Ուղեղն ինչպե՞ս պահպանել առողջ և երիտասարդ. 5 պարզ խորհուրդ
Advertisement 1000 x 90

Ուղեղն ինչպե՞ս պահպանել առողջ և երիտասարդ. 5 պարզ խորհուրդ

Ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների տարիքային փոփոխություններն անխուսափելի են, սակայն այս պրոցեսները կարելի է զգալիորեն դանդաղեցնել: Եթե ցանկանում եք ձեր ուղեղը հնարավորինս երկար պահպանել առողջ և երիտասարդ, պարզապես հետևեք այս պարզ խորհուրդներին.

Ավելի ակտիվ եղեք

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, որոնք սրտի զարկերն արագացնում են, նպաստում են ուղեղում նոր նեյրոնների ստեղծմանը: Այս պրոցեսին ամենից լավ նպաստում են դիմացկունության բառնվածությունները, բայց սկզբունքորեն կենտրոնական նյարդային համակարգի համար օգտակար է գործնականում ցանկացած ֆիզիկական ակտիվություն: Ուստի աշխատեք օրվա ընթացքում հնարավորինս ակտիվ լինել:

Նորը ճանաչեք

Եթե ցանկանում եք ուղեղը երիտասարդ պահել, մշտապես ինչ-որ նոր բան սովորեք: ԱՄՆ-ում նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտներին ստիպում են բանաստեղծություններ սովորել, բարձրաձայն կարդալ, շփվել. դա չի բուժում, բայց օգնում է հիվանդությունը զգալիորեն արգելակել՝ բարելավելով ուղեղի ֆունկցիաները:

Ուղեղի մարզման ամենահասանելի և արդյունավետ եղանակներից մեկը խաչբառերի և այլ գլուխկոտրուկների լուծումն է: Այն ինտելեկտի մակարդակը չի բարձրացնում, սակայն ուղեղին ստիպում է ակտիվորեն աշխատել: Լավ գաղափար է նաև նոր լեզուներ սովորելը:

Կերեք վառ կեղևով բանջարեղեն և միրգ

Կարմիր և մանուշակագույն գունավորմամբ պտուղները (սմբուկ, բազուկ, խաղող) անտոցիանների մեծ քանակություն են պարունակում, որոնց շնորհիվ ակտիվանում է արյան շրջանառությունը, և ուղեղն ավելի լավ է հագենում թթվածնով: Աշխատեք ձեր սննդակարգում հնարավորին շատ վառ գունավորմամբ մրգեր և բանջարեղեն ներառել, ընդ որում՝ ցանկալի է այն ուտել նվազագույն ջերմամշակմամբ, իսկ կատարյալ տարբերակն է առանց ջերմամշակման ուտելը:

Շաքար քիչ գործածեք

Շաքարն ուղեղի համար վնասակար է, և սա ապացուցվել է մեծ թվով հետազոտություններով: Ամերիկյան Մայոյի կլինիկայի աշխատակիցների հետազոտության տվյալների համաձայն՝ քաղցրի հանդեպ սերը ինտելեկտի համար հատկապես վտանգավոր է տարեց տարիքում. քաղցրեղենի սիրահար տարեցների շրջանում 4 անգամ ավելի արագ են տեղի ունենում հիշողության վատթարացման, ընդհանուր ինտելեկտի և տեղանքում կողմնորոշվելու ունակության նվազման պրոցեսները: Ուստի աշխատեք շաքարի գործածումը սահմանափակել՝ անկախ այն հանգամանքից, թե քանի տարեկան եք:

Քնեք լռության և մթության մեջ

Քնի պակասը բացասաբար է ազդում հիշողության վիճակի վրա. հետազոտողները նշում են, որ մեկ անքուն գիշերը մարդուց խլում է IQ-ի մի քանի միավոր: Խորհուրդ է տրվում օրական քնել 7 ժամից ոչ պակաս: Մասնագետները խորհուրդ են տալիս ննջարանն ազատել գրգռիչներից՝ ձայնի և լույսի աղբյուրներից: Եթե մարդը քնում է մի իրավիճակում, երբ հնարավորություն չունի խորասուզվելու լիակատար մթության մեջ, ապա մեծացնում է ուղեղի բջիջների բորբոքման և մահվան հավանականությունը:

med.news.am