Շատ ֆրանսուհիների հաջողվում է աղջկական բարեկազմությունը պահպանել 40 և նույնիսկ 50 տարեկանից հետո: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:
Հեշտությամբ հրաժարվում են նախաճաշից
Առավոտյան ֆրանսուհին ավելի շուտ բավականին երկար ժամանակ կտրամադրի տվյալ օրվա իր հագուստի ընտրությանը, քան թե լիարժեք նախաճաշ կպատրաստի: Նրանց ողջ նախաճաշային զինանոցը հիմնականում մի գավաթ սուրճն ու մի կտոր ֆրանսիական հացն են: Աշխատավայրում նույնպես սրճային արարողությունը կրկնվում է մի քանի անգամ, ընդ որում` առանց քաղցրի, բուլկեղենի կամ բուտերբրոդների:
Ճաշին նախընտրում են աղցաններ և բանջարեղեն
Հաճախ աշխատող ֆրանսիացիները ճաշում են սրճարանում և սովորաբար պատվիրում բուսական աղցաններ և գրիլ արած բանջարեղեն, և, եթե անգամ մի փոքր կտոր ձկան կամ հավի միս և կամ այծի պանիր էլ լինի ճաշացանկում, միևնույն է, կկորչի ռուկկոլայի, ռեհանի կամ այլ բուսատեսակի շրշյունի մեջ:
Կարելի է կարծել, որ ֆրանսուհիները շատ են ուտում ալյուրից պատրաստված սննդամթերք. Չէ՞ որ ցանկացած ռեստորանում ճաշից առաջ անվճար բերում են մի զամբյուղ թարմ թխված սպիտակ հաց, կարագ և ջուր: Սակայն դա միայն թվում է. ճաշից առաջ ֆրանսուհին իսկապես մի կտոր հաց կկտրի, վրան կարագ կքսի, սակայն կկծի 1-2 անգամ ընդամենը: Ճաշի ժամանակ նա հացը կվերցնի, կպտտի իր ձեռքում, կփշրի, կխաղա, բայց չի ուտի այն: Դրա փոխարեն՝ հաճույքով 2 -3 բաժակ ջուր կխմի:
Սննդին հատկացնում են խիստ որոշակի քանակի գումար
«- Տիկին, մենք գառան ընտիր, թարմ ազդր ունենք. Չէի՞ք ցանկանա վերցնել:
– Օյ, ես մեծ հաճույքով կվերցնեի, սակայն իմ գումարը կբավականացնի միայն ռատատույի և մի քիչ ձկան համար»:
Այսպիսի երկխոսություն մատուցողի և հաճախորդի միջև հաճախ կարող եք լսել գրասենյակներով շրջապատված ֆրանսիական ռեստորաններում: Եվ կապ չունի, որ հաճախորդի եկամուտը կարող է նրան թույլ տալ լավագույն ռեստորանի լավագույն ճաշացանկից օգտվել: Ավելին, ընդմիջման գնալիս ֆրանսուհին իր դրամապանակը չի վերցնի, այլ խիստ որոշակի գումար, սովորաբար՝ ոչ շատ մեծ: Եթե աղցաններն ու տաք ուտեստները թանկ արժենան, նա կպատվիրի նախուտեստ: Կարևորը, որ չի անցնի ճաշի համար նախատեսած գումարի սահմաններից:
Մաշեցնում են կերած կալորիաները
Եթե իր կարծիքով՝ նախօրեին պետք եղածից ավելի է կերել ու հավաքել ավելորդ կալորիաներ, ապա ֆրանսուհին հաջորդ 2 օրերին իրեն կզրկի ընթրիքից: Նրանցից շատերը հատուկ նոթատետրեր ունեն, ուր անում են իրենց օրական ճաշացանկի կալորիականության մասին նշումներ: Եթե աշխատավայրի ճաշարանում ֆրանսուհին դժկամորեն է նայում իր ափսեի միջի բանջարեղենին և հրաժարվում է երեկույթից, բոլորը հասկանում են, որ պայմանականորեն Մադլենը վերացնում է երեկվա խոզի միսը, ասենք:
Օրվա մեջ հաճախ են ուտում սեզոնային մրգեր
Աշխատավայրում օրվա մեջ ժամանակ առ ժամանակ ֆրանսուհիներն ուտում են սեզոնային մրգեր` նեկտարին, խնձոր, տանձ կամ մի այլ տեսակի միրգ, բայց անպայման՝ տվյալ սեզոնին բնորոշ:
Երեկույթների ընթացքում քիչ են ուտում
Կիսամութ սրահ, բաց պատշգամբներ և մի քանի արկղ գինի. Ֆրանսիական ձևով երեկույթն այս տեսքն ունի: Սնունդն իսպառ բացակայում է, և սրա բացատրությունն այն է, որ իրենք հավաքվել են միմյանց հետ շփվելու և ուրախ ժամանակ անցկացնելու, այլ ոչ թե՝ ստամոքսները լցնելու համար: Սա համընդհանուր թեզիս է: Իսկ գինու յուրաքանչյուր գավաթից հետո սովորաբար խմում են մի քանի բաժակ ջուր:
Հրաժարվում են աղանդերից
Ֆրանսիացիների ստեղծած համեղ խմորեղենները զբոսաշրջիկների և օտարերկրացիների համար են: Իրական ֆրանսուհիներն անտարբեր են աղանդերի նկատմամբ, այն էլ` հիմնական, գլխավոր ճաշատեսակից հետո: Այդ պատճառով է, որ ֆրանսիական ռեստորաններում աղանդերային ճաշացանկը բերվում է միայն հաճախորդի խնդրանքով:
Ճաշի սեղանի շուրջ շատ են խոսում
Ֆրանսուհիների չգրված կանոններից է՝ ուտել դանդաղ` վայելելով կերակուրը: Եվ ամեն կերած կտորից հետո անպայման ինչ-որ թեմա քննարկել. Եղանակային խնդիրներ, ընտրություններ, ընդհանուր ընկերոջ առողջություն, և այլն. Էական չէ, թե ինչ: Երբեմն սնունդը միայն առիթ է իսկապես կարևոր շատ խնդիրների քննարկման համար, լինի դա ծառայողական աստիճանակարգով առաջխաղացման հարց թե հարուստ բարեկամի թողած ժառանգության խնդիր:
Շատ են քայլում
Ֆրանսուհիները կարծում են, որ հարազատ քաղաքի բոլոր փողոցները, անգամ՝ ամենանեղ ու նրբանցքայինները, պետք է անթերի իմանալ: Վերերկրյա տրանսպորտից օգտվելը սովորաբար զբոսաշրջիկների կամ նրանց մենաշնորհն է, ովքեր վատառողջ լինելու պատճառով աշխատավայրից տուն ոտքով հասնել ի վիճակի չեն: Շատերը պատրաստ են տնից դուրս գալ աշխատանքը սկսվելուց 1.5-2 ժամ շուտ, միայն թե՝ ոտքով, հարևաններին ու ծանոթներին բարևելով՝ հասնեն աշխատավայր: Շատ ֆրանսուհիներ օգտվում են մետրոյից միայն այն ժամանակ, երբ անձրև է գալիս: Նրանք կարծում են, որ բարեկազմ մարմին ունենալու համար օրական 10 000 քայլ պիտի կատարես:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը