ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «ArmSecurity-2017 » անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ավելի քան 20 երկրի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչներ:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ «Անվտանգ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը համահունչ է աղետների և ռիսկի կառավարման ներկա զարգացումներին:
«Որպես ՄԱԿ-ի անդամ երկիր Հայաստանը միացել է Սենդայի 2015-30 թվականների գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Աղետների ռիսկի կառավարման ազգային մակարդակում մենք սահմանել ենք նպատակներ և խնդիրներ, որոնք արտացոլված են Կառավարության ծրագրում և որոշումներում ու դրանցից բխող ծրագրերում: Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը մեծապես կնպաստի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համընդհանուր ջանքերով իրականացմանը, խթանելով պետություն-մասնավոր սեկտոր, պետություն-հասարակական կազմակերպություններ,ինչպես նաև պետություն-ապահովագրական ընկերությունների կապի ամրապնդման ու համագործակցության ընդլայնմանը՝ միաժամանակ ապահովելով ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում դիմակայության հզորացման նպատակով՝ օժանդակելով աղետների պատրաստվածության ամրապնդմանը, արդյունավետ արձագանքում և ավելի արդյունավետ վերականգնում ու վերակառուցում ապահովելու համար»,- ընդգծեց Տոնոյանը:
ԱԻ նախարարը նշեց, որ ցուցահանդեսի նպատակների թվում է օժանդակությունը Հայաստանի փրկարարական ծառայության արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը:
«Դա կնպաստի փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և փրկարար ստորաբաժանումների արդյունավետության բարձրացմանը: Ցուցադրության են պատրաստ ժամանակակից նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, և փրկարարական ծառայությունների անխափան աշխատանքին միտված նորագույն մշակումներ: Ուրախալի է, որ կազմակերպիչների ջանքերը պսակվել են հաջողությամբ ու ստեղծված է արդյունավետ համագործակցության հարթակ թե արտադրողների, թե շահագործողների, ինչու չէ շահառուների համար: Հուսով եմ, որ ցուցահանդեսի բարենպաստ գործարար միջավայրը լավագույն հարթակը կդառնա փրկարար ասպարեզում ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, փոխանակելու արժեքավոր փորձը ու հաստատելու նոր և հեռանկարային կապեր՝ կնքելով ցանկալի պայմանագրեր, ձեռք բերելով հետագա համագործակցության պայմանավորվածություններ»,- ասաց Տոնոյանը:
Նախարարները շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներին:
«ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիական միջազգային առաջին ցուցահանդեսը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկատիրությունների միջև գործնական կապերի հաստատման ու ամրապնդմանը:
Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվեցին աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:
Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ՝ նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև՝ նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությունը և այլն: