«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս, մեծ ինտելեկտուալ և 3 երեխաների հայր Մաքսիմ Պոտաշովը խոստովանում է, որ չգիտի հանճար դաստիարակելու որևէ եղանակ: Իսկ ա՛յ, երեխայի մեջ ինքնազարգացման և ինքնաիրացման նկատմամբ ձգտում կարելի է զարգացնել: Ստորև ներկայացնում ենք Մ. Պոտաշովի խորհուրդները:
Խորհուրդ 1. Երեխաների փոխարեն՝ մի պլանավորեք նրանց ապագան:
Իմ կրտսեր դուստրն ընդամենը 3 տարեկան է, և ես աշխատում եմ դեռևս շատ չխառնվել նրա դաստիարակության պրոցեսին: Իսկ ահա ավագ որդիներս արդեն ձևավորված անհատականություններ են: Նրանք երկվորյակներ են, բայց բացարձակապես տարբեր են և՛ բնավորությամբ, և՛ իրենց նախասիրություններով: Նրանցից մեկը, իմ կարծիքով, ինժեներական գործի մեջ կհաջողի: Ոսկի ձեռքեր ունի, բացի դրանից, տարված է համակարգչային ծրագրերով և հաճախում է համապատասխան խմբակ: Մյուսն ակնհայտ հումանիտար ուղղվածություն ունի, շատ է կարդում, ճիշտ ինձ նման: Սիրում է լուրջ ֆիլմեր դիտել և բավականին լավ վերլուծում է դրանք. գուցե կինոգետ դառնա: Ես հազվադեպ եմ լինում Մոսկվայում, անընդհատ այս ու այն կողմ եմ մեկնում: Բայց, միևնույն է, երբեմն ստուգում եմ նրանց դասերը, անպայման ժամանակ եմ գտնում նրանց հետ սրտանց զրույցների համար և երբեմն մասնակցում եմ ծնողական ժողովներին: Միշտ չէ, որ դրանց ընթացքում դիֆերամբներ եմ լսում: Իսկ ընդհանրապես ես աշխատում եմ հասկանալ, թե ինչ է հետաքրքիր իմ երեխաներին, և ինչ են նրանք իրականում ուզում: Չկա ավելի կարևոր բան, քան երեխայի հետաքրքրությունը: Դրա համար էլ ես նրանց ապագան հստակ չեմ պլանավորել: Կյանքն այնպիսին է, որ երբեմն իրավիճակն է թելադրում ամեն ինչ: Պետք չէ առաջ ընկնել:
Խորհուրդ 2. Մի զբաղվեք երեխային վարժեցնելով
Ծնողներիս կողմից երբեք չեմ զգացել խիստ վարժեցում: Նրանք ինձ վրա ազդում էին իրենց օրինակով: Մեր ընտանիքում ընդհանրապես ընդունված չէր հաշիվ պահանջել, ստիպել անգիր անել, երեխայի հետ դաս սովորել, և այլն: Ինձ թվում է՝ ծնողներս չէին էլ նկատում, որ ես սովորում եմ դպրոցում:
Ես ինքս էլ դպրոցական պարապմունքների վրա շատ ժամանակ չէի ծախսում: Իմ գիտելիքները ես բացառապես գրքերից էի քաղում: Իսկ ահա ֆիզիկատեխնիկական ֆակուլտետում շատ էի պարապում:
Իմ որդիներն արդեն իսկ սովորել են ԱՄՆ-ում, և դա նրանց դուր է եկել հիմնականում նրա համար, որ ամերիկյան դպրոցում նրանցից ոչինչ չէին պահանջում: Այնտեղ իսկապես շատ վստահելի հարաբերություններ են ուսուցչի և սովորողների միջև, իսկ ուսումնական պրոցեսն ավելի շուտ խաղային բնույթ է կրում: Բայց դասավանդման որակն այնտեղ բավականին ցածր է իսկապես: Այս թեմայով ես զրուցել եմ ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում ապրող ընկերներիս հետ ու հասկացել, որ ամենուր իրավիճակը մոտավորապես նույնն է: Ամեն ինչ ուղղված է երեխաների անձի ձևավորմանը և աճին, նրանց չեն ճնշում և առանձնապես չեն սահմանափակում: Բայց դրսում ծնողները, առանց բացառության, բողոքում են նախնական կրթության մակարդակից:
Հիմա իմ տղաները սովորում են սովորական մոսկովյան դպրոցում, ընդ որում՝ ուսումնական բավականին բարձր մակարդակի:
Խորհուրդ 3. Կարևոր չէ, թե որտեղից է երեխան գիտելիք քաղում:
Իմ մանկության տարիներին (1970-80-ական թթ.) ինֆորմացիան ինքն իրեն ասես օդից էր գալիս: Անհասկանալի է՝ որտեղի՞ց և ինչպե՞ս էր այն մարսվում, բայց մարսվում էր: Մեր ժամանակներում մենք հեռուստատեսությամբ շատ ուսումնական հաղորդումներ էինք նայում, որոնք բավականին օգտակար էին: Շատ վատ է, որ հիմա այդպիսիները չկան: Եվ հետո, չնայած հիմա ինֆորմացիա ստանալն ավելի հեշտ է, այժմյան երեխաները չեն օգտվում դրանից: Նեղ է նրանց հետաքրքրությունների շրջանակը: Եթե նկատած կլինեք, երբ ժամանակակից երեխաներին այնպիսի հարց ենք տալիս, որոնց պատասխանը նրանք չունեն, պատասխանում են` մենք դա դեռ դպրոցում չենք անցել: Սա ինձ ամենաշատն է ապշեցնում. մի՞թե հետաքրքիր չէ քիչ ավելին իմանալ, քան դասարանում քեզ պատմում են:
Մի քանի տարի առաջ ես տղայիս խնդրանքով նրան էլեկտրոնային գիրք-ընթերցարան նվիրեցի: Անընդհատ տարբեր գրադարաններ էի ներբեռնում դրա մեջ: Եվ մի պահ մտածեցի. բա մենք մեր մանկության տարիներին չունենայի՞նք սրանից: Լավ գրքի համար մենք հերթ էինք կանգնում, թղթի թափոն հանձնում կամ վերավաճառողներից գնում ու անհագորեն կարդում: Ի դեպ, բացի գեղարվեստական գրականությունից, ես չէի բաժանվում նաև բազմահատոր «Սովետական մեծ հանրագիտարանից»: Հիմա ես դրանք նվիրել եմ տղաներիս, սակայն նրանք դեռևս առանձնապես հակված չեն բացել այդ հատորները: Նրանց համար ավելի հետաքրքիր է նույն բանը փնտրել ու գտնել համացանցում:
Խորհուրդ 4. Պետք է ոչ թե արգելել, այլ գրավել երեխային ինչ-որ բանով:
Ժամանակակից երեխաները լրացուցիչ ինֆորմացիա ստանալու բազմաթիվ աղբյուրներ ունեն, չնայած դրանք հիմնականում ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նկատի ունեմ, օրինակ, խաղային ֆիլմերը, որոնք պետք է նայել՝ սպիտակ ագռավ չհամարվելու համար, համակարգչային խաղերը, չաթերում անիմաստ խոսակցությունները, և այլն: Ինֆորմացիայի աղբյուրներն այժմ անհամեմատ շատ են, քան իմ մանկության տարիներին, սակայն դրանց գերակշիռ մասը վտանգավոր է դեռահասի չձևավորված գիտակցության համար: Կարելի է փորձել սահմանափակել դրանց մատչելիությունը երեխայի համար, բայց այդ դեպքում Ձեր երեխան այդ արգելքները կփոխհատուցի վնասակար սովորույթներով: Սա ավելի լավ հեռանկար չէ, իհարկե: Երեխայիդ անընդհատ չես կարող ֆիլտրել. դա անհնար է: Բացի այդ, չէ՞ որ արգելված պտուղը քաղցր է: Երեխան միշտ էլ կգտնի Ձեր արգելքները շրջանցելու ձևերը, իսկ իսկապես կարևոր որևէ բանի վրա երեխայի ուշադրությունը բևեռել ի վիճակի է ցանկացած ոչ անտարբեր ծնող:
Խորհուրդ 5. Խելացի երեխան պարտավոր չէ կծկված ու թույլ լինել:
Իմ մանկության տարիներին ես ակտիվորեն զբաղվում էի լողով, բասկետբոլով, էլի շատ բաներով: Մեր սերունդը հիանալի, կայտառ, առողջ ու ակտիվ մանկություն է ունեցել: Հիմա, իհարկե, առաջվանը չեմ, բայց հաճախակի քայլում եմ, լրջորեն հետաքրքրվում եմ սկանդինավյան քայլքով: Ինչպես իմ անձնական փորձն է ցույց տալիս, ամեն ինչ համատեղելի է: Եվ լավ ընտանիքի խելացի երեխան բոլորովին էլ պարտադիր չէ, որ թույլ ու կծկված լինի:
Վերջին 2 տարին ես հաճախել եմ ֆիզիկամաթեմատիկական դպրոց: Այնտեղի միջավայրը, իհարկե, տարբերվում էր նախկին դպրոցից: Բայց իմ նոր համադասարանցիները նույնպես փողոցով մեկ վազվզում էին, ֆուտբոլ խաղում և կրակում պարսատիկներից: Այնպես որ, իմ դպրոցական տարիները բավականին նորմալ են ընթացել, և ես բոլորովին էլ «բոտանիկ» չեմ եղել:
Խորհուրդ 6. Երեխային հնարավոր չէ սովորեցնել, բայց նրան կարելի է և պետք է սովորեցնել սովորել:
Վստահ չեմ՝ դիտելու իմաստով, բայց երեխայի մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին շատ օգտակար կարող է լինել նախ՝ այն պատճառով, որ դրանք թիմային խաղեր են: Դրանք սովորեցնում են փոխգործակցություն, շփումներ, զարգացնում են ուրիշներին լսելու, սեփական տեսակետը հիմնավորելու ու պնդելու հմտություններ: Այս բոլոր թվարկածներս շատ կարևոր են երեխայի անձի ձևավորման համար: Բացի այդ, վստահորեն կարող եմ ասել, որ այդպիսի խաղերին մասնակցությունը կտրուկ բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը, և նրանք սկսում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը: Անխուսափելիորեն այդ դեպքում նրանց մոտ գլուխ է բարձրացնում գիտելիք ստանալու նկատմամբ ձգտումը: Սակայն պետք չէ շտապել: Այս ոլորտ երեխաներին պետք է բերել 13 տարեկանից ոչ շուտ: Ինտելեկտը ստատիկ մեծություն չէ: Իհարկե, երեխայի զարգացման մակարդակի վրա մասնակիորեն ազդում է ժառանգականությունը, իսկ ահա մնացածը Ձեր ձեռքերում է: Ծնողի խնդիրը պետք է լինի իր երեխային մտավորական գործունեությանն ու առաջ ընթանալուն պատրաստելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը