Նորանկախ Հայաստանի պատմության մեջ և ոչ միայն` դեռ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի լիդեր իր պայքարի քաղաքական նպատակը չէր հռչակել երջանկությունը: Եվ ուրեմն, թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր ոչ միայն իրականացման մեթոդներով, այլև հռչակագրերով, որ հնչեցին հրապարակներում և ամենատարբեր հարթակներում: Լինել ազատ և երջանիկ` ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երջանկությունը կոչված է իբրև քաղաքական նպատակ: Կարելի է համարձակ երազել ոչ թե գալիք, այլ ստեղծելիք երջանկությունը, որովհետև այս հեղափոխությունը կատարվում է հենց ազատ ու երջանիկ լինելու համար: Հիմա: Արդեն իսկ:
Զրույցը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:
– Հիմա մտածում եմ և հասկանում, որ չեմ կարող մեկ բառով նկարագրել, թե ինչ է երջանկությունը:
Անձնական երջանկություն
Հազար ու մի պարզ մարդկային երջանկություններ կան` երեխաս ծնվեց` երջանկացա, հաջողություններ ունեցավ` երջանիկ եմ, կնոջս հետ մեր սիրած սրճարանում մեր սիրած սուրճից մի բաժակ վայելեցինք՝ արդեն երջանիկ եմ, Հենրիկ Մխիթարյանը գոլ է խփում` ես երջանիկ եմ:
Հասարակական երջանկություն
Հիշում եմ, որ 1991 թվականին, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և երբ Արամ Մանուկյանը կարդում էր Անկախության հռչակագիրը, այդ պահին երջանիկ էի: Իրոք, երջանիկ էի ու հպարտ: Երբեք չեմ մոռանա:
Մասնագիտական երջանկություն
Ես, ճիշտն ասած, մեծադղորդ տեսարաններով երջանկացող չեմ. մի շարք երկրներում դեսպան եմ եղել և չեմ կարող ասել, թե այսինչ երկրի նախագահին հավատարմագրեր հանձնելու պահին կամ պետական պահակազորի առջևով քայլելիս երջանիկ էի: Ես երջանիկ եմ, երբ իմ որևէ գործ արդյունք է տալիս: Կարող է շատ փոքրիկ գործ լինել, բայց երբ զգում եմ, որ հասավ իր նպատակին՝ երջանիկ եմ:
Եղիշեն ասում էր, որ բոլոր տեսակի դժբախտությունները ծնվում են տգիտությունից: Մատենադարանի խնդիրներից մեկը, բացի հետազոտական և այլ աշխատանքներից, նաև հասարակությանը կրթելն է: Հանրային գիտակցության մեջ Մատենադարանը գրեթե սրբացված տարածք է, որտեղ կան բարձր ու վեհ արժեքներ, բայց դրանք բաներ են, որ կապ չունեն իրենց առօրյա կյանքի, իրենց անձի, իրենց անձնական պատմության հետ…
…Ի դեպ, Մատենադարանում գործում է խմբակ, որտեղ 7-12 տարեկան երեխաները սովորում են մանրանկարչություն: Երջանկություն կլինի, եթե հետագայում այս խմբակը զարգանա և ներառի այլ տարիքային խմբեր ևս:
Երջանիկ հասարակություն, երջանիկ երկիր
Մարդկանց երջանկությունից զրկում է հոգսը: Եվ մարդուն աշխատանքը չէ որ հոգսաշատ է դարձնում: Մարդը կարող է առավոտից երեկո ծանր աշխատանք կատարել, բայց նրա դեմքին հոգս չտեսնեք: Գուցե հոգնություն, բայց ոչ հոգս: Հոգսի հիմնական դրդապատճառը, իմ կարծիքով, անորոշությունն ու անկայունությունն է…
Մարինա Բաղդագյուլյան
Ամբողջությամբ՝ armtimes.com