5,5 և ավելի մագնիտուդով երկրարշարժերի դեպքում Հայաստանում տեղի կունենա բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով զոհերի և նյութական կորուստների։
Այս «ահազանգով» երկու տարի առաջ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագիրը։ Ծրագրում ու դրա գործողությունների պլանում մի քանի անգամ փոփոխություն է կատարվել, վերջինը` այս տարվա հուլիսին: Դրանով նաև հաստատվեց Հայաստանի սեյսմավտանգ դպրոցների ցանկը:
Հանրապետությունում «սեյսմակայունության տեսակետից այսօր առավել վտանգավոր» են համարվում 425 դպրոցներ: Սա հանրապետության դպրոցների 30%-ն է:
Ցանկում կան դպրոցներ, որոնց հիմնանորոգման համար պետբյուջեից, սոցիալական ծրագրերից և վարկային միջոցներից արդեն իսկ միլիոնավոր դրամներ ու դոլարներ են հատկացվել:
Ցանկում ընդգրկվել են նախկինում հիմնանորոգված դպրոցներ
Սեյսմավտանգ համարվող 425 դպրոցներից մի քանիսի տնօրենները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենց դպրոցը սեյսմակայուն է, և դրանց հիմնանորոգման համար բյուջեից արդեն իսկ միլիոնավոր դրամներ են ծախսվել:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, օրինակ, կապիտալ վերանորոգվել և ամրացվել է 2007-2008 թվականներին: Տնօրեն Արմինե Շեգունցը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը վերանորոգել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամը», ծախսը կազմել է 110 միլիոն դրամ:
Ծրագրում ընդգրկված դպրոցներից նույն շրջանում` երեք փուլով, վերանորոգվել և ամրացվել է նաև Վայոց Ձորի Շատին գյուղի դպրոցը: 2010թ. կապիտալ վերանորոգվել է Տավուշի Այգեհովիտ գյուղի դպրոցը:
2007-2009թթ. հիմնանորոգվել է ցանկում ընդգրկված մեկ այլ՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, որը տեղակայված է համալսարանի մասնաշենքերից մեկում: Բուհի ռեկտոր Արմեն Խառատյանն ասում է, որ հիմնանորոգման ավարտից հետո ավագ դպրոցը դոմիկներից տեղափոխվել է համալսարան: Մի քանի մասնաշենքերի (այդ թվում՝ ավագ դպրոցի) հիմնանորոգումը, ռեկտորի խոսքով, իրականացվել է շուրջ 300 մլն դրամ արժեքով (2 փուլով):
Քաղաքաշինության պետական կոմիտեն որոշման առաջին փոփոխության ժամանակ՝ 2017թ. հունվարի նիստին, դիտողություն էր արել նախագիծը ներկայացնողին:
«Ենթադրվում է, որ նախագծի N2 հավելվածով ներկայացված Հայաստանի Հանրապետությունում «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկում առկա են դպրոցներ, որոնց վրա վերջին տարիների ընթացքում կատարվել են զգալի ֆինանսական ներդրումներ (օրինակ` Հաղարծին համայնքի միջնակարգ դպրոցում), նպատակահարմար է դրանք փոխարինել այլ դպրոցներով»,- նկատել էր կոմիտեն:
Նախագծի հեղինակը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ներկայացնող՝ նախարար Դավիթ Լոքյան), սակայն, չի ընդունել այս առաջարկը՝ պատճառաբանելով, որ «այլընտրանքային տարբերակ չի ներկայացվել»:
Ցանկում փոփոխություններ կատարելու առաջարկներ են արել նաև Արարատի մարզպետարանն ու Երևանի քաղաքապետարանը: Նրանք առաջարկել են մի քանի դպրոցներ փոխարինել ուրիշներով: Երկու առաջարկներն էլ մերժվել են. նախագծի հեղինակը Արարատի մարզպետարանին պատասխանել է, որ «ցանկում ներառված դպրոցների սեյսմիկ խոցելիության աստիճանը բարձր է, իսկ փոխարինման համար առաջարկված դպրոցներինը` միջին»: Երևանի քաղաքապետարանի առաջարկը մերժվել է՝ առանց մեկնաբանության:
20 «գերակա» դպրոցները
Կառավարությունը նշված 425 դպրոցներից առանձնացրել է 20-ը, որոնք ունեն «առաջնահերթ կարգով բարելավման անհրաժեշտություն»: Ծրագրում չի հստակեցվում, թե ինչ չափանիշներով են ընտրվել հենց այս 20 դպրոցները: Անորոշ է նաև, թե ինչ է նշանակում բարելավում:
Դրանց ընտրության սկզբունքներից մեկով` Երևանին պետք էր «ցուցաբերել տարբերակված մոտեցում» և ծրագրերի շուրջ 30%-ն իրականացնել Երևանում, քանի որ այստեղ է սովորում հանրապետության աշակերտների շուրջ 30%-ը: Չնայած սրան՝ կառուցվելիք կամ ամրացվելիք 20 դպրոցներից Երևանում են գտնվում 12-ը՝ 60%-ը:
Մեկ այլ սկզբունքի համաձայն՝ դպրոցների ընտրության ժամանակ պետք էր «չներառել ներկայումս լավ տեխնիկական պայմաններ ունեցող դպրոցները»:
Քաղաքաշինության պետական կոմիտեն նկատել է, որ այս դպրոցներից Երևանի թիվ 51 և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցներում վերջին տարիների պետական բյուջեներով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այժմ ընթացքի մեջ են:
Կոմիտեն առաջարկել է ցանկից հանել այդ դպրոցները, սակայն առաջարկը չի ընդունվել: Պատճառաբանվել է, որ Երևանի թիվ 51 դպրոցի համար պետական բյուջեով կառուցվել է նոր մասնաշենք և ամրացման ենթակա է հին մասնաշենքը, իսկ Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում բյուջեով նախատեսված են ոչ թե ամրացման, այլ վերանորոգման աշխատանքներ:
Ֆինանսների նախարարությունը, սակայն, պահանջել է հիմնավորել այս պատճառաբանությունը, քանի որ պետական բյուջեով նախատեսված է եղել Երևանի թիվ 51 դպրոցի հիմնանորոգում, ոչ թե նոր մասնաշենքի կառուցում: Ընդ որում՝ փաստաթղթերով նախատեսված է եղել թվով 2 մասնաշենքերի ուժեղացում: Սրա համար 2016թ. կնքվել է 440 մլն դրամի կապալի պայմանագիր, և նույն տարում պետական բյուջեից փոխանցվել է մոտ 37 մլն դրամ, ևս 88 մլն-ը նախատեսվել է փոխանցել 2017-ին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, սակայն, չի ընդունել ֆինանսների նախարարության առարկությունը` այս անգամ պնդելով, որ «քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում են դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները»:
Ինչ վերաբերում է Սևանի թիվ 1 դպրոցին, այն հանվել է 20 դպրոցների ցանկից, երբ ֆինանսների նախարարությունը հերքել է դպրոցում միայն վերանորոգման աշխատանքներ տանելու պատճառաբանությունը՝ նշելով, որ փաստաթղթերում «ներառված է եղել թվով 6 մասնաշենքերի ուժեղացումը՝ ըստ անհրաժեշտության»:
Ամբողջությամբ՝ hetq.am