75 տոկոս դեպքերում մեղրը պարունակում է պեստիցիդներ, որոնք վնասակար են և՛ մեղուների, և՛ մարդկանց համար, պնդում են Science ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները։
Շվեյցարացի գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի տարբեր ծայրերից հավաքած մեղրի 198 նմուշ և եկել անմխիթար եզրակացության. լավ ու մաքուր մեղրն այսօր հազվագյուտ է հանդիպում։ Ամենավատը եղել են Լեհաստանից ու Գերմանիայից բերված մեղրի նմուշները։ Ստուգումները դրանց մեջ ի հայտ են բերել օրգանիզմի վրա կործանարար ազդեցություն թողնող պեստիցիդներ։
Գիտնականները նաև հայտնել են, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքած մեղրի ¾–ում նեոնիկոտինոիդների դասին պատկանող որևէ նյութ կա, որն օգտագործում են բերքը վնասատուներից փրկելու համար։ Մեղրի նմուշների 45 տոկոսում 2 կամ ավելի քիմիկատներ են եղել, իսկ 10 տոկոսում՝ 4 կամ 5։
«Պեստիցիդներ պարունակող մեղրում առկա նյութերի չափաբաժինը այնքան մեծ չէ, որպեսզի առողջությանը լուրջ վնաս հասցնի։ Սակայն նման մեղրի մշտական օգտագործման հետևանքը դժվար է կանխատեսել»,– ասում են հոդվածի հեղինակները։