Հոգեբան Միհրդատ Մադաթյանի համոզմամբ՝ բռնությունը ծնողի ինքնաբավարարումն է, այլ ոչ թե՝ երեխայի համար արված մի բան: Երեխայի դաստիարակության իմաստը նրա հետ վարվելու հետ է կապված, բռնությունը դաստիարակության հետ ոչ մի կապ չունի:
«Դաստիարակության իմաստը երեխայի հետ վարվելն է, նրան ընկալել՝ որպես մարդ, ու պետք է փոքր տարիքից փորձել նրա հետ վարվել այդ կերպ»,- նշեց մասնագետը:
Հոգեբանի պնդմամբ՝ լինում են փուլեր, երբ երեխան լավ չի կողմնորոշվում, թե ինչ անի, և ծնողի գործառույթներից մեկն էլ հենց ուղղորդումն է, իսկ ուղղորդել կարելի է բացատրելու, միասին մտածելու միջոցով, ոչ թե՝ անբացատրելի արգելքների:
Նրա խոսքով՝ փոքր տարիքից ծնողները երեխայի հետ վարվում են որոշակի արգելքներ դնելով՝ ասելով՝ «մի արա», բայց երեխան չի հասկանում՝ ինչ չանի, իսկ ծնողներն էլ չեն տալիս այն տարբերակը, թե ինչ պետք է անի:
«Այդ արգելքը երեխային բերում է ինչ-որ թյուրիմացական վիճակի, երեխային ասված «մի արան» սովորաբար ուղղորդվում է ավելի շատ «անելով»»,- ասաց բանախոսը:
Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ ժամանակակից երեխաներն անկառավարելի ու ագրեսիվ չեն, պարզապես ճիշտ մոտեցում է պետք: Նրա խոսքով՝ պետք է երեխայի ակտիվությունը ճիշտ կառավարել ու ուղղորդել: Եթե դաստիարակը կամ ծնողը չի կարողանում դա անել, դա իր խնդիրն է, ոչ թե երեխայի: Հոգեբանը նշեց, որ երեխաները լավն են, ավելի ազատ մտածող, անձնապես կայացած են ու արտահայտվող, քան իրենց սերնդի երեխաները:
«Ոչ մի դեպքում չի կարելի ծեծել: Ոչ մի դեպքում ծեծը դաստիարակության մեջ դրական դեր չի կարող խաղալ: Դրական կլինի բացատրելը, ինչը շատ ժամանակատար է: Ծնողը, իր էգոիզմից ելնելով, խուսափելով այդ ժամանակատար աշխատանքից՝ վերցնում է և երեխայի վզին խփում՝ համարելով, որ հարցը լուծվեց, բայց չի հասկանում, որ դրանով կորցնում է սահմանը»,- ասաց հոգեբանը:
Անի Թորոսյան