Յուրաքանչյուր հարցում մեկնարկը շատ կարևոր է: Գրքերի արանքում չորացած տերևների եղանակն ավելի ինտելետկուալ, հետաքրքիր և որակյալ դարձնելուն կարող են նպաստել նույն հատկանիշներն ունեցող ֆիլմերը: Եվ հենց այդպիսի ֆիլմեր և մուլտֆիլմեր է առաջարկում դիտել 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացի աշնանային «եթերաշրջանի» առաջին մասնակիցը՝ հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Լիր արքա» (Король Лир)
Խորհրդային կինոռեժիսոր Գրիգորի Կոզինցևի կողմից 1970 թվականին նկարահանված սև ու սպիտակ, երկու մասից բաղկացած «Լիր արքա» ֆիլմի հիմքում ընկած է Ուիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունը: Ֆիլմում Լիր արքայի դերում հանդես է եկել թատրոնի և կինոյի էստոնացի դերասան Յուրի Յարվետը, իսկ դերը կրկնօրինակել է կինոյի և թատրոնի հայտնի դերասան Զինովի Գերդտը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բնածին մարդասպանները» (Natural Born Killers)
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի «Բնածին մարդասպանները» ֆիլմը պատմում է երիտասարդ սիրահարներ Մելորիի (Ջուլետ Լյուիս) և Միկիի (Վուդի Հարելսոն) մասին, որոնք ասես նմանակելով հանրահայտ Բոնիին և Քլայդին՝ ճանպարհորդում են Ամերիկայով և սպանում են բոլոր նրանց, ովքեր հայտնվում են նրանց ճանապարհին: Նրանք պաշտում են միմյանց և ատում մնացած բոլոր մարդկանց: Վաղ թե ուշ նրանք հայտնվում են ամենավտանգավոր բանտում:
Սակայն զվարճալի և ողբերգական զուգադիպությունները բնածին մարդասպանների զույգին սպանելու ևս մեկ հնարավորություն են տալիս:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ)
Ավստրալոամերիկյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում նկարագրվում է Հիսուս Քրիստոսի (Ջեյմս Կևիզել) չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից՝ մինչև խաչելությունը։ Ֆիլմը նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Պիկասոյի արկածները» (Picassos äventyr)
Ռեժիսոր Տագե Դենիելսոնի՝ Պաբլո Պիկասոյին նվիրված ֆիլմը սկսվում է նկարչի հետևյալ արտահայտությամբ. «Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն»:
Պիկասոյի կյանքի մասին պատմող ֆիլմը համեմված է հումորով: Ֆիլմի հերոսների շարքում կան կերպարներ, որոնք արտաքնապես նման են պատմական գործիչներին՝ Դալիին, Ապոլիներին, Գերտրուդ Սթայնին, Ալիսա Բաբետ Տոկլասին և ուրիշներին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կենաց ծառը» (The Tree of Life)
Ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիքի «Կենաց ծառը» Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է։ Ֆիլմը ընթացքում մենք հետևում ենք երեք եղբայրներից մեկի՝ 11-ամյա Ջեքի (փոքր տարիքում՝ Հանթեր Մքքրաքեն, այնուհետև՝ Շոն Փեն) զարգացմանը: Սկզբում երեխայի համար ամեն ինչ հրաշալի է թվում: Իր հոգու աչքերով նա հետևում է մոր գործողություններին: Մայրը (Ջեսիքա Չեսթեյն) սիրո մարմնացում է երեխայի համար, իսկ հայրը (Բրեդ Փիթ) փորձում է որդուն սովորեցնել, որ իրական աշխարհում առաջին տեղում պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն դասի: Ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր կողմը գրավել Ջեքին, իսկ նա պետք է հաշտվի ծնողների պահանջների հետ: Իրականությունը դառնում է ավելի մութ, երբ գլխավոր հերոսը բախվում է ցավի, տառապանքի և մահվան հետ: Երբեմնի բացարձակ պարզ աշխարհը վերածվում է լաբիրինթոսի:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ուրվականներից քշվածները» (ճապ.՝ 千と千尋の神隠し)
«Ուրվականներից քշվածները» ճապոնական անիմացիոն ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է Հայաո Միյաձակին: Անիմեում պատմվում է 10-ամյա աղջկա՝ Չիհիրո Օգինոյի մասին, ով ծնողների հետ տեղափոխվում է նոր տուն: Ճանապարհին մոլորվելով՝ նրանք հայտնվում են տարօրինակ անապատային վայրում, որտեղ նրանց հրաշալի խնջույք է սպասվում: Ծնողներն ագահաբար հարձակվում են սնունդի վրա և չար կախարդ Յուբաբայի կողմից վերածվում են խոզերի:
Այժմ, երբ Չիհիրոն միայնակ է կախարդական արարածների և խորհրդավոր տեսիլների մեջ, քաջ աղջիկը փորձում է ծնողներին ազատելու ճանապարհներ գտնել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Խոսող ձուկը»
Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի կողմից 1983 թվականին նկարահանված «Խոսող ձուկը» մուլտֆիլմի հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթը:
Ծերունին ազատ է արձակում բռնած ձկանը։ Հետագայում ձուկը, պատանու կերպարանք ընդունելով, հայտնվում է տարեց ամուսինների աղքատ խրճիթում և նրանց փրկում դժբախտությունից:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ուր են տանում երազանքները» (What Dreams May Come)
Վինսենթ Ուորդի ֆանտաստիկ մելոդրաման նկարահանված է Ռիչարդ Մեթսոնի համանուն գրքի հիման վրա:
Ֆիլմը պատմում է Քրիսի (Ռոբին Ուիլյամս) և Էննիի (Աննաբելլա Շիորրա) մասին: Ավտովթարի արդյունքում մահանալուց հետո Քրիս Նիլսենն անմահություն է ձեռք բերում և փորձում է մնալ իր հրաշալի, բայց մահկանացու կնոջ՝ Էննի Քոլինզ-Նիլսենի կողքին: Շնորհիվ բարի հոգու, որը նրա ուղեկիցն է, նա աստիճանաբար սովորում է իր նոր գոյությանը և դրախտային միջավայրին: Որոշ ժամանակ անց, չհամակերպվելով միայնակ մնալու մտքին՝ Էննին ինքնասպան է լինում: Իր հանցանքի պատճառով նրա հոգին հայտնվում է դժոխքում: Իմանալով այդ մասին, Քրիսի հոգին իր երկնային ընկերների օգնությամբ փորձում է գտնել կնոջը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Խավարում պարողը» (Dancer in the Dark)
Դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լարս ֆոն Թրիերի երաժշտական ֆիլմ-դրաման ռեժիսորի «Ոսկե սիրտ» տրիլոգիայի երրորդ ֆիլմն է («Ճեղքելով ալիքները» – «Ապուշները» – «Խավարում պարողը»)։
Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլավիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, ով շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է թրեյլերում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սիեստա» (Siesta)
Ամերիկացի ռեժիսոր Մերի Լամբերտի «Սիեստա» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Քլերը (Էլլեն Բարկին), հայտնի հեռուստաաստղ է, ով հայտնի է դարձել իր անսովոր հոբբիով. նա սիրում էր թռիչքներ կատարել պարաշյուտով: Բայց մի օր սուր զգացողությունների սիրահարը կորցնում է հիշողությունը և արթնանում է օտար քաղաքում: Առջևում նրան սպասվում են անհավանական արկածներ: Խիզախ աղջիկը չի վախենա նայել իր անցյալի աչքերին և ընդունել այն այնպիսին, ինչպիսին որ կա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Պատը» (The Wall)
Լոսանջելեսյան հյուրանոցի համարներից մեկում, որտեղ փակվել է ռոք երաժիշտ Փինքը, ամեն ինչ խառնվել է. ժամանակ և տարածություն, իրականություն և մղձավանջ: «Պատի» յուրաքանչյուր աղյուսը նրա զգացմունքներն են, մտքերը, հիշողությունները:
Ռեժիսոր Ալան Փարքերը ֆիլմը նկարահանել է Ռոջեր Ուոթերսի սցենարով, որի հիմքում ընկած է բրիտանական Pink Floyd ռոք-խմբի 1979 թվականի համանուն ձայնասկավառակը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան