Աշոտ Ոսկանյանի Facebook-յան գրառումը.
«Չարենցի ժամանակի» կապակցությամբ հաճախ տրվող երկու հարց կա, որոնք կարծում եմ, փոխաղերսված են:
Մեկն այն է, թե ինչո՞ւ է հիմնականում գրական գործերի վերլուծության հիման վրա կառուցված այս գործը փիլիսոփայական համարվում:
Երկրորդը` ո՞րն է այն ընդհանուր ատաղձը, որ թույլ է տալիս մեկ գրքի մեջ միավորել տարբեր, համարյա իրարամերժ խառնվածք ունեցող այնպիսի պոետների, որպիսիք են Չարենցը և Գյոթեն:
Ահա պատասխանս։
Գիրքը, ըստ իս, փիլիսոփայական է, որովհետև նրանում գրականագիտական, պատմական և այլ զուտ առարկայական վերլուծությունների հիման վրա ցուցադրվում է (ո՛չ թե պատմվում, գովերգվում կամ նույնիսկ ապացուցվում, չէ՝ հենց ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ է – սա կարևոր է) զուտ փիլիսոփայական գաղափար, այն է.
ՈԳԻՆ ՄԻՇՏ ՊԱՏՄԱԿԱՆ Է, ԻՍԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՌԱՆՑ ԻՆՔՆԱՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՆԴՐԱՆՑՄԱՆ՝ ԱՅՆ ԷԼ ԱՅՆՊԻՍԻ, ՈՐ ՄԱՐԴՈՒՑ ՄՇՏԱՊԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀՐԱԺԱՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻԻՑ»։
Այս կետում է, որ միավորվում են Գյոթեն և Չարենցը, և դրանց միավորման կենդանի սիմվոլը ՖԱՈՒՍՏՆ է։
Եվ հենց այս կետն է, որ պետք է ականջներին օղ անեն հայոց ազգային «անխառն, անշփոթ» ինքնության ջատագովները, որոնք չեն հասկանում, որ անցյալը՝ ողբերգական կամ փառահեղ, քննադատությունից զերծ պահելու կամ առավել ևս՝ այն հետարդիականության շուկայում վաճառելի «բրենդի» վերածելու իրենց ջանքերը զրկում են ազգը պատմականությունից, հետևաբար նաև՝ իրական զարգացման մոդուսից։