Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում հայերի ջարդերին միջազգային հանրության հստակ գնահատական չտալու հետևանք էին: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլում այս մասին նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունները, ճնշումները սկսվել են առնվազն 1988 թվականից և շարունակվել են 1989, 1990 թվականների ընթացքում, և հայ բնակչությունը հարկադրված լքել է իր բնակատեղին: Բավական մեծ թվով հայեր էլ դաժանաբար սպանվել են: Բազմաթիվ վկայություններով ու փաստաթղթերով երևում է, որ այդ ամենը պետության կողմից կազմակերպված է եղել»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ միջազգային կառույցներից մինչ այժմ ունեցած արձագանքներին: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր, որոնցով քննադատվում են Բաքվի և Սումգայիթի ջարդերը, հետագայում ընդունվել է բանաձև, որը վերաբերում էր Հայաստանը շրջափակումից հանելուն: Կոչ էր արվում Խորհրդային իշխանություններին ապահովել հայերի ազատ տեղաշարժը, կյանքի, գույքի անվտանգությունը: 2002 թվականին էլ ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի տնօրենը նշել էր, որ տեղի են ունեցել ջարդեր, և անդրադարձել է դրանց հետևանքով փախստական դարձած հայերի խնդիրներին:
«Այս ամենը կարևոր է, պետք է դրանք պարբերաբար մեջ բերել, ներկայացնել այս արձագանքները, որ այլ կառույցներ ևս դատապարտեն այդ գործողությունները: Եթե չես քննադատում, քայլեր չես ձեռնարկում, ապա դա հանգեցնում է նոր ջարդերի»,-ասաց փորձագետը:
Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին էլ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելությունը շարունակվում է: Դրա մասին է վկայում այն, որ վերջերս ազգությամբ հայ Ռուսաստանի և Էստոնիայի քաղաքացիներին թույլ չէին տվել այցելել Ադրբեջան: Դրանից բացի, Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է հասարակության շրջանում հայերի նկատմամբ այլատյացության տարածմանը: Դեռ մանկապարտեզներից, դպրոցներից այդպիսի քաղաքականություն է իրականացվում:
«Այստեղ հարց է առաջանում, եթե ազգությամբ հային, ով այլ երկրի քաղաքացի է, չեն թողնում Ադրբեջան մուտք գործել, ապա ինչպես կվարվեին այն հայերի նկատմամբ, որոնք մնային ու իրենց ինքնությունը փորձեին պահել այդ երկրում»,- ավելացրեց նա:
Ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ նշեց, որ տարբեր առիթներով խոսվում, բարձրաձայնվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ջարդերի մասին: Ինտենսիվ աշխատանք է տարվում լոբբիստական կառույցներով:
«Ադրբեջանը հայատյացության դրսևորումներով վնաս է հասցնում իր իսկ հասարակական, քաղաքական կյանքին: Հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, որպես այդպիսին, հետևանք են թողել հենց Ադրբեջանի հասարակական, քաղաքական գործընթացների միտումների վրա: Հայտնի է, որ Բաքվի ջարդերի օրերին «Ժողճակատ» կուսակցության համեմատաբար ավելի չափավոր թևը հրաժարվեց դառնալ հանցագործության մի մաս և դուրս եկավ կուսակցությունից: Հետագայում նրանցից շատերը քաղաքական հալածանքի ենթարկվեցին, ձերբակալվեցին»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը: