Առաջին զինվորական միավորումներն ստեղծել են դեռևս նախնադարյան հասարակարգում, երբ մարդն ապրում էր ցեղերով, տոհմերով: Այդ ժամանակ ստեղծված զինված միավորումները երկու խնդիր ունեին իրենց առաջ դրված. պաշտպանել համայնքը վայրի կենդանիներից և այլ ցեղերի հարձակումներից, համայնքի համար սնունդ հայթայթել:
Աստիճանաբար այս զինված միավորումները ավելի հստակ ու կայուն կարգավիճակ ստացան և առաջին պետական միավորումների հայտ գալուն պես նրանց կարգավիճակն ավելի ամրապնդվեց: Բանակը դարձավ պետության հենասյունը:
Սակայն սկզբնական շրջանում բանակը չուներ այն բոլոր ենթակառուցվածքները, ինչ այսօր կամ ավելի վաղ անցյալում: Չկար կանոնավոր բանակ և օրենքով կարգավորվող հարաբերություններ: Բանակն ավելի շատ իրենից ներկայացնում էր սկզբնական փուլում անկանոն կազմակերպված զինված ջոկատներ, որ հավաքվում էին ըստ անհրաժեշտության:
Հետագայում, պետական իշխանության ամրապնդման փուլում բանակը աստիճանաբար ձեռք բերեց իր այսօրվա կարգավիճակն ու կառուցվածքը:
Դրանցում մեծ դեր խաղաց ոչ միայն պետության ամրապնդումն ու հզորացումը, այլև պետական մյուս ինստիտուտների կայացումը:
Դեռ շումերների պետությունում տաճարները կատարում էին նաև զենքի, զինամթերքի պահեստի դեր: Դա էապես մեծացրեց տաճարների դերը բանակում և հոգևոր դասը նաև քաղաքական ուժ ստացավ: Նույնը եղել է նաև Հայաստանում, ուր տաճարները, քրմական դասը անգամ սեփական զինված ուժերն ունեին: Պատմիչները վկայում են, թե ինչպիսի զինված դիմադրություն են ցուցաբերել քրմերը Տրդատ Գ, երբ վերջինս Հայաստանում տարածում էր քրիստոնեությունը: Այս տաճարների վրա էր դրված նաև պատերազմի ժամանակ աշխարհազորը զինելու պարտականությունը:
Դեռ երրորդ հազարամյակից մ.թ.ա. բանակում որոշակի կարգ ու կանոն կար, հստակ կանոնակարգված արարողակարգեր կային: Որմնանկարներից դատելով, այդ ժամանակներից նաև եգիպտական և միջագետքյան երկրների բանակներում հստակ շարքեր կային: Այսինքն` զորքը երթերի ժամանակ շարային էր քայլում:
Այս ամենը եղել է նաև Հայաստանում: Քերթողահայր Խորենացին մասնավորապես, նկարագրելով Հայկի և Բելի ճակատամարտը, մանրամասն նկարագրում է Հայկի կողմից իր ուստրերի և թոռների, ըստ էության` հայոց բանակի կարգ ու կանոնով դասավորելու մասին:
Եգիպտական Ռամզես Գ փարավոնը (1204-1173 մթա) առաջինն էր որ առանձնացրեց հետևակի ծառայությունը մարտակառքերի ծառայությունից, նա նաև առաջինն էր որ մտցրեց օտարազգի վարձկանների ծառայությունը: Նա առաջինն էր նաև, որ բանակում վերացրեց ծեծը, ֆիզիկական պատիժները և դրանք փոխարինեց աստիճանազրկումով: Նա մեծ ուշադրություն դարձրեց բանակի կարգուկանոնին: Նրա հրամանով, պատվազրկած զինվորն իր պատիվը կարող էր վերականգնել միայն մարտի դաշտում կատարած հերոսությունով: Ռամզեսն առաջինն էր, որ մթա 1200 թվականին համատեղեց ծովային և ցամաքային ուժերի մարտավարությունը մեկ ընդհանուր խնդիր լուծելու համար:
Զենքեր և պաշտպանական միջոցներ Հայաստանում կիրառել են վաղնջական ժամանակներից: Դեռ նախնադարում մարդու առաջին զենքը քարն ու փայտե մահակն էին: Մարդու կողմից մետաղի օգտագործման հետ մեկտեղ զենքերն ավելի կատարելագործվեցին և ճկունություն ձեռք բերեցին:
Աշխարհում առաջին ռազմական բարեփոխումների պատիվը պատկանում է Միջագետքի Աքքադ պետության թագավոր Սարգոն Աքքադացուն, որ թագավորել է մ.թ.ա. 2316-2261 թվականներին: Նանաև ստեղծեց առաջին կանոնավոր, հիմնական բանակը: Սարգոնը իր զինվորներին հարձակվելու համար տվեց միայն մեկ տեսակի զենք, որ նպաստեց զորքի, այդ զինատեսակին կատարելագործմանը: Նա նաև անկանոն մարտը փոխարինեց հստակ մարտավարությամբ, ուր մարտի ժամանակ օգտագործվում էին զենքի և զորքի բոլոր տեսակներն ու ստորաբաժանումները: Սարգոնը մանավանդ հիմնվում էր հմուտ նետաձիգների վրա, որոնց շնորհիվ կարողանում էր հեռահար մարտ վարել և միաժամանակ խախտել հարձակվող հակառակորդի մարտական դասավորությունը:
Հնագույն զինատեսակներից էր պարսատիկը: Այն իրենից ներկայացնում էր երկու ծայրերին պարան կամ կաշվե ամուր թելեր ամրացրած կտոր, որի մեջ փաթաթած քարը նետում էին թշնամու վրա` կաշվի մի ծայրը բաց թողնելով: Առավել տարածված ու արդիական զենք էր նետ ու աղեղը, որ դարձյալ Հայաստանում օգտագործել են հազարամյակներ շարունակ: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են նետ ու աղեղի հազարավոր նմուշներ, որոնց նետասլաքները պատրաստված էին օբսիդիանից, կայծքարից, ոսկրից, պղնձից, երկաթից…
Հայաստանի տարածքում գտնված հարյուրավոր ժայռապատկերների մեջ պատկերված է նետաձիգ զինվորը: Այս զենքերը, բնականաբար, սկզբնական շրջանում կենցաղային նշանակություն են ունեցել մարդու համար և նախապես ծառայել են որպես որսի միջոց: Հետագայում, տոհմատիրական կարգերում, առաջին զինված ջոկատները արդեն լիիրավ սպառազինված են եղել: Հայկական բանակում առանձնահատուկ տեղ են ունեցել նետաձիգները: Նետ ու աղեղը օգտագործվում էր զորքի բոլոր տեսակներում. նրանով զինված էին թե հեծյալները, թե հետևակը: Այն օգտագործվում էր պաշտպանության և հարձակման ժամանակներում: Հայերը լավ նետաձիգներ են եղել:
Ասորեստանյան բանակում ստեղծվեցին առաջին ինժեներական ստորաբաժանումները: Այստեղ ծառայողները զինված էին բացառապես քլունգներով և այլ նմանատիպ գործիքներով, որոնց նպատակը ճանապարհների, ամրությունների կառուցումն էր կամ թշնամու գրաված ամրոցների քանդումը:
Հայոց ավանդույթը պատմում է, որ դեռ սրանից հինգ հազար տարի առաջ մեր նահապետ Հայկը ասորաց թագավոր Բելին սպանել է երեքթևյան նետով: Նրա արձակած աղեղը գետնել է Բելին և ծակելով մարմինը կրծքից սնամեջ` դուրս է եկել թիկունքի կողմից: Ուրարտական սեպագիր արձանագրություններից մեկում փաստած է, որ մի մրցույթի ժամանակ Հայոց Արգիշտի Բ արքայի արձակած նետը սլացել է շուրջ 950 կանգուն, որ հավասար է 492 մետրի:
Հայկական եռաթև նետերի մասին իր ակնարկում պատմում է նաև հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնը:
Միջնադարում նետ ու աղեղը ավելի կատարելագործվեց և այն կիրառական էր աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ: Մանավանդ մոնղոլները հայտնի էին որպես հմուտ նետաձիգներ և հայ մատենագրության մեջ նրանք հայտնի են նաև նետողաց ազգ անվամբ:
Ասորեստանյան բանակում կիրառվեցին առաջին պաշարողական գործիքները:
Թիգլաթպալասար Գ (745-727) առաջինը բանակ մտցրեց վարձատրության սիստեմն, ուր զինվորը ծառայության դիմաց վարձատրվում էր արքայի կողմից: Նա նաև առաջինը ստեղծեց արքայական թիկնազորը:
Ձեռնամարտի ծակող, կտրող զենքերից առավել կիրառական էին սուրը, թուրը, սուսերը:
Սուրը երկար, պողպատե երկսայր, սուր շեղբով և երախակալով կամ դաստանակով զենք է: Սուր հիմնականում կրել են հետևակայինները: Սուրը երկսայր են պատրաստել որպեսզի հնարավոր լիներ հարվածել աջ ու ձախ:
Թուրը որ հիմնականում հեծելազորայինների զենքն էր, սրից տարբերվում էր փոքր ինչ կորությամբ և նրանով, որ թրի միայն մի կողմն էր սրած: Մյուս` տափակ կողմը նախատեսված էր թշնամու հարվածները կասեցնելու համար:
Սուսերը համեմատաբար ուշ շրջանի զենք է: Այն բարակ, ճկուն, կլոր շեղբ ունի և նախատեսած է միայն խոցելու համար:
Խոցելու և կտրելու փոքրիկ զենքերից է դաշույնը, որ մարտիկի անբաժան ուղեկիցն է եղել: Սակայն դաշույնը լրացուցիչ զենք է և որպես այդպիսին մարտի ժամանակ լայն կիրառություն չի ունեցել:
Սակայն ռազմարվեստն ավելի կատարելագործման հասավ հին Եգիպտոսում, ուր հստակ ստորաբաժանումներ ստեղծվեցին, զորքի տեսակները տարանջատվեցին, նրանք միանման զինվեցին: Հատուկ նշանակություն տրվեց ինժեներական պատրաստվածությանը, զորքի մատակարարմանը, տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցությանը: Թութմոս Գ փարավոնը նաև մշակեց զորքերի մարտաշարքով շարժի համակարգը, որ գործում է մինչ օրս. խոսքը շարժի ժամանակ բանակը երեք մասի բաժանելու մասին է. առաջնապահ, հիմնական և ետնապահ ուժեր:
Հայոց բանակի ծանրազեն հեծյալ և հետևակ մարտիկների հիմնական զենքերն էին գեղարդը, տեգը և նիզակը: Սրանք կազմված էին փայտե երկար և կարճ կոթերից, նրանց վրա ամրացված սրածայր շեղբերից և բացառապես կիրառվում էին դեմից խոցելու համար: Նիզակը կոչել են նաև աշտե կամ աշտետ: Նիզակի տեսակ է մկունդը: Պատմությունը հետաքրքիր դեպք է ավանդել. 378 թվականին հայոց Վարազդատ Արշակունու դեմ ապստամբում է Մանվել Մամիկոնյան սպարապետը: Նա մենամարտի է բռնվում թագավորի հետ և հաղթում նրան:
Սակայն չկամենալով սպանել Վարազդատին, հայոց սպարապետը նիզակի պոչով ծեծում է նրան և հալածում մարտադաշտից: Այսինքն, երբեմն մարտի ժամանակ ըստ անհրաժեշտության կիրառվել է նաև նիզակի պոչը:
Սպարտայում տղաներին զինվորական ծառայության էին պատրաստում ծնված օրից: Այստեղ գլխավորը ֆիզիկական, բարոյական և ռազմական պատրաստությունն էր: Հզոր բանակ ուներ նաև Աթենքը, որի թվաքանակը հասնում էր 30 000 հետևակի: Բացի դրանից, աթենացիներն ունեին նաև լավ նավատորմ: Հունական բանակների կորիզը ծանրազեն հետևակն էր, որ զինված էր երկու մետրանոց նիզակներով և կարճ թրերով:
Յուրատեսակ զենք է օգտագործվել` հեծյալին ձիուց ցած գցելու համար: Այն իրենից ներկայացնում էր երկար ձող` վրան ամրացրած կեռեր: Երբեմն ձողին փոխարինել է երկար պարանը:
Հետևակի կիրառած զենքերից է նաև սակրը կամ վաղրը, որ իրենից ներկայացնում է լայնաբերան կացին:
Մ.թ.ա. 200 թվականին, երբ Արտաշես իշխանն ապստամբեց հայոց Երվանդ Դ Երվանդունի թագավորի դեմ, Արտաշեսի զինվորները հենց վաղրով սպանեցին Երվանդ արքային:
Աքեմենյան Դարեհ Ա թագավորը (մթա 522-486) առաջինն էր, որ զորքի արագ տեղաշարժման համար հարմարավետ ճանապարհներ կառուցեց. կառուցեց Արքայական պողոտան, որի երկարությունը կազմում էր 2400 կմ: Նա նաև ճանապարհի վրա յուրաքանչյուր 5-րդ կիլոմետրում փոստային հաղորդակցման կայան ստեղծեց. այսինքն նա առաջինն էր, որ ուշադրություն դարձրեց կապի միջոցներին և արագ լրատվությանը: 2400 կմ հեռավորությունից թարմ լուրերը արքային էին հասնում երկու օրվա ընթացքում:
Պաշտպանական միջոցներ են զրահը, վահանը, սաղավարտը: Վահանը պատրաստել են պղնձից կամ բրոնզից, երբեմն, փայտից, որի վրա հաստ կաշի էր ամրացված: Զրահը երկաթից էի պատրաստված, սաղավարտը` երկաթից կամ բրոնզից: Զրահը բաղկացած էր մի քանի մասերից. լանջապանակից, որ պատսպարել է կուրծքը, թիկնապանակից, որ թիկունքն է պաշտպանել, դիմակալից, որ դեմքն է պաշտպանել, ուսակալը պաշտպանել է ուսը, զանգապանը` կոնքերը, սրնապանը` սրունքները, բազպանը` բազուկները… Օգտագործվել են հիմնականում թեփակերտ զրահներ, որ ավելի է թուլացրել հարվածի ուժը:
Զինվորական ծառայության մեջ առաջինը ժամանակացույց սահմանեցին հռոմեացիները: Հին Հռոմում զինվորները ծառայությունից ազատվում էին հետևակազորայինները 16-20, հեծելազորը` 10 արշավանքի մասնակցելուց հետո:
Օգտագործվել են մեծ և փոքր վահաններ: Մեծ վահաններից կազմված շարքի հետևում զորքը հաջողությամբ պատսպարվել է, ինչես պարսպի հետևում:
Աշխարհազորը զինված էր տեգերով, նետ ու աղեղով, նիզակներով: Դա կարելի է բացատրել նրանով, որ հասարակ բնակչությունը չէր կարող տիրապետել սրով կռվելու արհեստին: Այսինքն` բնակչության սոցիալական շերտավորումը առկա էր նաև հին Հայաստանի բանակում:
Եթե Հայաստանում բանակի մեջ կար սոցիալական շերտավորում` այսինքն ազատներ և անազատներ, կամ հեծյալներ և հետևակ, ապա միջագետքում կար ամուսնացածների և ամուրիների զորաջոկատներ: