«Կինոն ավելի շատ նման է երաժշտությանը, քան վիպագրությանը»: Սթենլի Կուբրիկ
Երաժիշտ, կինոգետ, The Masters of Cinema նախագծի հիմնադիր Նիք Ռիգլիի այս ուսումնասիրությունը նվիրված է Սթենլի Կուբրիկի սիրելի ֆիլմերի՝ հնարավորինս ամբողջական ցանկի հավաքագրմանը և մեծ ռեժիսորի՝ ֆիլմեր դիտելու սովորության առանձնահատկությունների բացահայտմանը: Ուսումնասիրության շրջանակներում Ռիգլին զրուցել է ռեժիսորի հարազատների, ընկերների, գործընկերների և, առաջին հերթին, Կուբրիկի 4 ֆիլմերի պրոդյուսեր, ռեժիսորի աներորդի և աջ ձեռք Յան Հարլանի հետ: Ուսումնասիրությունը հրատարակել է Բրիտանական կինոինստիտուտը:
Վաղ շրջան
Երիտասարդ Կուբրիկն իր մեկ այլ սիրելի զբաղմունքին՝ շախմատի ամենօրյա պարտիաներին զուգահեռ ջանասիրաբար հաճախում էր Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվող կինոդիտումներին, որտեղ, ի թիվս այլ ֆիլմերի, նա դիտում էր համր կինոյի գլուխգործոցները: Նրա դպրոցական ընկեր Ալեքս Սինգերը հիշում է, թե ինչպես նրանք երկուսով գնացին «Ալեքսանդր Նևսկին» (1938թ) դիտելու, այնուհետև Կուբրիկը շտապեց գնել Պրոկոֆևի երաժշտության սկավառակը և անընդհատ միացնում էր այն, մինչև որ մի անգամ այնպես զայրացրեց քրոջը, որ վերջինս սկավառակը ջարդեց նրա գլխին:
1987թ-ին թերթերից մեկի հետ ունեցած հարցազրույցում Կուբրիկն անդրադարձավ իր կյանքի այդ ժամանակահատվածին.
«Կինոպատկերների իմ ընկալման ձևավորումը կայացավ Ժամանակակից արվեստի թանգարանում, երբ ես դիտում էի Շտրոհեյմ, Գրիֆիթ և Էյզենշտեյն: Այդ արտառոց ֆիլմերն ինձ շշմեցնում էին: Ես, իրոք, սիրահարվել էի այդ ֆիլմերին: Հիշում եմ՝ մտածում էի, որ շատ բան չգիտեմ ֆիլմերի մասին, բայց այնքան շատ եմ վատ ֆիլմեր դիտել, ու ինքս ինձ ասում էի. «Չնայած ես ոչինչ չգիտեմ, բայց չեմ հավատում, որ ի վիճակի չեմ գոնե այս որակի ֆիլմեր նկարել»:
Մեզ հայտնի միակ Թոփ-10 ցանկը, որ Կուբրիկը կազմել է երբևէ, ամերիկյան նորահայտ Cinema ամսագրին 1963թ-ին տրամադրված հետևյալ ցանկն է.
1. «Մամայի բալիկները» (Ֆեդերիկո Ֆելինի, 1953թ)
2. «Մորու բացատը» (Ինգմար Բերգման, 1957թ)
3. «Քաղաքացի Քեյնը» (Օրսոն Ուելս, 1941թ)
4.«Սիեռա Մադրեի գանձերը» (Ջոն Հյուսթոն, 1948թ)
5. «Մեծ քաղաքի լույսերը» (Չառլզ Չապլին, 1931թ)
6. «Հենրի 5-րդ» (Լոուրենս Օլիվիե, 1944թ)
7. «Գիշեր» (Միքելանջելո Անտոնիոնի, 1961թ)
8. «Բանկային խուզարկուն» (Էդվարդ Ֆ. Քլայն, 1940թ)
9. «Ռոքսի Հարթ» (Ուիլյամ Ուելման, 1942թ)
10. «Դժոխքի հրեշտակները» (Հովարդ Հյուզ, 1930թ)
Յան Հարլանն ասում է. «Տարիներ անց Սթենլին պետք է որ վերանայեր այս ցանկը. չնայած «Մորու բացատը», «Քաղաքացի Քեյնը», «Մեծ քաղաքի լույսերը» հաստատ կմնային, բայց նա Քենեթ Բրանայի «Հենրի 5-րդն» ավելի բարձր էր գնահատում, քան Օլիվիեի հին և հնաոճ տարբերակը»: Հետաքրքիր է, թե որքան շատ նշանավոր ռեժիսորներ են իրենց սիրելի ֆիլմերի ցանկերում ընդգրկել «Մեծ քաղաքի լույսերը»՝ Բերտոլուչի, Բրեսոն, Ֆորման, Կուբրիկ, Դևիդ Լին, Քերոլ Ռիդ, Տարկովսկի, Քինգ Վիդոր, Օրսոն Ուելս… Բոլորի ցանկերում այն կա:
Կուբրիկին նվիրված իր մենագրությունում Միշել Սիմանը մատնանշում է այն փաստը, որ 1963թ-ի ցանկում բացակայում են Մաքս Օֆյուլսն ու Էլիա Կազանը: «Կայե դյու սինեմային» 1957թ-ին տրված հարցազրույցում Կուբրիկն ասել է. «Բոլորից բարձր ես կգնահատեի Մաքս Օֆյուլսին, ով, ըստ իս, տիրապետում էր բոլոր հնարավոր որակներին: Նա լավ սյուժեներ գտնելու բացառիկ հոտառություն ուներ և դրանցից ստանում էր առավելագույնը: Նա նաև հրաշալի էր ղեկավարում դերասաններին»:
1957թ-ին Կուբրիկն անդրադարձել է նաև Կազանին. «… անկասկած՝ Ամերիկայի լավագույն ռեժիսորն է: Եվ նա ունակ է հրաշքներ գործել այն դերասաններով, ում հետ այդ պահին աշխատում է»:
1960-ականներին Կուբրիկն ասել է. «Ես հավատում եմ, որ Բերգմանը, դե Սիկան և Ֆելինին աշխարհում միակ ռեժիսորներն են, ովքեր պարզապես օպորտունիստներ չեն: Նկատի ունեմ, որ նրանք չեն նստում և սպասում, որ մի լավ պատմություն կհայտնվի, ու իրենք կնկարահանեն այն: Նրանք ունեն տեսակետ, որը նորից ու նորից արտահայտվում է նրանց ֆիլմերում, և նրանք իրենք են գրում կամ ունեն հենց իրենց համար գրված օրիգինալ նյութ»:
Մեկ այլ բացառիկ մեկնաբանություն, այս անգամ՝ 1966թ-ից. «Կան շատ քիչ ռեժիսորներ, ում մասին կարելի է ասել, որ ինքնաբերաբար պարտավոր ես դիտել այն ամենը, ինչ նրանք ստեղծում են: Իմ առաջին ցանկի վերևում ես կնշեի Ֆելինիին, Բերգմանին և Դևիդ Լինին, իսկ հաջորդ մակարդակի վերևում կնշեի Տրյուֆոյին»:
Կուբրիկը հազվադեպ էր բացահայտ քննարկում այլ կինոգործիչներին, ուստի՝ այս մի քանի անգամները արժե հիշատակել: Չապլինի մասին. «Եթե էկրանի վրա ինչ-որ բան է տեղի ունենում, էական չէ, թե ինչպես է դա նկարահանվել: Չապլինի կինեմատոգրաֆիական ոճն այնքա՜ն պարզ է, բայց, միևնույն ժամանակ, մենք միշտ հիպնոսացած նայում ենք էկրանին՝ առանց մտածելու ոչ կինեմատոգրաֆիական ոճի մասին: Նա հաճախ էր օգտագործում էժանագին պարագաներ, հնացած լուսավորություն և այլն, բայց նա մեծ ֆիլմեր էր ստեղծում: Նրա ֆիլմերը հավանաբար ավելի երկար կապրեն, քան որևէ մեկինը»:
Ամբողջությամբ՝ kinoversus.com