Սեպտեմբերի 13-ին Համազգային թատրոնում կկայանա բեմադրիչ և դերասան Դավիթ Հակոբյանի հոբելյանական երեկոն: Նրա ծննդյան 60-ամյակն է:
Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ հանդիսավորություն չի սիրում. «Այդ օրը պարզապես Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» ներկայացման մեջ եմ խաղալու, գլխավոր հերոսն եմ և դա հոյակապ է…Իմ բախտը միշտ բերում է` թատերաշրջանի բացումը միշտ համընկնում է իմ ծննդյան օրվա հետ, հատուկ ինչ-որ հոբելյանական երեկո չկա, պարզապես հարազատ մարդիկ, երկրպագուներ հավաքվելու են, վերջում մի բաժակ բան ենք խմելու իրար հետ ու շնորհավորենք»:
60 տարիների ընթացքում իր ստացած ամենակարևոր դասը Դավիթ Հակոբյանն այսպես է ձևակերպում. «60 տարիների ընթացքում սովորել եմ երբեք չվիճել հիմարի հետ, որովհետև հիմարի հետ վիճելիս իջնում ես իր մակարդակին, խելոքի հետ էլ իմաստ չունի վիճելը, քանի որ արդեն քեզանից խելոք է, էլ ի՞նչ վիճես…»:
Քանի որ Դավիթ Հակոբյանը նաև դասավանդում է Կինոյի և թատրոնի ինստիտուտում, հետաքրքրվեցինք, թե երիտասարդների հետ աշխատանքում ինչն է կարևորում: «Հասկանալ՝ ինչքանով եմ իրենցից հեռացած, որպեսզի լեզու գտնեմ հետները, իմիջիայլոց, ես ուրիշ ոչինչ չեմ սովորեցում նրանց, բացի փեշակից, մնացածը մարդկային փոխհարաբերություններ են…»:
Արվեստագետը, բնականաբար չառանձնացրեց որևէ սիրելի դեր, ասաց, որ ամեն տարիքի հետ որևէ դերի հետ է կապվում. «Շատ կան դերեր, որ անդադար հետս են եղել, դերեր էլ կան, որ կարոտով եմ հիշում, քանի որ էլ չեմ կարող խաղալ, որովհետև երիտասարդ չեմ»:
Դավիթ Հակոբյանը համամիտ է այն տեսակետին, որ երիտասարդությունը հոգու վիճակ է: Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է. «Թատրոնը երիտասարդի արվեստ է, իհարկե, որ ծերանում ես, պիտի հեռանաս: Իսկ եթե չես զգացել, դեռ կարողանում ես խաղալ, ուրեմն ջահել ես: Եվ երանի ջահել մահացող դերասաններին, որ հեռանում են 75-ից հետո…»:
Նա իր գործընկերներին էլ անդրադարձավ. «Առանց կոլեգաների կյանք չկա…Ուզում եմ ինձանից անպակաս լինեն հատկապես իմ տաղանդավոր կոլեգաները»: