Ինչպես է ղազախ «Նուռ ջանը» ճանապարհորդել Հայաստանում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է ղազախ «Նուռ ջանը» ճանապարհորդել Հայաստանում. armeniasputnik.am

Ղազախստանցի ճանապարհորդ — բլոգերի հայաստանյան առաջին այցը շատ գեղեցիկ ու «համով» է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է իր եռօրյա ճամփորդության մասին, որն իրականացրել է Yerevan Food Fest փառատոնի շրջանակում։

Նա այնքան է ոգևորվել, որ նույնիսկ գտել է իր անվան ծագումնաբանությունը։

«Ի դեպ, անունս երկու մասից է բաղկացած` «նուռ» և «ջան»։ Այսինքն` Հայաստանում ես «Նուռ ջանն» եմ», — ասում է Նուրժանը։

Հայի աչքեր…

Նուրժան Ալգաշովը Ղազախստանոմ ամենահայտնի ճանապարհորդական բլոգերներից է։ Նրա հոդվածները հրապարակվել են ամսագրերում ու հանրապետական թերթերում։ Մեր զրուցակիցը սարեր շատ է սիրում, այդ պատճառով էլ շատ է տպավորվել Հայաստան կատարած այցից։

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Ծաղկաձոր, Դիլիջան, Ենոքավան, Երևան. երեք օրվա ընթացքում նա հասցել է շրջել այս վայրերով։

«Քարերի սիմֆոնիան եզակի երևույթ է, որն աշխարհում շատ հազվադեպ է հանդիպում», — պատմեց Նուրժանը։

Սակայն բլոգերին տպավորել է ոչ միայն բնությունը, այլև մարդիկ։

«Աղջիկները Հայաստանում գեղեցիկ են, արտահայտիչ։ Գեղեցիկ աչքերով», — ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Համեղ գինի «կոնյակային» Հայաստանում

Հայկական խոհանոցն, իհարկե, նույնպես անտարբեր չի թողել ճանապարհորդին, որն աշխարհի 30 երկրում է եղել։

«Խոհանոցը շատ համեղ է։ Վերջապես իսկական տոլմա կերա։ Լավաշը լավագույնն է աշխարհում, ձուկը` զարմանալիորեն համեղ։ Գինիներն էլ են լավը, թեև բոլորի մոտ Հայաստանը կոնյակի հետ է ասոցացվում», — ասաց Նուրժանը։

Նա հայկական գինին համտեսել է Սևանի ափին, որը հմայել է նրան։ Դիլիջանում էլ բացահայտել է հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսներին հավերժացնող արձանախումբը։

«Դա իմ սիրելի ֆիլմն է։ Ֆիլմի հերոսներից մեկը` ընկեր Խաչիկյանը, Դիլիջանից էր։ Հայաստանում ճանապարհորդելիս ես եղա այն քաղաքում, որտեղ տեղադրված է այդ ֆիլմի հերոսների արձանախումբը։ Քանի որ Դիլիջանը հայտնի է իր մեղմ կլիմայով, այնտեղ առողջարաններ ու հանգստյան տներ կան։ Մշակույթի գործիչները սիրել են գալ այս քաղաք հանգստանալու։ Ու գիտե՞ք` օդն այնտեղ իսկապես մաքուր է… Ջուրն էլ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Սան Ֆրանցիսկոյից հետո», — կեսկատակ-կեսլուրջ ասում է բլոգերը։

Նուրժանն իր հետևորդներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Երևան ու սեփական աչքերով տեսնել «Կասկադը»։

armeniasputnik.am