Խրուշչովի որդին պատմել է՝ ինչու է հայրը ժամանակին Ղրիմը տվել Ուկրաինային. tert.am
Advertisement 1000 x 90

Խրուշչովի որդին պատմել է՝ ինչու է հայրը ժամանակին Ղրիմը տվել Ուկրաինային. tert.am

Խորհրդային միության նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, որն այժմ ԱՄՆ-ում Բրաունի համալսարանի պրոֆեսոր է, պատմել է՝ ինչու է հայրը 1954թ. Ղրիմը հանձնել Ուկրաինային:

«Հայրս Ղրիմն Ուկրաինային է տվել, քանի որ եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ այն միացած է այդ երկրին: Եվ երբ այնտեղ սկսեցին զբաղվել տնտեսության զարգացմամբ և որ ամենակարևորն է՝ մեկնարկեց ջրանցքի (Հյուսիս-ղրիմյան ջրանցք) կառուցումը, որը հիմա, ցավոք, չի օգտագործվում, իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի, եթե ջրանցքի կառուցումն իրականացվի մեկ իրավաբանական անձի կողմից: Ուստի՝ Ղրիմը հանձնեցին Ուկրաինային այնպես, ինչպես վարվեցին շատ այլ տարածքների դեպքում»,-մեջբերում է Սերգեյ Խրուշչովի խոսքը ria.ru-ն:

Պրոֆեսորը վստահեցրել է, որ այդ որոշումը որևէ քաղաքական պատճառ չուներ ու ամենևին էլ նպատակ չէր հետապնդում գոհացնել ուկրաինական իշխանություններին կամ էլ նվեր մատուցել իր մորը (Նիկիտա Խրուշչովի կինն ազգությամբ ուկրաինուհի էր-Tert.am):

«Դա կառուցվածքային ու ճիշտ որոշում էր: Ղրիմը սկսեց վերածնվել»,-հավելել է նա:

1954թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ գերագույն ղեկավարության որոշմամբ Ղրիմը ներառվել է Ուկրաինայի կազմում: Շատերի կարծիքով՝ դա արվել է այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ։

ԽՍՀՄ փլուզումից հետո Ղրիմը շարունակել է մնալ Ուկրաինայի կազմում: Այն ՌԴ կազմում է ներառվել 2014թ. անցկացված հանրաքվեից հետո: Այնուհանդերձ՝ Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքը և «սև ցուցակում» է ներառում բոլոր նրանց, ովքեր առանց Կիևից թույլտվություն ստանալու այցելել և այցելում են Ղրիմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է:

Ինչ վերաբերում է Սերգեյ Խրուշչովին, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո նրան հրավիրել են Բրաունի մասնավոր համալսարան՝ «սառը պատերազմի» մասին դասախոսություններ կարդալու: Նա բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում ու ստացել այդ երկրի քաղաքացիություն:

tert.am