Հայաստանում ուզում են բացել առաջին «սննդի բանկը»
Advertisement 1000 x 90

Հայաստանում ուզում են բացել առաջին «սննդի բանկը»

Պարենային բանկը, որը կհամալրվի բիզնեսի և հասարակ քաղաքացիների կողմից, կարող է Հայաստանում օգնել հազարավոր աղքատ մարդկանց։ Այդ մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց կանադահայ Մայքլ Ավետիքյանը։

Նա անցած տարի է ժամանել Հայաստան։ Կորոնավիրուսային «լոքդաունների» ընթացքում  չի օգտվել տարհանման չվերթներից`որոշելով մնալ երկրում։ Այդ ժամանակ նրա մոտ ծնվել է այն ընտանիքներին աջակցելու գաղափարը, որոնք համավարակի ընթացքում կորցրել են աշխատանքը։ 2020 թ–ի սեպտեմբերին, երբ սկսվել են ռազմական գործողությունները, նա և մի քանի կամավորներ սկսել են պարբերաբար մեկնել երկրի հարավ` սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ տանելով զինվորներին։

«Այժմ բազմաթիվ վիրավոր զինվորականներ կան, որոնք ուղղակի չեն կարող աշխատել։ Ես իմ պարտքն եմ համարում նրանց օգնություն ցուցաբերելը։ Դրա համար ուզում եմ ստեղծել պարենային բանկ։ Արևմուտքում արդեն վաղուց գործում են նման բանկեր` սոցիալապես անապահով մարդկանց օգնելու համար»,– ավելացրեց Ավետիքյանը։

Այն կգործի մոտավորապես նույն սխեմայով. սուպերմարկետները և սննդամթերք արտադրողները, ինչպես նաև սովորական քաղաքացիները կարող են ուտելիք փոխանցել պարենային բանկերին (օրինակ, սուպերմարկետներում դրա համար տեղադրվում են հատուկ արկղեր), դրանից հետո բանկը սննդամթերքը տեղափոխելու է պահեստ, կազմելու է սննդամթերքի փաթեթներ և բաժանելու է կարիքավորներին։

«Այստեղ մարդիկ կան, որոնք չեն կարող ուտելիք գնել, որոնք որոնում են այն աղբարկղներում։ Եկեք չձևացնենք, որ այդպիսի բան չկա։ Ավելի լավ է չթափել ուտելիքը, այլ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,– կարծում է Ավետիքյանը։

Մի քանի ամիս առաջ նա կազմակերպչական աջակցության խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն ապարդյուն։ Ավետիքյանը փող չի խնդրել, նրան ընդամենը պետք է եղել իրավական խորհրդակցություն` տեղի օրենսդրության պայմաններում նման կազմակերպություն ստեղծելու համար։

«Արտասահմանում ապրանքները կամ փողը անհատույց կերպով տրամադրելու համար գործում են հարկային դուրսգրումներ։ Երբ ես հետաքրքրվեցի այդ մասին մեր նախարարությունում, ինձ ասացին, որ Հայաստանում նման բան չկա։ Պարզվեց, որ կա։ Այդ և այլ մասնագիտական հարցերում ինձ նույնիսկ նորմալ պարզաբանումներ չեն տվել»,– նշեց Ավետիքյանը (Հայաստանում, իսկապես, նման դուրսգրում գործում է` շրջանառության 0.25 տոկոսի չափով)։

Մայքլի խոսքով` քաղաքականությունն այստեղ բոլորովին կապ չունի, երբ փորձում են «անկեղծ զրույցի» բռնվել նրա հետ։ («Դե, պարզ է, որ հրապարակավ չես ասի, բայց իրականում ո՞վ է կանգնած մեջքիդ հետևում»)։ Նա պատասխանում է, որ նրա թիկունքին կանգնած է սփյուռքը, և նա դրա մի մասն է։

armeniasputnik.am