Թալեաթի և Էնվերի հետ Սապահ-Գյուլեանի և Մուրատի շփումները Պոլսում. aniarc.am
Advertisement 1000 x 90

Թալեաթի և Էնվերի հետ Սապահ-Գյուլեանի և Մուրատի շփումները Պոլսում. aniarc.am

Հաջի Մուստաֆայից, Ադրիանուպոլսից, Մալգարայի կողմերից ահագին թուով զինուորականներ էին լցուել՝ մեծ ու փոքր. բոլորն էլ ժամանակաւոր արձակուրդ առած՝ Պոլիս կամ իրենց տներն էին գնում:

Ահմէտ Էֆէնտին եկաւ յայտնեց, որ գնացքի մէջ եղող մի քանի ժէնէրալներ եւ շատ թուով սպաներ ու գնդապետներ «փափագ եւ ըղձանք» են յայտնում «Հինչակ էֆէնտիներին» տեսնելու:

Գնացինք դահլիճը.- ծափահարութի՜ւն: Սկսուեց ընդհանուր խօսակցութիւն՝ «եղբօր նման»: Մեծից մինչեւ փոքրը ցոյց էին տալիս՝ որ «Հինչակներին» շատ են սիրում, մեծամեծ ծառայութիւններ են մատուցել, որ նրանց կռիւների ժամանակ՝ իրենք սրտով նրանց հետ էին. մէկն էլ ասաց՝ որ եթէ «մի քիչ էլ առաջ երթային, Բաբ Ալին պիտի առնէին, եւ իրենք խօսք էին արել չընդդիմադրելու…»: Ոմանք էլ ընկեր Մուրատի ձեռքը սեղմեցին՝ ասելով որ իրենք, ակամայիցս Սասունի կռիւներին մասնակցել էին, ու զղջում ապաշաւանք էին յայտնում, թէ ինչո՛ւ թիւրիմացութիւն էր եղած եղբայրների մէջ եւ իրարու վրայ գնդակ էին արձակած…:

Արեւելյան շողոքորթութիւնը իր բառամթերքը սպառեց:

Հարցրին թէ՝ «իրա՞ւ է, որ մեր երկու Քոմիտէները միացել են»:

Ասացինք, որ մեր Պարիզ եղած ատենը՝ դեռ ո՛չ:

Որպէս աւետիք, մեզ երկարացրին «Լը Մատէն»ի այն թիւը, որով յայտարարւում էր՝ որ «Սահամանադրութիւն եւ ապակեդրոնացում» (Սապահէտտինի) ու «Միութիւն ու Յառաջադիմութիւն» (Րիզայի) Թուրք երկու Կուսակցութիւնները միացել, իրարու հետ ձուլուել են…:

Մեր շանթահարուած յուսախաբութիւնը զսպեցինք եւ խօսակցութեան ընթացքը շարունակեցինք:

Զինուորականները շատ հետաքրքրուեցան գիտնալ թէ սոցիալիզմը ի՞նչ բան է, որ «Հինչակներինը» կը քարոզեն:

Բացատրեցինք:

«Աստուած վկայ, այդ շա՛տ լաւ բան է, ինչո՞ւ չընդունենք», ասաց ծերունի ժէնէրալը: Միւսները գլխով արեցին, որպէս հաւանութեան նշան:

Մի երիտասարդ գնդապետ ասաց, որ ինքը սոցիալիզմի մասին շատ է կարդացել, միայն մի բանի համամիտ չէ. այն՝ որ «սոցիալիստները հակամիլիտարիստականներ են», «եթէ մեզ արձակէին, աւելացրեց, մենք ի՞նչպէս պիտի ապրէինք»:

Հասկացրինք, որ սոցիալիզմի քարոզած հակամիլիտարիզմը գալիս է պաշտպանելու նոյնիսկ զինուորականների ամենակենսական շահերը: Երբ խնդրին թանձրացեալ ձեւ տալով, ասացինք որ իրենց կեանքը իրենցը չէ, այլ Սուլթան Համիդին եւ նրա շուրջ եղող Իզզէտներին, Մելհամէներին, որ իրենք լոկ գործիք էին… բոլորը միասին աղաղակեցին որ՝ «ճշմարիտ» է. եւ ամէն մէկը սկսեց իր տարտը լալ, յայտնելով որ ամիսներով ռոճիկի երես չեն տեսնում եւ իրենց ընտանիքներից առած աղէխարշ նամակները ուղղակի իրենց  հոգին են ցնցում, այնքան որ ողբալի կացութեան մէջ են ընկնում յաճախ:

Մեզ ո՞վ պիտի պահի:

Երկար բացատրեցինք թէ՝ ինչպէս արտադրութեան միջոցները ընդհանուրի սեպհականութիւնը պիտի լինին եւ ո՛չ թէ մասնաւորների. եւ դրա հետեւանքը կը լինի, որ ընկերութիւնը իր իւրաքանչիւր անդամի մարդավայել գոյութիւնը կ’ապահովի:

-«Այդ շա՜տ լաւ բան է, շա՜տ լաւ. դրանից էլ ի՞նչ լաւ բան կարող է լինել» ասաց «մեր» ծերունի ժէնէրալը:

-«Բայց մենք ամէնքս էլ պիտի աշխատենք» աւելացրեց գնդապետը:

-Հա՛րկաւ, հաստատեցինք:

-«Իշտէ ա՛յդ չեղաւ, «Հինչակ» էֆէնտի»:

Գնացքը հասաւ Կ. Պոլիս:

Ամբողջությամբ՝ aniarc.am