«Գեղեցիկները չեն մեռնում»
Advertisement 1000 x 90

«Գեղեցիկները չեն մեռնում»

Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի Facebook-յան հրապարակումը.

Տատիկի ու պապիկի մասին հայտարարված մրցույթից ուշացել եմ: Ափսոս: Իմ տատիկի ու պապիկի մասին է.

Այդ օրը հիվանդանոց բերած վիրավորների մեջ արտասովոր գեղեցիկ մի տղա կար: Ոտքն արդեն չկար, մնացել էր ռազմաճակատում: Գիտակցություն էլ չկար: Ռյազանցի քույրը` բարձրահասակ, կապուտաչ, սպիտակամորթ, լայն ճակատով, շեկ մազերով Կլավդիան, թրջոցներ է դրել ճակատին, շոյել փակ աչքերը: Առավոտյան եկել է տղայի մոտ: Չկար: Տարել էին դիակների բաժին` մեռածի հաշիվ: Աղջիկը գնացել է դիակների մոտ, փնտրել ու գտել նրան: Նա չէր կարող մեռնել: Գեղեցիկները չեն մեռնում: Քարշ տալով բերել է տղայի մարմինն ու ստիպել նրան վերադառնալ դրախտից Երկրորդ համաշխարհային պատերազմ: Տղային տեղափոխել են ողջերի պալատ: Գիտակցություն չկար: Ճերմակ թռչունը սև ագռավի բերանից բան էր ուզում թռցնել: Կատաղի պայքար էր: Օգնել էր պետք ճերմակին, ճերմակին, ճերմակին: Արթնացիր: Ըհը’: Դե վեր կաց ու վազիր: Սկզբում մի ոտքդ, հետո`մյուսը: Մյուս ոտքը, երկրորդը, մյուսը… Չկա: Աստված: Չեմ ուզում ճերմակին: Ագռավին բերեք: Ոտքը նրա բերանում մնաց: Ժորա, ես ջուր եմ դրել քո շուրթերին, խմիր: Ժորա, արյուն եմ տվել, ընդունիր այն: Ժորա, գեղեցիկները չեն մեռնում: Ես Սուրենն եմ, Հայաստանից: Շամիրի և Սոնայի որդի Սուրենը: Ժորա, կոնֆետ եմ բերել, կեր: Սև թռչունն էլ չկա: Այսօր մայիսի 9-ն է: Դու հաղթել ես նրան, Սուրեն: Մամա, ես Ժորայի հետ գնում եմ Հայաստան: Ամուսնանում եմ նրա հետ: Աղջիկ, երջանիկ չես լինելու նրա հետ`այդ լեռներում, հեռու քոնոնցից, մշտապես օտար:
Կլավդիան գտել էր ռուսախոս մի հայ կնոջ և խնդրել մեկ հայերեն նախադասություն սովորեցնել` Տիկին Սոնա, ուրախ եմ դառնալու ձեր ընտանիքի անդամը: Անգիր սովորել էր կնոջ ռուսատառ հայերենը: Սուրենին ոչինչ չէր ասել: Անակնկալ էր պատրաստել: Սոնայի գլխին հող թափվի: Հերիք չի նախշուն տղան մի ոտքով եկավ, մի հատ էլ ռուս է ետևից գցած բերել: Կլավդիան ժպտաց և խոսեց հայերեն`Տիկին Սոնա, գլուխդ էշի քամակը: Սա էր հայ կինը սովորեցրել Կլավդիային: Սոնան խորապես ատեց էն ռուսին:

Ծնվեց նրանց առաջնեկը` Ռուբենը: Մի տարեկան չդարձավ: Հանգչեց մոր ձեռքերի մեջ: Սովից մահացավ. պատերազմն արագ չի ավարտվում` համոզված էր Կլավդիան: Բայց քանի որ Սուրենը հաղթել էր սև թռչունին, էլի երեխաներ ունեցան, տուն կառուցեցին, ծառեր տնկեցին: Կլավդիան սովորեց հայերեն տառերը, գրեց ու կարդաց և, իհարկե, խոսեց հայերեն` Գորիսի բարբառով, ռուսական առոգանությամբ: Շատ զիլ: Պուշկին էր կարդում` բերանացի: Եվ Թումանյան` գրքից: Ռուսական բորշ, բլիթներ, պիլմենիներ` այս բոլորը, իհարկե, եղել են: Բայց Կլավդիան այն տատիկներից չէր, որ ունեին իմ ընկերները: Նրա մասին հուշերը ուրցի ու գաթայի հոտ չունեն: Նա այն կինն է, որ 70 տարեկան հասակում Շիֆերի վարժություններն էր անում մեջքն ուղիղ պահելու համար, լսում էր լուրերը, կարդում թերթ, ամսագիր ու ընտիր գրականություն և նախատում հարսին ավելորդ մաքրակենցաղության համար` էլի բրդե՞ր, «սումաշեդշայա ժենշինա»:

… Սուրենն արդեն շատ ծանր էր: Ջուրը տաքացրեց, իր տղամարդուն նստեցրեց տաշտի մեջ ու սկսեց լողացնել: Ժորա, հիմա ասա` դու ինձ սիրո՞ւմ ես: Ձայն չկա: Ժորան կորցրել էր խոսքը: Ժորա, գլխով արա` սիրո՞ւմ ես: Վերուվար կամ աջուձախ` հա կամ չէ: Ժորան աջուձախ արեց`չէ, չեմ սիրում, դե գնա… Ժորա, դու «նախալ» ես: Ժորան ժպտաց ու գնաց: Ժորկա, ո՞նց ես: Էլի ռադիոն, հեռուստացույցն ու մագնիտաֆոնը միանգամից միացնում ու երկու խոշոր գործարանի հաշվապահություն ես անո՞ւմ… Ո՜ւ… Ոնց եմ ատում, ինչքան ես ինձ տանջել, Ժորկա: Քիչ մնաց, Ժորկա, քիչ մնաց: Տեսար, որ ասում էի կգամ, Ժորկա: Սուպդ կեր, հացը` սխտորով: Ի՞նչ է նշանակում` սոխ չեմ սիրում: Աչքերդ փակիր, կուլ տուր: