Հայաստանի դպրոցականներին ֆինանսական կրթություն կմատուցեն. newsarmenia.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի դպրոցականներին ֆինանսական կրթություն կմատուցեն. newsarmenia.am

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ջանքերով: Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։ Արդյունքում, նրանք ուսումն ավարտելուց հետո կկարողանան ինքնուրույն և արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Կրթության ազգային ինստիտուտի, Գերմանական խնայբանկերի միության համագործակցության արդյունքում մշակվել են ֆինանսական կրթության չափորոշիչները, որոնց հիման վրա աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել ֆինանսական կրթության տարրերը դպրոցական առարկաներում ինտեգրման եղանակով:

Փորձնական ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերին` 13 դպրոցներում, և տևելու է մեկ ուսումնական տարի: Այն մասին, թե ինչպես է անցկացվելու աշակերտների ուսուցումը, որ դպրոցներում և ինչպես է գնահատվելու ծրագրի արդյունավետությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՀՀ ԿԲ ֆինանսական կրթության մասնագետ և ծրագրի համակարգող Արթուր Փոքրիկյանը:

«Նովոստի-Արմենիա». Հատկապես ի՞նչ է նախատեսվում սովորեցնել դպրոցականներին այս ծրագրի շրջանակում։

Ա. Փոքրիկյան. Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ նախատեսված են ֆինանսական կրթության հիմնական թեմատիկ ուղղություններ, որոնց հիման վրա ոլորտի փորձագետներից ձևավորված աշխատանքային խմբերը, ըստ տարիքային խմբերի, առանձնացրել են այն գիտելիքը, հմտությունները և վերաբերմունքը, որոնք անհրաժեշտ են սովորողներին:
Ընդհանուր առմամբ` ֆինանսական կրթությունը ներառում է յոթ թեմատիկ ոլորտ.

1. Ընդհանուր տնտեսական հասկացություններ,

2. Անձնական բյուջեի կառավարում,

3. Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում,

4. Պարտքերի կառավարում,

5. Ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն,

6. Անձնական շահերի և իրավունքների պաշտպանություն,

7. Ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելում և պաշտպանություն։

Այս թեմաներից յուրաքանչյուրն արտացոլված է մշակված առարկայական չափորոշիչներում՝ ըստ տարիքային խմբերի՝ պարզից բարդ սկզբունքով:

«Նովոստի-Արմենիա». Ո՞ր դասարաններում կներդրվեն ֆինանսական գրագիտության բաղադրիչները։

Ա.Փոքրիկյան. Ծրագիրը կներդրվի գրեթե բոլոր դասարաններում` երկրորդից մինչև տասնմեկ։ Ըստ կրթական մակարդակների ֆինանսական կրթության տարրերը ինտեգրված կլինեն «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաներում: Բոլոր թեմաները բաժանված են ըստ տարիքային խմբերի և համապատասխան որակները սովորողների մեջ ձևավորվելու են տարեց տարի՝ սկսելով ամենապարզ հասկացություններից և ավարտելով տարբեր իրավիճակներում ֆինանսական որոշումների կայացմամբ: Այսպես, օրինակ, տարրական դպրոցում սովորողները կիմանան, թե ինչու է կարևոր խնայողությունը առհասարակ, ինչ պետք է անել խնայելու համար, հետագայում պատկերացում կկազմեն խնայողությունները կառավարելու և ներդնելու հիմնական գործիքներին, իսկ արդեն ավագ դպրոցում կուսումնասիրեն ներդրումներ կատարելու վերաբերյալ ավելի խորացված գիտելիք և հմտություններ: Արդյունքում դպրոցի շրջանավարտները կունենան անհրաժեշտ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք իրենց խնայողությունները արդյունավետ տնօրինելու համար:

Հաշվի առնելով այն, որ փողը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում, այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սովորողների շրջանում զարգացնել շատ կարևոր և արդիական կյանքի հմտություն: Ֆինանսական կրթությունը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար և անկասկած ազդում է մարդու բարեկեցության վրա:

Ամբողջությամբ՝ newsarmenia.am