«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը դարձյալ վերադառնում է հանրային օրակարգ: Նախաձեռնողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է, ով օգոստոսի 3-ին կառավարության նիստին ներկայացրել էր օրինագծին կրկին անդրադառնալու հիմնավորումը: Այն չզեկուցվող հարցերի շարքում էր:
Նախարար Ալթունյանը հիմնավորման մեջ նշել էր, որ օրինագծի ընդունմանը խոչընդոտել էր հանրության շրջանում ստեղծված բացասական կարծիքը, ինչպեսև սպառողների իրազեկման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքը: Իսկ այդ կարծիքի վրա ազդելու գործուն միջոցառումներ իրականացնելու համար նախարարությունը հնարավորություն չէր ունեցել: Բացասական կարծիքը փոխելու ուղղությամբ առաջիկա երկու տարիներին ԱՆ-ն իրականացնելու է հանրային իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ հանրային և մասնագիտական քննարկումներ:
Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանի կարծիքով՝ նախարարարությունը, հավանաբար, գործի է դնելու պաշտոնյա մասնագետներին՝ լրատվության միջոցով ժողովրդին համոզելու համար, որ այդ ծրագիրը չափազանց օգտակար և անհրաժեշտ է, հետազոտություն կանեն և սակավարյունության շատ մեծ թվեր կնկարեն: «Միակողմանի տրված ինֆորմացիայի միջոցով անվնասության միֆ կձգտեն ստեղծել, ինչպես պատվաստումների դեպքում են անում: Օրինակ՝ որոշել են 13 տարեկաններին պապիլոմայի դեմ պատվաստում մտցնել, կիսաճշմարտություններ են հայտարարում, իբր պաշտպանություն է ապահովում քաղցկեղի որոշ տեսակի դեմ, բայց չեն խոսում բազմաթիվ ռիսկերի, պատվաստանյութի վատ հետազոտված լինելու, պատվաստվածների մահացության և այլնի մասին»,- նշում է Ա. Կարապետյանը, ապա հավելում, որ մինչ օրս այդպես էլ չհաջողվեց լուծել հղի կանանց 5 մգ ֆոլաթթու նշանակելու հարցը: Ըստ նրա՝ ոչ ոք չգիտի, թե ինչու են այդ «փղի դոզան նշանակում, եթե ազգային չափորոշիչով և ԱՀԿ ուղեցույցով 0,4 մգ է խորհուրդ տրվում»:
Ինչ վերաբերում է ալյուրի հարստացմանը, կենսաֆիզիկոսի կարծիքով, FFI-ի կողմից (Food Fortification Initiative – Սննդի հարստացման նախաձեռնություն), որը ծրագիրը համաշխարհային մակարդակով իրականացնողն է ճնշում կա ԱՆ-ի վրա, կամ էլ տրվել են ինչ-որ խոստումներ: «Անձամբ իմ կարծիքն այն է, որ հետազոտություններ և պրոպագանդա անելու համար պարզապես փողեր են ուզում ստանալ միջազգայիններից, պարտադիր ֆորտիֆիկացումը հակասում է ԵԱՏՄ միջպետական կանոնակարգին: Վտանգավորն այն է, որ կարող են զարտուղի ճանապարհներ գտնել, շահագրգռել մեծ ալրաղացներին, որ կամավոր ֆորտիֆիկացնեն: Կարող են անել և նույնիսկ չմակնշել: Լրիվ անտերություն է ոլորտում, ո՞վ չգիտի»,- նշում է Աշոտ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 13-ին կառավարությունը հավանություն է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին): Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով (ըստ ԱՆ-ի՝ երկաթով ու ֆոլաթթվով): Մեր երկրում ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը (FFI նախաձեռնության առաջամարտիկներից է), որը հայտնել էր, թե անվճար կտրամադրի սարքավորումներ, մեդոթաբանական գիտելիքներ:
Ամբողջությամբ՝ hetq.am