ՍՇՎ ընթացքի ծանրությունը կախված է մարդու քթի մեջ «ապրող» բակտերիաների տեսակից: Այս մասին են վկայում Nature Scientific Reports-ում հրապարակված ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երբ քթի միկրոֆլորայում գերակշռում են ստաֆիլոկոկերը, ապա մրսածությունն ավելի ծանր է ընթանում: Հակառակ պատկերն է դիտվում ստաֆիլոկոկերի փոքր քանակության դեպքում: Տվյալ դեպքում խոսքը սուր շնչառական վիրուսային (ՍՇՎ) ինֆեկցիաների մասին է, որոնք առաջացնում են միևնույն վիրուսային շտամները:
Մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել այն, որ հետազոտության մասնակիցների միկրոբիոմի բակտերիալ կազմը տարբերվում է, որը կարելի է բաժանել 6 տեսակի: Նաև հայտնաբերվել է, որ բակտերիաների կոմպոզիցիաները հարաբերակցվում են վիրուսային ծանրաբեռնվածությանը, այսինքն՝ օրգանիզմում մրսածության վիրուսի քանակությանը:
Չնայած հայտնաբերված կապին, մասնագետներն առայժմ չեն շտապում միանշանակ խոսել այն մասին, որ քթի մեջ առկա միկրոօրգանիզմներն են կրում մրսածության ախտանիշների տարբեր արտահայտվածության ամբողջ պատասխանատվությունը: Դրա հավանականություն կա, սակայն ավելի ճշգրիտ պատասխանի համար անհրաժեշտ է անցկացնել նոր հետազոտություններ:
Գիտնականները չեն բացառում, որ հնարավոր է՝ քթի մեջ ստաֆիլոկոկերի առկայությունը և մրսածության ախտանիշների ծանրությունն անուղղակլիորեն են կապված: «Հնարավոր է՝ դրա հիմքում ընկած է այլ գործոն, որը միաժամանակ ազդում է ինչպես քթի մեջ ստաֆիլոկոկերի քանակության վրա, այնպես էլ մրսածության հանդեպ նախահակվածության»,- նշում են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ այս գործոնների թվում կարող են լինել, օրինակ, էկոլոգիան կամ մարդու գեները: