Ինտիմ հիգիենայի արտադրանքը կանանց առողջության համար վտանգավոր է. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ինտիմ հիգիենայի արտադրանքը կանանց առողջության համար վտանգավոր է. հետազոտություն

Հեշտոցի ցնցուղման հետ կապված վտանգների մասին մասնագետներն արդեն վաղուց են խոսում: Սակայն մինչև վերջերս քիչ բան էր հայտնի այն մասին, թե կնոջ օրգանիզմի համար ինչ վտանգ է ներկայացնում ինտիմ հիգիենայի արտադրանքը: BMC Women’s Health ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ նման արտադրանքի օգտագործումը կապված է ինֆեկցիաների մեծ վտանգի հետ:

Կանադայի University of Guelph-ի հոգեբանության պրոֆեսոր Կիրան Օ՛Դոերթին գործընկերների հետ հարցում է անցկացրել մինչև 18 ու ավելի մեծ տարիքի կանանց շրջանում և պարզել, որ հարցվածների 95 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ օգտվել է ինտիմ հիգիենայի արտադրանքից (առանց դեղատոմսի վաճառվող ախտահանիչ գելեր, քորի դեմ քսուքներ, խոնավացնող քսուքներ, աերոզոլներ, խոնավ անձեռոցիկներ):

Ինտիմ հիգիենայի գել և խոնավ անձեռոցիկներ օգտագործող կանանց շրջանում 2,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում միզուղիների ինֆեկցիան, 8 անգամ ավելի հաճախ՝ հեշտոցային կանդիդոզը (կաթնախտ) և 20 անգամ ավելի հաճախ՝ բակտերիալ վագինոզը, որը հեշտոցի միկրոֆլորայի բնական հավասարակշռության խախտման դեպքում առաջանում է որոշակի բակտերիաների աճի հետևանքով: Այսպիսով՝ ինտիմ հիգիենայի արտադրանքի օգտագործումը ոչ միայն չի օգնում առողջության պահպանմանը, այլև հակառակը՝ կարող է վնասել:

BC Women’s Hospital & Health Centrein Canada-ից բժիշկ Չելսի Էլվուդը կանանց կոչ է անում ինտիմ գելեր, քորի դեմ քսուքներ, խոնավ անձեռոցիկներ, ինչպես նաև մոմ կամ ածելի չօգտագործել:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր պահպանել ինտիմ օրգանների մաքրությունը և ազատվել անցանկալի հոտերից:

Բանն այն է, որ հեշտոցն ինքնամաքրման բնական մեխանիզմ է օգտագործում, այսպես կոչված, «լավ բակտերիաների» միջոցով: Առողջ հեշտոցի рН դիապազոնը կազմում է 3,5-ից մինչև 4,5, իսկ ինտիմ հիգիենայի միջոցները երբեմն կարող են այս մակարդակը խախտել: Մասնագետների խոսքով՝ սեռական օրգանի արտաքին հատվածները կարելի է լվանալ ջրով և փափուկ օճառով, իսկ հեշտոցը ներսից ոչ միայն պետք չէ լվանալ, այլև առողջության համար վնասակար է:

med.news.am