Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Մաթևոսյանը գրում է.
«Երեկ ընտանիքիս հետ Հայաստան էի վերադառնում Հարավկովկասյան երկաթուղու Բաթումի-Երեւան երթուղով։
Մեր վագոնում (մյուսների մասին չգիտեմ) օդորակիչը չէր աշխատում, չնայած՝ տոմսն առնելիս հավաստիացրել էին, որ ներսում զով է։ Եվ մենք (ու կարծում եմ բոլորն էլ) ընտրել էինք գնացքով ճամփորդելու տարբերակը, որպեսզի ավելի հարմարավետ լինի եւ վճարել էին, բնականաբար, ավելի շատ։
Թվում էր՝ դժոխքում եմ։ Այդ փակ տարածքում ջերմաստիճանը 50-ի մոտ էր՝ Ցելսիուսի սանդղակով հաշվարկված, երեխաները անընդհատ լացում էին։ Ես՝ ինքս 1,5 եւ 3 տարեկան երեխաների հետ էի։ Հիշում եմ՝ մի երեխա մոտ 3 ժամ անընդհատ լացում էր, մինչեւ ուժասպառ լինելուց քնեց։ Ասեմ, որ գնացքից հիմնականում օգտվում են փոքր երեխաներ ունեցող ընտանիքները՝ հարմարավետության ակնկալիքով։ Ամենուր քրտինքի եւ, կներեք, ոտքերի հոտ էր։
Այսինքն՝ ավտոբուսով նստած չերթեւեկելու փոխարեն մոտ 15 ժամ եկել ենք կանգնած՝ երեխաներին գրկած փոքրիկ պատուհանների մոտ, որոնց թիվը 2-3-ն էին վագոնում։
Այսինքն՝ ընկերությունը չունի ոչ մի այլընտրանքային տարբերակ՝ մտածված նման վթարների դեպքում։
Այդպես էլ ոչ ոք ընկերության անունից ներեղություն չխնդրեց՝ պատճառած անհարմարության համար։ Իսկ ամենավատը, որ որոշ ուղեւորներ ասում էին, թե ինչ կարիք կա բողոքելու, քանի որ ամեն ինչ անիմաստ է, էս ազգի գլխին ամեն ինչ կարող են անել, մի ուղեւոր, որ նույնպես երեխայի հետ էր, ասաց, թե չի բողոքում, քանի որ շուտով Գյումրիում իջնելու է։ Հետաքրքիր տրամաբանություն։
Մնացած չափահաս ուղեւորներով՝ թվով 18 հոգի, ստորագրություն հավաքեցինք, որով պատրաստվում ենք դիմել ընկերության տնօրինությանը։ Կարծում եմ՝ մեր վագոնից ոչ ոք այլեւս Հայաստանում չի նստի գնացք, բայց եւ խնդիրն անտեսել անկարելի է»։