Մանդարինը ձմռանն ամենատարածված ու սիրված մթերքն է, որը համարվում է նաև ամենաօգտակար մրգերից մեկը, սակայն քչերին է հայտնի, որ այս մրգի գործածությունը կարող է նաև վնասակար լինել։ Բժիշկ-սննդաբան Արթուր Մոիսեենկոն ներկայացրել է այս մրգի օգտակար հատկությունները և հնարավոր կողմնակի բարդությունները, որոնք կարող են ի հայտ գալ դրա գործածության դեպքում։
Մասնագետի խոսքով՝ մանդարինը կարելի է համարել լավագույն միրգն աշնանն ու ձմռանն օգտագործելու համար։ Այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, ֆլավոնոիդներով ու վիտամին C-ով, որոնց օգտակար հատկություններից մեկն այն է, որ դրանք նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը։
«Դրանց գործածությունը նպաստում է շնչառական համակարգի հիվանդությունների ու վիրուսային վարակների կանխարգելմանը, ինչպես նաև օգնում է արդեն իսկ հիվանդացածներին արագ ապաքինվել», – նշել է Մոիսեենկոն «Ռոսբալտ»-ի հետ զրույցում։
Բժիշկն ընդգծել է, որ ընդամենը մեկ մանդարինը կարող է պարունակել վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի ավելի քան 40%-ը, ինչի շնորհիվ այս ցիտրուսային մրգի գործածությունն օգնում է նվազեցնել բջիջներում ու անոթային հյուսվածքներում քրոնիկ բորբոքումների մակարդակը։ Այս կերպ մանդարինի գործածության շնորհիվ նվազում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։
Անդրադառնալով մանդարինների գործածության հետևանքով հնարավոր խնդիրների զարգացմանը՝ Մոիսեենկոն նշել է, որ այս միրգը կարող է բավական հզոր ալերգեն հանդիսանալ, ուստի այն հարկավոր է չափավոր օգտագործել։
«Չափազանց շատ մանդարին ուտելու դեպքում կարող է ալերգիկ ռեակցիա զարգանալ։ Այն կարող է տարբեր կերպ ընթանալ՝ ինչպես մաշկային գրգռման տեսքով, այնպես էլ անաֆիլաքսային շոկի, լորձաթաղանթների այտուցի ու շնչահեղձության տեսքով», – նախազգուշացնում է մասնագետը։
Բացի այդ, այս միրգը խորհուրդ չի տրվում կիրառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, այդ թվում նաև խոցային հիվանդության կամ գաստրիտի դեպքում։ Ավելին՝ մասնագետը խորհուրդ չի տալիս օգտագործել այս միրգը նաև հղիության ընթացքում, ուստի հղիները պետք է խուսափեն դրանից կամ խիստ սահմանափակ օգտագործեն։