Ջերմուկի ջրահարսի վարսերը. champord.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջերմուկի ջրահարսի վարսերը. champord.am

Երթուղային գազելով սլանում ենք Ջերմուկ: Վարորդ Արթուրը կարծում է, որ ամեն անգամ պետք է գերազանցել նախատեսված 3 ժամի սահմանն ու Երևանից Ջերմուկ հասնել 2 ժամ 50 րոպեում: 10 րոպեն մեզ վրա թանկ է նստում. արագությունից սեղմվում ենք շոգից տաքացած նստարանին ու փորձում մխիթարվել բաց պատուհանից ներս սողոսկող քամով: Իջնում ենք 9-հարկանու մոտ: Պարզվում է՝ սա  Ջերմուկի միակ 9-հարկանին է, այդ կապակցությամբ բոլոր կարևոր հանդիպումներն այստեղ են տեղի ունենում: Ավանդույթը չենք խախտում, հենց այստեղ էլ հանդիպում ենք մեր երազանքների« Վազ 21 02»-ին: 1973թ.-ի արտադրության «Фургօн»-ը Վահեն ձեռք է բերել 4 տարի առաջ՝ 300.000 դրամով: Ասում է՝ այդ օրվանից ամենայն հավատարմությամբ ծառայում է իրեն:

– ԱՊՊԱ էլ ես արե՞լ,- զարմացած հարցնում ենք մենք:-Հա, ի՞նչ պակաս ավտո է որ, – ասում է Վահեն՝ ձեռքով բարձրացնելով մեքենայի ապակին,- որ սրանով խփեմ ուրիշին, իմ ավտոյին բան չի լինի, բայց խփածին ահագին վնաս կտա: Էդքան ծախսը ես ո՞նց անեմ, էնա թող ԱՊՊԱ-ն անի, էլի:

Ջերմուկի ձախափնյա թաղամասում ոչինչ չի հուշում, որ հանգստավայր ես եկել՝4-5 հարկանի շենքեր են, մի քանի մթերային խանութ, քանդված փողոցների ճեղքերում պահ մտած խաղաղություն… Ձախի ու աջի հակադրությունը լավագույնս դրսևորվում է այս քաղաքում՝ կազմելով Ջերմուկի միասնական դիմագիծը:  Աջ ափում կյանքն ավելի ակտիվ է: Ջերմուկի 13 առողջարանները հենց այստեղ են տեղակայված:

Հատկապես երեկոյան ժամերին ասֆալտապատ ճեմուղիներում կարելի է հանդիպել ոչ միայն  Հայաստանի տարբեր մարզերից, այլև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերի: Հեծանիվ քշել,մի բաժակ սուրճ խմել լողացող սրճարանում, նավակ նստել, զբոսնել հեքիաթային ծառուղով՝ Ջերմուկում ցանկացած ճաշակի մարդ կգտնի իր զբաղմունքը:

Աջ ափին է Ջրերի ցուցասրահը, ժողովրդական լեզվով ասած՝ «Գալերիան»: Այստեղ կարելի է խմել տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր, որոնք բուժիչ հատկություն ունեն և օգտակար են հատկապես ստամոքսի խնդիրներ ունեցողներին: Հարակից այգով քայլելիս կարելի է տեսնել հայ ֆիդայիների՝ Սոսե մայրիկի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Նիկոլ Դումանի, Հրայր Դժոխքի, Մախլուտոյի արձանաշարը:

Ջերմուկից դատարկաձեռն հեռանալ  դժվար թե ստացվի. բացօթյա վաճառակետերից կարելի է ձեռք բերել ոչ միայն քաղաքը խորհրդանշող մագնիսներ, բաժակներ ու այլ հուշանվերներ, այլև խոտաբույսեր, սարի ծամոն և այլ համեղ բուժական միջոցներ: Մարդիկ Ջերմուկում քչախոս են: Առաջին մի քանի օրը կատակներ անելու ապարդյուն փորձերից հետո հասկացանք՝ ջերմուկցիների հետ պետք է լուրջ լինել, խոսել կարճ՝ գործից:

Ջերմուկի հայտնի ջրվեժ՝ Ջրահարսի վարսեր հասնելու համար պետք է մոտ 20 րոպե քայլել թափվող ժայռերի միջով անցնող արահետով: Այն վերջերս են նորոգել՝ քայլարշավը դարձնելով անվտանգ ու հաճելի: Հենց այս ճանապարհին կարող եք անցնել բնական կամրջի տակով ու երազանք պահել: Կամուրջը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երազանքների կամուրջ»: Հին ջերմուկցիները վստահեցնում են՝ անպայման կիրականանա:

Էլ ի՞նչ հանգիստ առանց ճոպանուղու: Ջերմուկի ճոպանուղին ձգվում է դեպի Շիշ լեռը մոտ 1000 մետր՝ հասնելով 2850 մետր բարձրության: Ճոպանուղուց բացվող տեսարանն ընդգրկում է Ջերմուկն իր ողջ համայնապատկերով, հարակից լեռներն իրենց կանաչ ծածկույթով, երկինքը մոտ է թվում՝ հեռու ընդամենը մի ափաչափ…

Լեռան վրա գտնվող սրճարան-ռեստորանում հասկանում ես, որ պլատոնական սերերն անցել են վաղուց, մնայունը համադամ խորտիկներն են ու քիմք շոյող հիշողությունը: Աշխատակիցներն առաջարկում են խաշ ուտել: Համաձայնում ենք: Րոպեներ անց խաշն ու խրթխրթան լավաշը մեր սեղանին են: Կուշտ ու երջանիկ դուրս ենք գալիս, նույն երջանկությամբ հիանում բարձրից բացվող բնապատկերներով ու հետ ճամփա ընկնում…Ջերմուկի անգնահատելի հարստություններից է համարվում նաև Տաք ջրերը: Գալ Ջերմուկ ու չգնալ այնտեղ, պարզապես հանցագործություն է…  Մեղանչում ենք խղճներիս առաջ ու որոշում Ջերմուկ վերադառնալու առիթ թողնել:

Տաթևիկ Սարգսյան

champord.am