«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասան Անդրանիկ Հարությունյանն է։
Մանկություն
Մինչև դպրոց գնալս ապրել ենք Դիլիջանում։ Հետո տեղափոխվել Երևան։ Շատ գունավոր և արկածներով լի մանկություն եմ ունեցել։ Ինքս շատ չար երեխա եմ եղել։ Շատ լավ եմ հիշում, երբ կորել էի և ծնողներս առավոտից երեկո ինձ էին փնտրում և չէին գտնում։ Հետո պարզեցին, որ մեր տան հարևանությամբ գտնվող «Մանուշակ» կինոթատրոնում էի։ Այդ ժամանակ 2 կամ 3 տարեկան էի։ Շատ լավ եմ հիշում, երբ բեմ բարձրացա ու նստեցի, իսկ մարդիկ նստած հնդկական կինո էին դիտում։ Այդ տարիքից ինձ բեմը գրավել է։
Այդ տարիքում, գրեթե, միշտ ինչ–որ մի բան անում էի։ Ընտանիքիս անդամները հենց տեսնում էին ես չկամ, մտածում էին, որ ինչ–որ վատ բան եմ արել։ Իրականում, այդպես էլ կար։ Մի անգամ սանհանգույցն եմ պաժառ տվել, մի անգամ էլ հյուրասենյակի վարագույրը։ Սիրում էի կրակի հետ խաղալ, բայց չէի հասկանում, որ չի կարելի և այն կարող էր շատ վտանգավոր լինել։ Շատ լավ եմ հիշում նաև, որ դանակով հարվածում էի տան հատակի պարկետին։ Հատակն ամբողջությամբ դանակի հետքեր էր։
Ի դեպ, ես սկսել եմ խոսել երեք տարեկանից։ Այդ ժամանակ ծնողներս անհանգստանում էին, որ ոչ մի բառ չէի ասում։ Մի անգամ մայրս, հայրս ու եղբայր մի քանի օրով տեղ էին գնացել։ Ես էլ մնացել էի տատիկիս մոտ։ Դե այն ժամանակ, երբ ծնողներիս չէի տեսնում սկսում էի ինձ վատ զգալ և ջերմությունս բարձրանում էր։ Հիշում եմ, երբ ծնողներս վերադարձան առաջին բառը հենց այդ օրն եմ ասել` Կարեն։ Բոլորն այնքան էին ուրախացել, որ նկարագրելու չէ։
Հիշում եմ նաև, որ փոքր տարիքում թլիկ եմ եղել։ Այդ ժամանակ կարծեմ տեղափոխվել էինք Երևան։ Ես 6 տարեկան էի։ Մի անգամ պետք է ասեմ աչքիս ինձ ոչ ոք չի սիրում, ասում եմ` անկանջիս ինձ ոչ ոք չի սիրում։ Դե ականջն ու աչքը խառնում էի իրար։
Դպրոցում էլ շատ աշխույժ, չար երեխա եմ եղել։ Եթե օրվա մեջ երկու անգամ տնօրենի մոտ չգնայինք, ուրեմն այդ օրը աննորմալ օր էր մեզ համար։ Արել եմ հնարավորինս ամեն վատ բան. լավ չեմ սովորել, երեխաների ենք ծեծել, պատուհաններն ենք կոտրել։ Մի անգամ դասարանի տղաներով մի տղայի շպրտեցինք կպավ պատին, որն էլ քանդվեց։ Ինչ–որ աննորմալ ու վատ բաներ էինք անում։
Ի դեպ, մեր դպրոցի տնօրենը նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էր, հետո փոխվեց և եկավ Քարամյան Համլետը։
Պատանեկություն
Դե պատանեկությունը էլի դպրոցական տարիների հիշողություններն ու 90–ականների մութ ու ցուրտ տարիները։ Այդ տարիներին մութ էր շատ բան չեմ հիշում։ Իրականում, պատանեկության շրջանում շատ ջերմ հիշողություններ ունեմ։ Մեկ–մեկ համեմատում եմ այսօրվա և այն ժամանակվա մարդկանց։ Հիմա մարդիկ մի տեսակ չարացել են։ Ճիշտ է, այն ժամանակ չկար այսօրվա պայմանները, հարմարավետությունը, բայց ավելի ջերմ էին իրար հետ։ Մեր օրն ավելի հետաքրքրի էր անցնում։ Հիշում եմ, որ հարևաններով հավաքվում էին և նստում զրուցում։ Հիշում եմ մոմի տակ դաս սովորելը, հիշում եմ հացի հերթը, որն ի դեպ ես ու եղբայրս էինք կանգնում։ Բայց մենք այդ տարիներին ոչ մի բանի պակաս չենք ունեցել։ Ծնողներս ամեն ինչ արել են, որ ինչ–որ բանում հետ չմնանք ես ու եղբայրս։ Շատ լավ ենք ապրել. ուրախ ու դրական հիշողություններով։
Չափահասություն
Այդ տարիքում գնացել եմ բանակ։ Ծառայությունս նորմալ է ընթացել։ Երկու տարի ծառայել եմ Արցախում։ Այդ ժամանակ հետաքրքիրն այն էր, որ ինձ տարել էին պահպանման և սպասարկման գունդ, որտեղ բոլոր տղաները մի հասակի էին ու շատ գեղեցիկ տղերք էին։ Թե ես ինչու էի այնտեղ ծառայում, չէի հասկանում։ Ոչ հասակս էր համապատասխանում, ոչ էլ սիրուն էի։
Հետո վերադարձա և իմ գործունեությունը սկսվեց Կամերային թատրոնից. բեմ, ներկայացումներ, նկարահանումներ և այլն։ Թերևս, իմ կյանքի ամենալավ ժամանակահատվածն է եղել չափահասության շրջանը։
Կնոջս հետ ծանոթացել եմ «Կարգին հաղորդման» նկարահանումների ժամանակ, որտեղ նա նկարահանվում էր։ Դա իր առաջին ու վերջին նկարահանումն էր։ Ես նրան թույլ չտվեցի շարունակել, քանի որ ընտանիքից միայն մեկը պետք է այդ ոլորտում լինի։ Այդտեղից սկսվեց մեր ծանոթությունը։ Մի անգամ ասեցի արի ամուսնանաք, հավատաց ու ասաց այո և մինչև այսօր միասին ենք։
Ամբողջությամբ՝ life.tert.am