Լաչինի միջանցքը կարող է բացվել միայն Հանրապետության հրապարակում
Advertisement 1000 x 90

Լաչինի միջանցքը կարող է բացվել միայն Հանրապետության հրապարակում

Բոլոր ճգնաժամային  պահերին, բոլոր կողմերից հնչում են հասարակության համախմբման, միասնականության, բռունցքվելու մասին կոչեր։ Դրանք արդեն իսկ բավարար չափով հնչել են նաև անցած երեք օրերին, երբ Ադրբեջանը փակել է Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակիչներին։

Իրավիճակն իսկապես ծայրահեղ է, լարվածությունն աճում է ամեն ժամի հետ։ Ահա այս պայմաններում համախմբվելու կոչերը ստանում են առավել պաթետիկ ու հուզական նշանակություն՝ հատկապես, եթե հնչեցնողները դա անում են դարդոտվածության ճիշտ չափաբաժիններով։ Իրականում ճգնաժամային պահերին հանրային համախմբվածությունը կարևոր է, հնարավոր է՝ դա ճգնաժամը հաղթահարելու նույնիսկ միակ միջոցն է։

Դա այդպես է, սակայն մի կարևոր վերապահմամբ։ Համախմբումը, միասնականությունը, բռունցքվելը պաթոսից այն կողմ կարող են անցնել, առարկայական արդյունք կարող են ապահովել միայն այն դեպքում, երբ դրանք ծառայեցվում են խիստ որոշակի, կոնկրետ, ձևակերպված, ժամանակի ու տարածության մեջ չափելի նպատակի ու դրանից բխող խնդրի լուծմանը։

Տվյալ դեպքում համախմբվածությունը կամ միասնականությունը կարող է որևէ արդյունքի հանգեցնել բացառապես այն դեպքում, եթե այն ուղղվելու է ստեղծված իրավիճակը ծնող պատճառի վերացմանը։ Այդ պատճառն առավել քան կոնկրետ է, ունի անուն-ազգանուն, բնակության և աշխատանքի հասցե, մի քանի հարյուր թիմակիցներ ու թիկնապահներ, Չալո անունով մի շուն և Օսկար անունով մի կատու։

Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ին, նաև դրանից մեկ շաբաթ առաջ։ Դա, սակայն, հնարավոր է դարձել ավելի քան երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում։ Լաչինի միջանցքի փակումն այդ խորքային պատճառի մակերեսային հետևանքն է։ Հիմա խնդիրը, իհարկե, ժամ առաջ այդ ճանապարհի բացումն է, որպեսզի Արցախի բնակիչները վերադառնան բնականոն կյանքի։ Բայց դա կլինի խնդրի սոսկ մակերեսային դրսևորման վերացում, ինչը նշանակում է, որ առանց այդ խնդիրը ծնող պատճառի չեզոքացման, այն կրկնվելու է կամայական պահի, կամայական արտահայտությամբ։

Ահա այս պայմաններում, Երևանում հանրության համախմբումը, միասնականությունն ու կոնսոլիդացիայի բոլոր ձևերն արդյունավետ կարող են լինել միայն այն դեպքում, եթե դրանք ստանան կոնկրետ քաղաքական ձևակերպում և ուղղվեն այս իրավիճակի սկզբնաղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը։ Մնացած բոլոր դեպքերում համախմբվելու, բռունցքվելու, մնացած բոլոր կոչերը մնալու են լիրիկական զեղման հարթությունում։ Այլ առարկայական արդյունք հանրային համախմբումը գործնականում չի կարող տալ, եթե անգամ տարբեր երկրների դեսպանատների դեմ բողոքի ակցիաներին մասնակցեն ոչ  թե մի քանի հարյուր, այլ մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։

Քաղաքականությունը, այնուամենայնիվ, լուրջ զբաղմունք է, թեև Հայաստանում ամեն օր ապացուցվում է հակառակը։ Բայց բոլոր այն երկրներում, որոնց դեսպանատների դեմ բողոքի կամ շնորհակալության ակցիաներ են կազմակերպվում, քաղաքականությամբ զբաղվում են լուրջ կառույցներ։ Նրանք, ահա, միայն քաղաքավարական բարեկրթությունից ելնելով է, որ Հայաստանի քաղաքացիներին չեն պատասխանում՝ ձեր բողոքի հասցեատերը ձեր իսկ իշխանությունն է, որի գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել այն, ինչի վերացումը պահանջում եք մեզանից։ Այս իրողությունը պետք է հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ կամ գտնվում են մերձքաղաքական տարբեր ձևաչափերում։ Այլապես, եթե անգամ Լաչինի միջանցքը բացվի այսօր կամ վաղը, Ադրբեջանի կողմից նման կամ ավելի վտանգավոր սադրանքները շարունակվելու են։  

 ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ