակարևոր հանգամանքն այն է, թե ինչ սկզբունքով է այն իրականացվում՝ բնականաբար, խաղի: Այս մեթոդիկային շատ տարիքային հոգեբաններ են անդրադարձել՝ Վիգոտցկի, Օբուխովա, քանի որ այն ունի ունիկալ հնարավորություն երեխային կրթելու, զարգացնելու՝ որպես սոցիալական էակի: Այնտեղ կան թե՛ սոցիալական դերերի արծարծում, թե՛ սոցիալական նորմերի ուսուցում, թե՛ անձնային աճ, թե՛ ինքնաիրականացման խթաններ: Հիմա հետաքրքիր հարց է առաջանում ինձ մոտ՝ որպես հոգեբանի, ով աշխատում է երեխաների հետ և ամեն օր բախվում է մայրիկների ձգտմանը՝ իրենց 3-4 տարեկան երեխային տեսնել բացարձակ ինտելեկտուալ հարթության վրա: Սիրելի՛ մայրիկներ, որքանո՞վ է ճիշտ երեխայից խլել հիմնային զարգացման հիմք հանդիսացող մանկությունը, որը դրսևորվում է խաղում, և տալ երեխային ինչ-որ գիտելիքներ, որոնք առանց այդ էլ ուսուցանվելու են այլ սոցիալական համակարգում, և, ամենակարևորը՝ տարիքային համապատասխանությունը հաշվի առնելով: Փորձեք ինքներդ ձեզ հարց տալ. դրանով դուք բավարարում եք ձեր երեխայի ցանկությո՞ւնը, թե՞ հասարակական պահանջը: Ո՞րն է ավելի կարևոր:
Հարցից զատ, եկեք հասկանանք, թե ինչպիսի իրական մթնոլորտ է տիրում մեր մանկական զարգացման կենտրոններում, մանկապարտեզներում, և ինչպիսի պահանջներով ու նախապատվություններով են մայրիկներն ընտրում այդ հաստատությունները: Եվ արդյո՞ք արդարացված են այդ պահանջները՝ երեխայի տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով:
Աշխատելով մի քանի մանկական կենտրոններում, ես մի ընդհանուր օրինաչափություն կարող եմ դուրս բերել՝ կապված մայրիկների պահանջների հետ: Մտնելով նման հաստատություններ՝ հիմնականում ծանոթանում են օրվա ծանրաբեռնվածության հետ, հետաքրքրվում, թե ինչ լեզուներ են ուսուցանվում, ինչ ինտելեկտուալ զարգացման մակարդակ կարող է ապահովվել, ամեն օր տուն վերադառնալիս՝ հարցում է կատարվում՝ ի՞նչ նոր բան են սովորել երեխաները: Նշեմ, որ այդ երեխաները նախադպրոցական տարիքի երեխաներ են՝ 3-6 տարեկան:
Սիրելի՛ մայրիկներ, կամ ապագա մայրիկներ, ովքեր անպայման բախվելու են նման փուլի հետ, երբ երեխան իր տարիքային սոցիալականացման այս փուլն անցնելու համար պետք է հաճախի մանկական որևէ զարգացնող հաստատություն, հնարավորության սահմաններում կփորձեմ Ձեզ ներկայացնել նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման այն հիմնական իմացական բազան, որը պետք է լրացվի այս տարիքում:
Ինչպես արդեն նշեցի, նախադպրոցական տարիքը ենթադրում է 3-6 տարեկան երեխա, ով պետք է ունենա մարդու հոգեկան զարգացման իմացական գործընթացների, այն է՝ հիշողության, մտածողության, երևակայության, մոտորիկայի, սենսորիկայի, ինչպես նաև՝ հուզական ինտելեկտի (երեխան պետք է սովորի տարանջատել հուզական դրսևորումները. ուրախություն, տխրություն, զայրույթ, հիասթափություն, գոհունակություն, ագրեսիվություն և այլն) բազային մոտ զարգացածություն, որպեսզի արդեն պատրաստ լինի ընդունել ճշգրիտ գիտելիքներ: Ծնողի համար առաջնային պահանջ պետք է լինի, որ երեխան սովորի ընդգրկվել խմբի մեջ, սովորի ինքնարտահայտվել, համագործակցել, արտահայտել հույզերը, տրամաբանել՝ առանց հստակ մաթեմատիկական գիտելիքների, սովորի երևակայել՝ խառնելով գույները կամ ծեփելով ինչ-որ կերպարներ, սովորի բռնել գրիչը կամ մատիտը՝ առանց տառեր գրելու և սովորելու հրահանգի: Մատիկները և սենսորիկան զարգացնելու համար կան հիանալի խաղեր և վարժանքներ: Զարգացնի հիշողությունը՝ առանց լեզուների յուրացման: Այս տարիքն ունի իր աշխարհաճանաչման յուրահատուկ ձևը, որը ծնողների պահանջներին և ժամանակաշրջանի մրցակցային ռիթմին չի համապատասխանում: Հարգելի՛ ծնողներ, կոչ եմ անում հաղթահարել սեփական՝ կատարյալ լինելու պահանջը, ազատվել կարծրատիպերից, ազատվել համեմատելու այդ մոլուցքային միտվածությունից և տրվել այն ընթացքին, որով ձեզ կտանի երեխան: Մի՛ վախեցեք, որ նա չորս տարեկանում, չտիրապետելով ռուսերեն կամ անգլերեն լեզվին, կունենա զարգացման խնդիրներ կամ չի ընդունվի հասարակության կողմից, կամ ձեր ընկերուհու փոքրիկից ավելի վատը կլինի:
Հասուն լինելու համար մարդ պետք է ունենա մանկություն: Մանուկ լինելով ենք աստիճանաբար մեծանում: Ուստի եկեք չխլենք երեխաներից իրենց մաՆկությունը՝ համապատասխանեցնելով ինչ-որ սուտ, հնարածին պահանջների: Դուք ինքներդ ստեղծեք այն իրականությունը, որում կապրեք ձեր փոքրիկի հետ ներդաշնակ:
ԿԱՄԻԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հոգեբան