«Ես էլ պետք է տունը վառեմ, նոր գնամ․․․»․ ասում է Աղավնոյի բնակչուհին
Advertisement 1000 x 90

«Ես էլ պետք է տունը վառեմ, նոր գնամ․․․»․ ասում է Աղավնոյի բնակչուհին

Ալմաստ Կ․ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աղավնոյում բանան էին ուզում աճեցնել․․․

–Արի կոնֆետ տամ քեզ,–մեքենան կանգնեցնելով կանչում եմ վազող տղային։

–Ինձ կոնֆետ չի կարելի, ատամներս փչանում են,– ակնհայտ ինձանից վախեցած թաքնվում է փոքրիկը։

Մոտենալով նորակառույց կարմիր կտուրով հերթական տանը առաջ եմ գնում` փորձելով գտնել կապուտաչյա փոքրիկին և տան անդամներին։ Մեզ դիմավորում է տանտերը։

–Ես հյուրասեր մարդ եմ, եկեք գոնե սուրճ հյուրասիրեմ ձեզ, թեկուզ տան իրերը տեղափոխել ենք, Էս երկու աթոռն է մնացել, նստենք։

Տան հետևի բակում տանտիկինն է արցունքները խեղդելով քաղում բիբարները, որոնք այնքան շատ էին աճել ու այնպես անուշ էին բուրում։ Հետո հորդորեց տղային պոկել բոլոր թփերն ու թափել գետնին։

–Լոլիկ կեր,– առանց գլուխը բարձրացնելու առաջարկեց ինձ,– Էս լավ քաղցր լոլիկ է, երեխաներիս ջրած ու քաղհանած։ Կեր, որ սրտիս դարդ չլինի, որ գոնե մեկին հյուրասիրեցի։
Հեռվում լսվում էր Աղավնո գետի քչքչոցը, մի քիչ այն կողմ չորս հինգ տղամարդ տան իրերն են հանում դուրս և տեղավորում կանգնած բեռնատարների մեջ։ Ավելի հեռվում երևում է ճանապարհը, որտեղ մարդիկ կանգնում ու հեռվից նկարում էին Աղավնո գյուղի գեղեցիկ, կարմիր կտուրնեով զուգահեռ կառուցված տներն ու մի վերջին հրաժեշտ տալիս գյուղին։

Լուռ ենք, ու ես քաղում եմ շոգից կարմրած լոլիկներն ու չեմ հասկանում այս իրավիճակում ճիշտը ուտե՞լն է, թե՞ ոչ։

–Ես էլ պետք է տունը վառեմ, նոր գնամ,– հողից մեկ րոպե անգամ գլուխը չբարձրացնելով ասում է տանտիկինը,– մեկ տարի է, ինչ տուն ենք ստացել, մինչ այդ ապրում էինք դիմացի փլատակներում, ջուր էինք կրում, այգի մշակում, մեկ տարի է, ինչ նորմալ բաղնիք ունենք, տաք ջուր։Երեխաներին չէի թողնում տան պատերին ձեռք տան, ասում էի նոր է, մաքուր պահենք, հիմա ասել եմ, ինչ ուզում եք, արեք։

–Ե՞րբ եք դուրս գալու գյուղից,– մի բան ասած լինելու համար`հարցնում եմ։

– 24–ին, արդեն իրերը տեղափոխել ենք, բայց երեխաներիս հետ 24–ին եմ դուրս գալու։

Մի քիչ այն կողմ պապիկն է պոկում լոբու թփերն ու թափում գետնին, փոքրիկ տղան օգնում է մեկ պապիկին, մեկ մայրիկին։ Միջնեկ եղբայրը հողից հանում է դեռ նոր բերք տվող գազարն ու թափ տալիս հողը։

–Հողը թափ մի տուր, տանենք նորից տնկենք,– հորդորում է պապը,– ու նայելով ինձ ասում,֊ երեխեքս միայն բանան չեն աճեցրել Էս գյուղում, էդ էլ էին ուզում փորձել։

Եվ իրոք, այգում ամեն ինչ կար, եգիպտացորենի շվաքի տակ կաղամբի թփերն էին` նոր բերք տվող, քիչ այն կողմ գետնանուշի վառ կանաչ տերևները վկայում էին, թե ինչ բերք են թաքցրել իրենց փարթամ թփերի նորքո։ Ավելի հեռու ձմերուկներն են շողշողում արևի տակ, մի անուշ հոտ էլ հատուկ աճեցրած անփուշ մոշի թփից է գալիս։

–Պետք է բոլորը պոկել ու թափել,– Նորից է կրկնում տանտիկինը,– Ես իմ աշակերտներին էլ եմ ասել, ոչինչ պետք չէ թողնել թշնամուն, ոչ մի կորեկ։

Ես փորձում եմ օգնել արմատներով հանել բիբարի թփերն ու ամեն թփի հետ հասկանում, թե ինչ դժվարությամբ են նրանք կառչել հողից ու ինչ դաժան է նրանց հողից պոկելն, այնպես ինչպես այս մարդկանց Աղավնոյից տարհանելը։

Հրաժեշտին մեզ երկու տոպրակ տվեցին, մեկում արմատներով հանած ռեհանի թարմ թփեր, մյուսում` եգիպտացորեն։

–Ռեհանը կտնկես ձեր հողում,– ասաց Արցախյան պատերազմի հաշմանդամ հայրը։

– Եգիպտացորենից էլ սերմ կհանես, լավ քաղցր է,– ավելացրեց պապիկը։

Մենք հեռացանք ընտանիքից լուռ, դուրս եկանք խաղաղապահներով շրջապատված գյուղից, կանգնեցինք գյուղ տանող ճանապարհին ու մի վերջին հրաժեշտ տվեցինք զուգահեռ կառուցված կարմիր կտուրներով Աղավնոյին»։