Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է. aysor.am

90-ականներին Սամվել Երվինյանի ջութակի ելևէջները գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում էին հնչում, ու դժվար չէր կռահել, որ մի օր այդ հնչյունները օտարների պատուհաններից են ներս մտնելու: Նրա կատարողականությունն անտարբեր չթողեց աշխարհահռչակ երաժիշտ Յաննիին, և արդեն շուրջ 15 տարի հայ վիրտուոզն իր կարևոր տեղն ունի Յաննիի խմբում:

Aysor.am-ի զրուցակիցը Սամվել Երվինյանն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող ու ստեղծագործող երաժիշտն այս ամառը որոշել է անցկացնել հայրենիքում՝ ծնողների ու հարազատների միջավայրում: Հայաստան է եկել օգոստոսի 15-ին, կմեկնի սեպտեմբերի 20-ին:

Պարոն Երվինյան, հայաստանյան այս այցելությունը գործնակա՞ն, թե՞ անձնական բնույթ է կրում:

– Այս անգամ հայրենիք այցելությունս անձնական պատճառներ ունի. շատ էի կարոտել ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս: Իհարկե, կարոտս մեծ էր նաև հայրենիքիս նկատմամբ:

Վերջին անգամ ե՞րբ եք Երևանում եղել: Շա՞տ է փոխվել մեր քաղաքը:

– Ուղիղ մեկ տարի առաջ եմ այստեղ եղել: Այս ընթացքում իմ սիրելի քաղաքը գրեթե չի փոխվել: Գիտեք, շատ կցանկանայի, որ Երևանը մաքուր լիներ: Հատկապես կենտրոնը, քանի որ ես քաղաքի գրեթե կենտրոնում եմ ծնվել: Մեր մայրաքաղաքը՝ Երևանն արժանի է, որ իրեն մաքուր պահեն ու փայփայեն:

Ձեր՝ այստեղ գտնվելու մասին համացանցից տեղեկացանք. օրերս բոլորը գրում ու խոսում էին, որ երևանյան խանութներից մեկում հաճախորդների փոխարեն դուք եք վճարել: Թեև համագործակցում եք համաշխարհային ճանաչում ունեցող Յանիի խմբի հետ, ինքներդ էլ մեծ ճանաչում ունեք, սակայն Հայաստանում շատերը կարող են Ձեր բարեգործական քայլը որպես փիար միջոց համարել: Իրականում, ինչո՞ւ նման ցանկություն առաջացավ: Հեշտությա՞մ համաձայնվեցին, որ իրենց փոխարեն վճարեք:

– Չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, կմտածեն, թե ես դա փիարի համար եմ արել: Պարզապես այդ պահին լավ, բարձր տրամադրություն ունեի: Այդ մարդիկ դժվարությամբ համաձայնվեցին: Չէ՞ որ հայերը հպարտ ազգ են…

Նման քայլերի հաճա՞խ եք դիմում:

– Ամբողջ կյանքում:

Հայաստան այցելելիս որտե՞ղ եք բնակվում: Ձեր տունը պահպանվե՞լ է, թե՞ վաճառել եք: Ունե՞ք այստեղ հարազատներ:

– Իմ տունը պահպանվել է, բայց ես գալուց ծնողներիս մոտ եմ մնում: Իմ բոլոր հարազատները Հայաստանում են: Բայց ընկերներս՝ ոչ թե երկրպագուներս, այլ հենց ընկերներս, ամբողջ աշխարհում են սփռված: Շատ-շատ են նաև հայ ընկերներս, որոնց անունները չեմ թվարկի, քանի որ ժամանակը չի բավականացնի (ժպտում է՝ հեղ.):

Հաճա՞խ եք Երևան գալիս:

– Առաջին իսկ հնարավորության դեպքում:

Այս անգամ ովքե՞ր են Ձեզ ուղեկցում, ընտանիքի հե՞տ եք եկել:

– Ո՛չ, այս անգամ մենակ եմ եկել, քանի որ երեխաներիս դասերը օգոստոսի 14-ից սկսվել են:

Քանի՞ երեխա ունեք, հետևո՞ւմ են հայրիկի ճանապարհին:

– Երկու որդի ունեմ, ավագ տղաս Լաս Վեգասի համալսարանում է սովորում, հարվածային գործիքների վրա է նվագում: Իմ վերջին ալբոմում նա է բոլոր հարվածային գործիքների նվագողը: Կրտսերս միջնակարգ դպրոցում է սովորում: Երկուսն էլ գերազանցիկներ են:

Ձեր կինը և՞ս երաժիշտ է:

– Այո՛, միասին սովորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում էլ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

Բնակվում եք ԱՄՆում: Հատկապես նոր սերնդին հետաքրքիր կլինի՝ ե՞րբ և ի՞նչը արդեն իսկ սիրված ու ճանաչված երաժիշտին տարավ Հայաստանից:

– Ես ընտանիքիս հետ Ամերիկա մեկնեցի 2002 թվականին: Մինչ այդ երեք անգամ եղել էի այնտեղ, բայց մենակ: Հայաստանն իմ կարիերայի համար արդեն «փոքր» էր: Ներեցեք անհամեստությանս համար, բայց ինչպես հին առակում է ասվում՝ «Большому кораблю большое плавание» (ժպտում է՝ հեղ.):

Բացի Յաննիի հետ համագործակցելուց, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք այդտեղ:

– Անկեղծ ասած, Յաննիի հետ ես շատ զբաղված եմ, բայց միշտ էլ փորձում եմ ժամանակ գտնել և՛ ընտանիքիս, և՛ անհատական գործունեությանս համար: Աշխատում եմ իմ նախագծերի վրա: Ներկա պահին զուգահեռաբար երկու ալբոմ եմ ձայնագրում: Նրանցից մեկում բազմաժանր ստեղծագործություններ են, այդ թվում նաև իմ աշխատանքները: Երկրորդ ալբոմը դասական երաժշտության սիրահարների համար է, այնտեղ ներկայացնում եմ Բախ, Գլյուկ, Մոցարտ, Պագանինի, Պաբլո Սարասատե…

Ի դեպ, Ձեր և Յաննիի համագործակցությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ այդ հարցում աջակից ունեիք:

– Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ հին ընկերոջը՝ Արա Գևորգյանին, ում հետ համերգային ծրագրերով հանդես էր գալիս հայտնի երաժիշտ Պեդրո Էուստաչեն: Վերջինս երկար տարիներ նվագել էր Յաննիի հետ: Հենց այս ծանոթությունից էլ ամեն ինչ սկսվեց…

Թեև ասում են, որ երաժշտությունը լեզու չի ճանաչում, բայց, այնուամենայնիվ, Ձեր ջութակի առաջին իսկ ելևեջները հուշում են հայկական արմատների մասին: Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերում հայկական երաժշտությանը:

– Զարմանալի կլիներ, եթե իմ երաժշտության մեջ չլինեին հայկական տարրեր: Պապիկս Մուշեղ Երվինյանն է, ումով ես շատ եմ հպարտանում: Նա Շապին Գարահիսարից է, որտեղ ծնվել է նաև հայ ազգի հերոս Անդրանիկ Օզանյանը: Նույնիսկ նրանց միասնական լուսանկարներն են պահպանվել… Ինչ վերաբերում է ամերիկացիների՝ հայկական երաժշտության նկատմամբ վերաբերմունքին, բնականաբար, շատ լավ են ընդունում: Այլ հարց է՝ ինչպե՞ս է այդ երաժշտությունը կատարվում…

Պարոն Երվինյան ծնվել եք Հայաստանում, բնակվում եք ԱՄՆում, ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հարազատ: Ստեղծագործող մարդու համար որքանո՞վ է կարևոր բնակավայրը: Կարող է արդյոք երկիրը փոխել արվեստագետի մշակութային ճաշակը:

– Միգուցե ապրելու վայրը նշանակություն ունի: Ամեն դեպքում, ես իմ լավագույն ստեղծագործությունները Հայաստանում եմ գրել: Ամերիկան բազմազգ երկիր է, ես տարբեր ազգերի շատ երաժիշտների հետ եմ աշխատել, ինչը, բնականաբար, արտացոլվել է իմ աշխատանքներում, ազդել է դրանց վրա: Ընդհանրապես, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի (ժպտում է՝ հեղ.):

Ստացվո՞ւմ է ԱՄՆում պահպանել հայկական արմատները, թե՞ արդեն զգում եք ձուլման վտանգը:

– Բնականաբար, որքանով հնարավոր է՝ պահպանում ենք հայկական արմատները: Չէ՞ որ արյունը երբեք չի փոխվում:

Գաղտնիք չէ, որ երաժիշտներից շատերն այսօր առաջնահերթություն են տալիս մասնավոր հրավերներին, քանի որ դրանք կոմերցիոն բնույթ են կրում և երաժիշտին օգնում են շատ ավելի մեծ գումար վաստակել: Դա չի՞ խանգարում մասնագետի բուն գործունեությանը:

– Կոմերցիան վատ բան չէ, դա լավ է: Բայց այն չպետք է բացասաբար ազդի ստեղծագործական գործունեության վրա:

Երիտասարդ հայ ջութակահարների հետ շփում ունե՞ք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնագիտական որակները: Համագործակցություն սպասվո՞ւմ է:

– Ցավոք, զբաղվածության և մեծ հեռավորության պատճառով չի ստացվում շատ շփվել հայ երիտասարդ ջութակահարների հետ: Բայց ուրախությամբ կնկատեմ, որ նրանց մեջ կան շատ օժտվածներ: Հիմա աշխարհում շատ են պրոֆեսիոնալ ջութակահարները, ովքեր լիովին տիրապետում են գործիքին: Բայց ինչպես մի անգամ ասել է Իգոր Օյստրախը՝ մեծն Դավիդ Օյստրախի որդին՝ քիչ են այն երաժիշտները, որոնց հնարավոր է լսել ռադիոյով, կամ հեռավորությունից, բայց ձեռագրից ճանաչել, թե ով է նա: Ի դեպ, Դավիդ Օյստրախն իմ ուսուցչի՝ Էդուարդ Դայանի ուսուցիչն է եղել:

Քանի որ գրեթե մեկ ամիս էլ դեռ Հայաստանում եք լինելու, ունե՞ք այստեղ նախընտրած հանգստի վայր:

– Սիրում եմ հանգստանալ Ջերմուկում, Դիլիջանում, Քանաքեռ Գեսում՝ իմ բանակային ընկեր Հարութի մոտ:

Պարոն Երվինյան, շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր հարցազրույցը:

– Ես ևս շնորհակալ եմ: Ամբողջ սրտով խաղաղություն ու համբերություն եմ մաղթում հայ ազգին:

aysor.am

 



Նման նյութեր