Բուժիչ նամակներ
Դափնին (Laurus nobilis) Երկիր մոլորակի հնագույն բույսերից մեկն է, մշտադալար ծառ է կամ թուփ։ Հայրենիքը հավանաբար Փոքր Ասիան է, բնության մեջ հանդիպում է նաև Միջերկրական ծովի արևադարձային ափամերձ գոտիներում։ Մշակվում է Ղրիմում և Այսրկովկասում։
Հնագույն ժամանակներից համարվել է փառքի և հաղթանակի խորհրդանիշ։ Դափնու ճյուղերից պատրաստված պսակներով պարգևատրում են հաղթանակած մարզիկներին. Արվեստի և գիտության ասպարեզում աչքի ընկած մարդկանց շնորհում են «Լաուրեատի»=դափնեկրի կոչում, օրինակ` Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Տերևաթաղանթը կաշվեպատ է, կոթունը` կարճ։ Բաց կանաչավուն մանր ծաղիկների փնջիկներն աճում են տերևածոցերում։ Պտուղը մուգ կապույտ կորիզապտուղ է։
Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, խեժ, օրգանական թթուներ, տանին, կատեխին, ֆլավոններ, անտոցիաններ։
Տերևից և պտղից ստացված պատրաստուկներն ունեն ախտահանող, գույները հեռացնող, շաքարի բաղադրությունն իջեցնող, ցավազրկող, քրտնարտադրությունը խթանող, ցավազրկող, հանգստացնող հատկություն։ Եթերային յուղն ունի հակաբակտերիալ, հակավարակային և հակասնկային հատկություններ։
Հնուց հայտնի է եղել հայ բուժարարներին, Ա. Ամասիացին գրել է. «Կասլայը (դափնի) օժտված է տարրալուծվող հատկությամբ, օգնում է նյարդերի հիվանդությունների, անդամալուծության, դեմքի ծռվածության, ճաղատության դեպքում, նպաստում է մազերի աճին։ Օգտակար է շնչահեղձության ժամանակ, տարրալուծում է քարերը և բուժում է միզապարկի բոլոր հիվանդությունները, բացում է լյարդի և փայծաղի խցանումները։ Օգնում է ջրգողության դեպքում, սպանում է փորի ճիճուներին, դաշտան է առաջացնում, ներծծում է ուռուցքները։ Լավ հակաթույն է։ Օգնում է նստանյարդի հիվանդությունների, ոսկրացավի դեպքում։
Դափնու ծառի բնափայտից եթե մի փոքր կտոր կապեն նորածնի օրորոցին, նա հանգիստ կքնի։
Դափնու տերևների ու քացախի եփուկի ջուրը եթե պահեն բերանում, ատամի ցավը կկտրվի»։
Զգուշացում։ Դափնու պատրաստուկներն ունեն կապող հատկություն, փորկապությունից խուսափելու համար բուժման ընթացքում հարստացրեք ձեր սննդակարգը թաղանթանյութ պարունակող բանջարեղեններով` դդում, սև սալոր, գազար, բազուկ և այլն։
Դափնու տերևի պատրաստուկները խստորեն հակացուցված են լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային, լեղաքարային հիվանդությունների սրացման շրջանում։
Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված և օգտագործման չափաքանակները։ Այլ կերպ կարող եք վնաս պատճառել աղեստամոքսային համակարգին և միզուղիներին։
Ռևմատիզմ. Մանրացրած դափնու տերևներով լցրեք ապակե տարայի կեսը, ավելացրեք տաքացրած բուսայուղ, 10 օր թրմեք տաք տեղում, քամեք։ Յուղամզվածքով մերսեք հիվանդ հոդերը։
Մեջքի ցավ. Թարմ 10-12 միջին դափնետերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 30 րոպե (փակ վիճակում)։ Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ։ Շարունակեք հինգ օր, ընդմիջեք 10 օր։
Վնասվածք, կոտրվածք. Մանրացրած դափնետերևը, 100 գրամ հումքը 10-12 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում։ Քամեք։ Օգտագործեք շփումների համար։
- Ոգեթուրմի ջրային լուծույթով (1։20) կատարեք ողողումներ ստոմատիտի դեպքում։
Օստեոխոնդրոզ. Մանրացրեք և խառնեք դափնու 20 հատ, հապալասի (Vaccinium) 1 ճ/գ տերևները, 2 ճ/գ մեղրախոտ (stevia)։ Հումքը 4 ժամ թրմեք 500 մլ ջրում` ջերմապահում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, ընդմիջեք 10 օր։
Արթրիտ. Դափնու մանրացրած 5 տերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, 5 րոպե եփեք, 4-5 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք, փոքր չափաբաժիններով խմեք օրվա ընթացքում։
Շարունակեք 3 օր, ընդմիջեք 10 օր և կրկնեք։ Բուժման ընթացքում պահպանեք համապատասխան սննդակարգ։
Քրոնիկ խոլեցիստիտ, լեղաքարային հիվանդություն. 10 չոր դափնետերևն աղացեք սրճաղացով, ավելացրեք 200 մլ տաքացրած բուսայուղ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Մեկ շաբաթ թրմեք մութ, տաք տեղում։ Խմեք տասական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, միաժամանակ խմեք որևիցե լեղամուղ թուրմ։ Միջոցն օգտագործեք հիվանդ հոդերի մերսման համար։
Անգինա. Մանրացրեք 5 դափնետերև, լցրեք 500 մլ եռջրի մեջ, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք, կատարեք ողողումներ։
Ականջի բորբոքում. 2 ճ/գ մանրացրած դափնետերևը 2 ժամ թրմեք տաք տեղում, 200 մլ եռջրի մջ։ Ականջից արտադրության դեպքում մաքրեք անցուղիները և կաթեցրեք 2-3 կաթիլ թուրմ, որից հետո ծածկեք բամբակե խծուծով։ Կատարեք քնելուց առաջ։
Այրոցք. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դափնետերև (ծաղկման շրջանում հավաքած) և խնկածաղկի խոտը։ Հումքի 1 թ/գ-ն 20-30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 1-2 անգամ։
Քրտնարտադրություն. 20-30 հատ դափնետերևը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ոտքերի լոգանք (քսեք թևատակերին)։ Չխմեք։
- Թուրմով ցայեք մազերը մազաթափության և թեփոտման դեպքում։
Դիմադրողականությունը բարձրացնող. 2-3 մանրացրած դափնետերևը 3 ժամ թրմեք ջերմապահում 100 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 2-3 օր։ Կարող եք կրկնել 15 օրից ոչ շուտ։
Բրոնխիտ. 200 մլ սառը ջրի մեջ լցրեք 3 մանրացրած դափնետերև, մեկ երրորդ թ/գ կերակրի սոդա։ Դրեք կրակին և պահեք այնքան ժամանակ, մինչև եռա, որից հետո թուլացրեք կրակը, թողեք եփվի ևս 30 րոպե, երբ գոլանա` քամեք և լուծեք թուրմի մեջ 1 ճ/գ մեղր։ Խմեք 1-2 թ/գ` ուտելուց 30 րոպե առաջ։
* Շաքարային դիաբետ. Դափնու 5 տերևը 2-3 ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:
Ջուլիետա Սահակյան
168.am