Մամուլի հրապարակումների համաձայն՝ սահմանին այսուհետ է հնարավոր ստանալ ելքի վիզան: armeniasputnik.am-ի հետ զրույցում Մնացական Բիչախչյանը տեղեկացրեց, որ տեղեկատվության այսպիսի ընկալումը թյուրիմացություն է, որովհետև նշված կարգը գործում է արդեն երեք տարի: Ամեն տարի մեծ թվով քաղաքացիներ հենց այդպես են ստանում հանրապետությունից դուրս գալու իրավունքը:
«Այսպիսի հիշեցումներ արվում են տարին մի քանի անգամ: Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել հին նմուշի անձնագրով և չի դիմել այսպես ասենք, ելքի վիզա կամ թույլտվություն ստանալու, իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար: Թե՛ օդանավակայանում, թե՛ սահմանային մյուս անցակետերում այդ գործողության համար պարզապես պետք է վճարել ավելի շատ»,– հիշեցնում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Ի տարբերություն անձնագրային ծառայություն դիմելու, այս դեպքում, բացի յուրաքանչյուր տարվա համար 1.000- ական դրամ պետտուրք վճարելուց, գանձվում է նաև միանվագ 10.000 դրամ, անկախ վավերականության նշում կատարելու տարիների քանակի: Իսկ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ: Զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` դա հավաստող փաստաթուղթն է պետք ներկայացնել:
Բոլորովին վերջերս կառավարությունը որոշեց՝ հին անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվի: Արդեն այսօրվանից չի գործում հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարով երկարաձգելու դրույթը:
Մնացական Բիչախչյանը, սակայն, նկատառում ունի՝ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ երկարաձգել են անձնագրերի ժամկետները, կարող են հանգիստ լինել, դրանք ուժը չեն կորցնի: