Ուշագրավ փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մասին
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ, նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից:
Գիրքն անխոս շատ հետաքրքիր է գոնե այն տեսանկյունից որ հայկական 2 պետությունների ղեկավար եղած Ռոբերտ Քոչարյան պետական գործչին հասարակությունն այդպես էլ չճանաչեց խորապես, գնահատեց, բայց և միևնույն ժամանակ չգնահատեց ըստ արժանավույն, իսկ վերջին ժամանակներում թացը խառնեց չորի հետ․ այդ պատճառով այս գիրքը շատ հարցերի շուրջ լույս կսփռի։
2rd.am-ը որոշեց անդրադառնալ գրքում և այլ աղբյուրներում տեղ գտած ուշագրավ փաստերին, որոնք մինչ այդ չէին հրապարակվել։
Ռոբերտ Քոչարյանի պապը՝ Սարգիսը եղել է հոգևորական։
Ռոբերտ Քոչարյանը «Կյանք և ազատություն» գրքում Սարգիս Քոչարյանի մասին գրում է․
«Ես նրան չեմ տեսել. մինչև իմ ծնվելն է մահացել: Մի անգամ, լրիվ պատահական, գյուղում մի մարդու հանդիպեցի, որն ասաց, թե լավ գիտի պապիս՝ դերանց Սարգիսին: Հարցրի՝ ինչու է պապիս «դերանց» ասում: «Ո՞նց,- ասում է,- պապդ մեր շրջանի վերջին քահանան է եղել»: Երբ պապս, ջարդերից փրկվելով, վերադառնում է Ղարաբաղ, նրան, որպես գրաճանաչ մարդու, առաջարկում են քահանա դառնալ. գրագետ մարդիկ այն ժամանակ հազվագյուտ էին: Պապս համաձայնել էր ու սպասավորել մինչև 20-ական թվականների վերջը, մինչև կփակվեր վերջին եկեղեցին»:
Հատված բանաստեղծ, հրապարակախոս Հրաչյա Բեգլարյանի «Ղարաբաղյան շարժում» գրքից․
«Դեռևս 1892 թվականին, երբ Խրիմյան Հայրիկն ընտրվեց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, որոշեց այցելել Ղարաբաղ։ Գանձասար գնալու ճանապարհին Խրիմյան Հայրիկին մի օր պահեցին Դաշբուլաղում, նա գիշերեց Սարգսի /խմբ․ Սարգիս Քոչարյան/ հայրական տանը։ Այդ փաստը փորագրվել է մի սրբատաշ քարի վրա և մինչև հիմա պահվում է գյուղի դպրոցի թանգարանում։ ․․․Էջմիածնի կաթողիկոսական թղթերի մեջ պահպանվում է դաշբուլաղեցի Սարգիս Քոչարյանի մի նամակը, որով նա խնդրում է իրեն ազատել տերտերությունից, որպեսզի հանապազօրյա հացն ինքը վաստակի հողագործությամբ։ Պետք է հասկանալ, որ այն ժամանակ գյուղի տերտերը, որպես ռազմական գործի մասնակից, ցանկանում էր իրեն բոլորովին ազատ զգալ հայրենի երկրի պաշտպանության գործի մեջ և թշնամուն ոչնչացնելով, որպես հոգևորական, մեղքի տակ չմնալ․․․»։