«Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին
Advertisement 1000 x 90

«Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին

Հայաստանում աճում է ընկուզենու երկու տեսակ. juglans regia-ն` ընկուզենի սովորականը և j.nigra-ն` ընկուզենի սևը։ Ընկուզենի սովորականը բնական պայմաններում հանդիպում է Բալկաններից մինչև Հիմալայներ, Պարսկաստանից մինչև Միջին Ասիա ընկած տարածքներում, Կորեական թերակղզում, Ճապոնիայում, Չինաստանում, ՀՀ-ում, Վայքում, Արարատյան դաշտավայրում, Տավուշում, Սյունիքի ցածրադիր գոտում։ Բարձրությունը հասնում է 30 մետրի, բնի տրամագիծը` 2 մետր է, ապրում է 300-400 տարի, կեղևը բաց մոխրագույն է։

Սև ընկուզենին համեմատաբար ավելի ցրտադիմացկուն է, այն լավ է հարմարվել ՀՀ բարձր լեռնային գոտու բերրի, խոնավ, օդափոխվող հողերի վրա, բնական պայմաններում հանդիպում է ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափամերձ նահանգներից մինչև Տեխաս, հիմնականում` լեռներում։ Տարբերում են նաև անգլիական և պարսկական սև ընկուզենու տեսակները։ Սև ընկուզենին շատ հաճախ օգտագործվում է ցրտադիմացկուն տեսակներ ստանալու համար։ Բույսի բարձրությունը հասնում է 50 մ, բնի տրամագիծը` 1,5 մ, կեղևը գրեթե սև է։

Ընկուզենու առանձնահատկությունն այն է, որ արական ծաղիկները հավաքված են երկարավուն կատվիկի («ականջօղ») մեջ, որը կախված է նախորդ տարում առաջացած ընձյուղի վրա, իսկ իգականը` նոր ծլածների վրա, դրանք կազմում են բարակ կարճ հասկիկներ։ Սև ընկուզենու պտուղն ավելի մեծ է և ամուր։

Ավանդական բժշկությունը նախկին ԽՍՀՄ-ում ընդունել է ընկույզը` որպես դեղաբույս, այն բանից հետո, երբ 1962թ. քիմիկոս և դեղագործ գիտնականների խումբը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել բույսի քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները։ Բուժիչ են համարվել ֆիտոնցիդներ («սպանել մանրէներին») պարունակող բողբոջը, տերևը, կանաչ պտղապատյանը, կանաչ բնից (ճյուղից) հոսող հյութը։ Առավել կարևոր է ընկուզենուն բնորոշ «յուգլոն» նաֆտոխինոնը, a և b հիդրոյուգլոնները։ Յուգլոնը դեղին բյուրեղավոր նյութ է, այն կարողացել են առանձնացնել գերմանացի գիտնականները դեռևս 1856թ.։ Գիտական գրականության մեջ յուգլոնը նկարագրվում է որպես հակամանրէ և հակասնկային հատկություն ունեցող միջոց, որի գործնական կիրառումը շատ մեծ է։ Այս հրաշալի նյութը գործնականում բուժում է բազմաթիվ մաշկային հիվանդություններ, արտադրվում են քսուքներ, լուծույթներ, այլ դեղամիջոցներ։

Տերևները և կանաչ ընկույզը պարունակում են էլլագի, սուրճի և այլ օրգանական թթուներ, կվերցետին և կեմպֆերոլ ֆլավոններ, 3-5 տոկոս ասկորբինաթթու, մոտ 3 մգ (100 գ մեջ) b-կարոտին և եթերային յուղ, դաբաղանյութ, օրգանիզմում չսինթեզվող լեցիտին։

Պտուղը պարունակում է 85 մգ ասկորբինաթթու, մինչև 70% ճարպ, 20% սպիտակուց` կալորիականությունը 630-650 կկալ է, ալկալոիդյուգլանդին, ամինաթթուներ, վիտամիններ` A, P, E, B1, B2, K։

Ընկույզի պտուղը պարունակում է մոտ 2 գ երկաթ, 7,5 մկգ կոբալտ, 0,55 մգ պղինձ, 3 մգ ցինկ։ Հարուստ է ֆոսֆորով` մոտ 3 գրամ, կալիումով` 665 մգ, մագնիումով` 200 մգ, կալցիումով` 124 մգ։ K, P, Ca և Mg փոխհարաբերակցությունը շատ նպաստավոր է Ca-ի յուրացման համար։

Ժողովրդական բժշկությունը գրեթե բոլոր տեսակի բարորակ ուռուցքների բուժման համար առաջարկում է սև ընկույզի կաթնային հասունության կանաչ պտուղը։ Այս ուղղությամբ 1999թ. լուրջ հետազոտություն են կատարել Պյատիգորսկի պետական դեղագործական Ակադեմիայի գիտնականները, և հանգել եզրակացության, որ սև ընկույզն ընդգրկում է այլ ընկուզազգիների դրական հատկությունները և իր բուժիչ հատկությունների ամբողջականության շնորհիվ անգերազանցելի է։

Էլլագի թթուն պաշտպանում է բջիջների ԴՆԿ-ն, կանխարգելում կոնցերոգեն նյութերի թափանցումը կամ բազմացումը բջիջներում։ Ընկույզը հակաօքսիդանտ է, ֆլավոնները նույնպես հակազդում են բջիջների գենետիկ փոփոխություններին, մյուս կողմից` կվերցետինը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Վիտամին C-ի բարձր պարունակությունը և ռուտինի (P) առկայությունը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։

Ամերիկացի գիտնականները ծավալուն մի հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է եղել պարզել ճարպային յուղով հարուստ ընկուզենու պտուղի (լինոլի, լինոլինի, օլեինի, ստեարինի, պալմիտինի գլիցերիդներ) ազդեցությունը «վատ խոլեստերինի» վրա։ Օրը 60 գրամ ընկուզեղեն ուտողների մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջել է 5 %, ընդ որում, «վատ խոլեստերինը»` 7,5 %։ Պարզվել է նաև հետևյալ օրինաչափությունը.

  • որքան մեծ է եղել խոլեստերինի նախնական խտության աստիճանը, այնքան ավելի ազդեցիկ է եղել «ընկուզաթերապիան»,
  • գեր մարդկանց վրա ընկուզեղենի ազդեցությունը ավելի թույլ է եղել։

Հին պարսկական բժշկական գրքերից մեկում գրված է, որ ընկուզենու պտուղը ուղեղն է, իսկ դրանից զտված յուղը` խելքը։

Գիտականորեն ապացուցված է, որ ընկույզն իր բուժիչ հատկությունների շնորհիվ չունի իր հավասարը բուսական աշխարհում։

Ընկույզի յուղը հեշտությամբ է յուրացվում, պահպանում է վաղաժամ ծերությունից, սնուցում օրգանիզմն էներգիայով, յուղը պարունակում է չհագեցված ճարպային յուղեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն չեն սինթեզվում և կարող են ստացվել միմիայն սնունդի հետ։ Կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հորմոնալ ակտիվությունը, չեզոքացնում թույների ազդեցությունը, լավացնում ուղեղի, սրտի, լյարդի աշխատանքը և հիշողությունը։

Հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, թոքախտի դեպքում. Խմեք 1 թ/գ յուղ, խառնած 1 թ/գ մեղրի հետ, օրը 2-3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Միջոցն ունի կանխարգելիչ ազդեցություն։

Լյարդի և լեղուղիների մաքրման համար. Երեկոյան ընթրիքից առնվազն 2 ժամ հետո, քնելուց 1 ժամ առաջ, խմեք 1-2 թ/գ ընկույզի յուղ։

Համարվում է, որ սև ընկույզի կաթնային հասունության կանաչ պտուղի ոգեթուրմը դրական ներգործություն է ունենում մաստոպատիայի, ֆիբրոմայի, պրոստատի ադենոմայի, հիպոտոնիայի և հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, տարածված սկլերոզի, պսորիազի, էկզեմայի, դիաթեզի, սնկային հիվանդությունների, գլխացավի, արթրիտի, ստամոքսաբորբի, մկանային, ոսկրային ցավերի և հոդացավի դեպքում։

Բարորակ ուռուցքների դեպքում. 100 գ մանրացրած կանաչ պտուղը 2 շաբաթ թրմեք 500 մլ ցորենի օղու մեջ այնպես, որ ոգեթուրմի վրա ընկնեն արևի ճառագայթները, քամեք, պահեք կիպ փակվող շշի մեջ։ Ընդունման չափաբաժինը կախված է մարդու քաշից` 50-70 կգ-ի դեպքում` 10 գրամ, օրը 3-4 անգամ։

70-90 կգ քաշի դեպքում. 15 գրամ` խառնեք ջրի հետ, խմեք փոքր կումերով, 10-15 րոպեի ընթացքում։ Անմիջապես ոգեթուրմը խմելուց հետո անհրաժեշտ է խմել 0,4 թ/գ օշինդրի և մեխակի փոշիների խառնուրդ, հետզհետե հասցրեք այն 1 թ/գ-ի։ Բուժման ժամկետը` 2-3 շաբաթ, 1 շաբաթ ընդմիջումից հետո կրկնեք։

Սև ընկույզի ոգեթուրմով բուժվելիս անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։

Հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին, անհատական անընկալունակության դեպքում։Պետք է զգուշանան միգրենով հիվանդները։

Վահանաձև գեղձի համար. Ընկույզի մեջ պարունակվող նյութերը նպաստում են գեղձի գործունեության կարգավորմանը.

  • Մաքրեք 200-ական գ ֆեյխոա, կիտրոն, նարինջ, կտրատեք, ավելացրեք 100-ական գ ընկույզ և պնդուկ, 50 գ չամիչ, նարնջի կեղևի բարակ կտրատած սպիտակ մասը։

Հիպոտերիոզի և էնդեմիկ խպիպի դեպքում. Անհրաժեշտ է, որ 100-ական մլ օղու մեջ 5 օր թրմեք.

ա) 2 ճ/գ աղացած սոխ,

բ) 1 ճ/գ մանրացրած ընկուզենի սովորականի տերև,

գ) 1 ճ/գ գայլաթաթ (ALCHEMILLA) սով. խոտ։ Քամեք, խառնեք երեք ոգեթուրմերը, խմեք մեկական թ/գ` առավոտյան սնվելուց առաջ։

Խպիպի դեպքում. Ապակե տարայի մեկ երրորդը լցրեք ընկուզենու կանաչ պտուղով, մնացած ծավալը լրացրեք մաքրված կերոսինով, զմռսեք և 3 ամիս թրմեք հով տեղում։ Քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար, քսեք կամ դրեք թրջոց, կատարեք 2-3 օրը մեկ, զգուշացեք այրվածքից, գործողությունից հետո քսեք հակաայրվածքային աէրոզոլ։

Այս միջոցը երկար տարիներ ենթարկվել է քննադատության և միայն 1985-87թթ. այն ժամանակ ԽՍՀՄ առողջապահության նախարար Ե.Ի. Չազովը հանձնարարեց ուսումնասիրել Մ.Պ. Տոդիկայի այս հրաշալի դեղամիջոցը, սակայն այնուամենայնիվ ստանալով դրական գնահատական` միջոցը կարծես թե չի արտադրվում։ «Տոդիկամպն» առաջարկվում էր կիրառել ռադիկուլիտի, մրսածության, ստամոքսաբորբի, արթրիտի, կարծրախտի, թրոմբոֆլեբիտի, ուռուցքների դեպքում։

«Տոդիկամպը» նաև խմում են.

  • Սկսեք 5-6 կաթիլից, ավելացրեք մեկական կաթիլ, երբ հասցնեք 15-ի` շարունակեք ընդունել այդ չափաբաժինն օրը 2 անգամ` առավոտյան և երեկոյան, սնվելուց 2 ժամ առաջ, 29-րդ օրից իջեցրեք չափաբաժինը` մինչև 5 կաթիլ։ Կիրառում են ստամոքսաբորբի և լյարդի հիվանդությունների դեպքում։ Կարևոր է իմանալ, որ, այնուամենայնիվ, միջոցն ընդամենը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում հիվանդությունն առաջացնող պատճառի դեմ գենետիկ մակարդակով։

Խոլեցիստիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած եղերդակի արմատը, ծիծեռնախոտի վերգետնյա մասը, ընկուզենու տերևը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք), երբ հովանա` քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Վարիկոզի դեպքում. Երակներին քսեք ընկույզի յուղ։

Թութքի դեպքում. Մի քանի ընկուզենու տերև 3-5 րոպե ընկղմեք եռջրի մեջ, երբ հովանա` փաթաթեք երկտակ թանզիֆով և քնելուց առաջ տեղադրեք վերքի վրա։

Անգինայի դեպքում. 1 ճ/գ տերևը թրմեք 200 մլ եռջրի մեջ, կատարեք ողողում։

Մաստոպատիայի դեպքում. 200 գրամ ընկույզի պտուղի միջնապատը ծածկեք օղիով, թրմեք 12 օր արևոտ տեղում, քամեք։ Խմեք 1 ճ/գ, օրը 3 անգամ։ Երեք շաբաթից ընդմիջեք 10 օր։

Հաճախակի կրկնվող ստամոքսի խանգարում

300 գ միջնապատը ծածկեք սպիտակ խաղողի գինով, 8 օր թրմեք մութ տեղում։ Խմեք 50-ական մլ, ըստ անհրաժեշտության։

Օստեոպարոզի դեպքում

Փոշիացրեք 1 տնական ձվի կեղև, ավելացրեք 1 թ/գ ընկույզ, վարսակի փաթիլ, մածուն։ Կերեք նախաճաշին։ Կանխարգելող միջոց է։ Շարունակեք 1 շաբաթ։

Հիշողությունը լավացնող միջոց

100 գ մանրացրած հալվեի տերևը 2 ժամ թրմեք նախօրոք եփված 300 մլ գոլ ջրում, քամեք թանզիֆով և ճզմեք հումքը։ Խառնեք 500 գ մանրացրած ընկույզի միջուկ, 300 գ մեղր (ցանկալի է` արևածաղկի)։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Շագանակագեղձի բորբոքում, ադենոմա

  • 2 ճ/գ պտղի մանրացրած միջնապատին ավելացրեք 300 մլ եռջուր, 20 րոպե եփեք փակ վիճակում, վերականգնեք նախնական ծավալը եռջով, երբ հովանա` քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
  • Խառնեք մանրացրած ընկուզենու տերևը և ռեհանի ծաղկած վերնամասը, տրորած ծովաբողկի արմատը (1։1։4)։ 150 գ հումքը 10 րոպե եփեք 1 լ չոր կարմիր գինու և 300 մլ եռջրի մեջ, երբ ոգեթուրմը հովանա` քամեք։ Պահեք սառնարանում` ապակե մուգ տարայի մեջ։ Խմեք 2 ճ/գ, սնվելուց առաջ։
  • Գարնանը հավաքեք կաթնային հասունության կանաչ պտուղը, ավելացրեք 96 %-անոց սպիրտ և պահեք մութ, հով տեղում, սպասեք, մինչև արևածաղկի մեղրի հասունացման ժամանակը։ Պտուղը կտրատեք, լցրեք ապակյա տարայի մեջ և ավելացրեք հեղուկ մեղրը այնպես, որ լինի հումքից 2-3 սմ բարձր։ Թրմեք մութ հով տեղում։ Կերեք առավոտյան սնվելուց առաջ։

Կրծքագեղձի ուռուցքի դեպքում

  • Աղացեք և խառնեք հավասար քանակությամբ ընկուզենու և եղինջի տերևները, 4 ճ/գ հումքին ավելացրեք հեղուկ (մինչև 40 աստիճան C տաքացրած) 500 գ մեղր։ Կերեք մեկական ճ/գ, օրը 5 անգամ, սնվելուց 20-30 րոպե առաջ։
  • Եղինջի արմատի և կանաչ ընկույզի 10 տոկոսանոց ոգեթուրմերի խառնուրդը, սրոհունդի չոր տերևի 5 % ոգեթուրմի հետ, խմեք մեկական թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
  • Եփեք 100 գ եղինջը, խառնեք 50 գ մանրացրած ընկույզի, 1 կտրատած սոխի և համեմի հետ, կերեք։

Որդերի դեմ միջոց. 5 հատ մանրացրած միջին մեծության, կանաչ ընկույզին ավելացրեք կես թ/գ աղ, 1 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք, մզեք թանզիֆով։ Խմեք օրվա ընթացքում։ Օգտագործեք լուծողական։

Լոգանք. Ընկուզենու տերևները հավաքեք ծաղկման շրջանում` 250 գ, 10 րոպե եռացրեք 1 լ եռջրում։ Ավելացրեք լոգանքի ջրին։

Պիգմենտային բծերի, պզուկների դեպքում

  • Խառնեք տերևը և պտուղի կանաչ կեղևը, ավելացրեք 70 տոկոսանոց սպիրտ (1։10), թրմեք 15 օր։ Օրը 2 անգամ քսեք պիգմենտային բծերին։ Շարունակեք մի քանի ամիս, առանց ընդմիջման։

Կամ`

  • Խառնեք 100 գ ընկույզի մանրացրած միջուկը, 50 գ կաթի փոշու և մեղրի հետ, այնպես, որ ստացվի համասեռ զանգված, 20 րոպե անց մաքրեք դիմակը կաթով և ցայեք սառը ջրով։

Մազարմատներն ամրացնող միջոց. Հարեք 1 ձու, ավելացրեք 2 ճ/գ ընկույզի յուղ, 1 ճ/գ մեղր։ Հարած խառնուրդը ներմերսեք գլխամաշկին։ Ծածկեք մազերը սրբիչով։ 30 րոպե անց լվացեք օճառահեղուկով։

lratu24.ru