Երևանյան «սալյուտների զոհերը». champord.am
Advertisement 1000 x 90

Երևանյան «սալյուտների զոհերը». champord.am

Դուք չեք հավատա, բայց հնարավոր է որևէ առիթ տոնել՝ առանց չափից դուրս ուշ գիշերին հրավառություն կազմակերպելու։ Կներեք, սխալ բառ օգտագործեցի․ ոչ թե «հրավառություն», այլ՝ իրար ետևից անդադար լսվող պայթյուններ, որոնք ստիպում են դղրդալ հարակից շենքերին ու մոտակայքում կայանած մեքենաներին, հունից դուրս գալ այդ շենքերում ապրող մարդկանց:

Անգամ եթե ցանկությունը մեծ է, և դուք պարտադիր ուզում եք ձեր խնջույքի վերջում հրավառություն ունենալ, էլի չեք հավատա, բայց կրակահերթի․․․Ներողություն, էլի սխալվեցի, հրավառության փունջի փոխարեն կարելի է բավարարվել մեկ-երկուսով՝ տարեցներին չստիպելով կրկին անցնել նախորդ դարաշրջանի պատերազմի հիշողությունների միջով։ Իսկ հիմա՝ ավելի լուրջ։

Ամռան օրերին երևի չկար այնպիսի օր, որը չավարտվեր հրավառության դղրդյունով՝ հատկապես քաղաքի այն հատվածներում, որտեղ ռեստորաններ կան։ Բայց խնջույքի վայրերից հեռու ապրողները ևս ազատագրված չէին այդ աղմուկից, որովհետև արձագանքն այնքան ուժեղ էր լինում, որ հասնում էր անգամ նրանց։

Մեր հանրության որոշ մասը սիրում է ապրել ի ցույց ուրիշների՝ ապացուցելով ինչ-ինչ դրույթներ, որոնք չեն խնդրել ապացուցել։ Դրանցից մեկը անտեղի ճոխություն սիրելն է՝ անկրթության ու ծայրահեղության հասցվող։ Թե ինչից է սկսվել արհեստական պճնամոլությունը՝ դժվար է ասել։ Փաստը մնում է փաստ, որ մենք պատրաստ ենք անգամ բանկերից վարկ վերցնել, բայց ճոխ հարսանյաց հանդես և ծննդյան օր կազմակերպել, քանի որ մեզ օդ ու ջրի նման պետք է ցույց տալ, որ միջին վիճակագրական հայ չենք՝ աշխատավարձից աշխատավարձ ապրող։ Եվ ոչինչ, որ այդ պարզ ճշմարտությունը բոլորին տեսանելի է։ Մենք խաբում ենք հյուրերին, հյուրերը՝ մեզ, և բոլորը երջանիկ են։

Իսկ «շքեղ» կյանքի անքակտելի մասը, ըստ միջին վիճակագրական հայի, հրավառությունն է։ Որքան շատ, այնքան՝ լավ ու հարուստ։ Հենց դրա համար ցանկացած հնարավոր առիթ ավարտվում է երկինքը պայթեցնելու փորձերով՝ հնարավորինս հնչեղ ու տեսանելի։ Բանը հասել է նրան, որ որոշ մարդիկ սկսել են հրավառություն կազմակերպել բնակելի շենքերի բակերում, իսկ ի՞նչ կա։ Չէ, իհարկե կա։ Օրենք կա, պայմանավորվածություն կա։ Ըստ որի, հստակեցված ժամից հետո չի կարելի հրավառություն կազմակերպել։ Բայց ցավոք, օրենքը մնացել է թղթին, և բողոքելու դեպքում, անգամ՝ ոստիկանություն դիմելու ու աղմուկը մեղմելու խնդրանքի դեպքում նրանք սկսում են հապաղել ու միշտ հասնում են աղմուկին՝ շատ պատահաբար՝ ուշացած։ Եթե իհարկե առհասարակ արձագանքում են։

Երեք ամսից ավել է՝ գունավոր ռմբակոծության ենք ենթարկվում, մնացած տարիները հիշելն արդեն անիմաստ է։ Կմտաբերե՞ք որևէ դեպք, երբ այս կամ այն ռեստորանը կամ անհատը ենթարկվել է տուգանքի՝ արգելված ժամին աղմուկ բարձրացնելու համար, և այդ մասին ներկայացվել է լրատվամիջոցներում։ Հավանաբար՝ ոչ։ Պարզ պատճառով․ նման դեպք չի գրանցվել։ Եվ տրամաբանական հարց է առաջանում։ Ապառիկով, թե՝ առանց, կազմակերպել եք ճոխ մի խնջույք, ի՞նչն է խանգարում հրավառությունը անել գոնե երեկոյան ութին-իննին՝ գիշերվա մեկ-երկուսի փոխարեն։ Կամ ինչո՞ւ է ռեստորանի կազմակերպչական հարցերով զբաղվող աշխատակցին այդքան դժվար արտաբերել․ գիտեք, հարգելի հյուրեր, մենք օրենքը չենք խախտում, հրավառություն կարող է լինել միայն սահմանված ժամերին, չենք կարող ի կատար ածել ձեր քմահաճույքը։ Կարծես թե՝ բարդ չէ։ Բավականին պարզ նախադասություն է՝ առօրյա հնչերանգով, ինչո՞ւ այն չի հնչեցվում ամեն տոնակատարությունից առաջ։ Եվ դուք էլի չեք հավատա, բայց ամեն անգամ, երբ ձեր արհեստական կամ բնական ճոխ միջոցառումն ամփոփում եք հրավառություններով, ամբողջական թաղամասեր, բարձրահարկ ու ցածրահարկ շենքեր, նրանց բնակիչներ՝ մեծից փոքր, հատ-հատ, լսու՞մ եք, հատ-հատ հիշատակում են ձեզ։ Բայց ոչ աղոթքներում։ Եվ ոչ բարեմաղթանքներում։ Այո, մաղթանքներ են, որոնք, սակայն, ամենևին էլ բարի չեն։

Քաղաքապետարանն ու ոստիկանությունը ձևացնում են, թե չեն լսում աղմուկը։ Անգամ երբ որպես լրագրող դիմում ես այդ խնդրով, պատասխանը միշտ նույնն է՝ զբաղվում ենք, հետևում ենք, կարգազանցություն լինի՝ անպայման կարձագանքենք։ Այսքանով փակում են թեման՝ չթողնելով առաջ գնալ ու գոնե հասկանալ՝ ինչու է այնպես ստացվում, որ կոնկրետ-անվանական ռեստորանների դեպքում ոստիկանությունը միշտ ուշացած է տեղ հասնում՝ անգամ կոնկրետ բողոքների դեպքում։ Հետո էլ ուսերը թոթվում․ գնացինք, աղմուկ չկար, ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ դուք հրաշալի եք ձևացնում, թե ուշ երեկոյան աղմուկ գոյություն չունի։ Բայց շտապեմ հիասթափեցնել․ մենք շատ պարզ տեսնում, լսում, թե կուզեք՝ շոշափում ենք, թե ինչպես եք դուք ձևացնում ու ստում այն քաղաքացիներին, որոնց անդորրի համար պատասխանատվություն եք կրում։

Իսկ հրավառությամբ էլ չեք զարմացնում, զայրացնում եք։ Մի՛ ստիպեք ձեր գեղեցիկ տոնը փչացնի որևէ մեկի տրամադրությունը։ Որովհետև ռմբակոծություն հիշեցնող հրավառության ձայնի մեջ, դղրդացող ասֆալտի վրա կանգնած ու բարձր գմփոցներից միացած մեքենայի ազդանշանն անջատող՝ արդեն վատ տրամադրությամբ մարդիկ բառեր չեն խնայում՝ ձեր ցուցադրական պճնամոլությունը բնորոշելու համար։ Երջանկությունը լռություն է սիրում։ Սկսեք այդ լռությունը գիշերվա երեքի հրավառությունները դադարեցնելով։

Սյունե Սևադա

champord.am