Ռուբեն Շուխյանի Facebook-յան հրապարակումը.
«Քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակում են և դեռ էլի կշարունակեն քննարկել Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», ու բոլորն էլ, թերևս, հիմնականում գալիս են այն եզրահանգման, որ համաձայնագրի կնքումը կարևոր փուլ կհանդիսանա մեր երկրի քաղաքական կյանքում: Փաստենք նաև, որ, ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Հայաստանի բնակչության գերակշռող հատվածը նույնպես դրական է վերաբերվում ԵՄ-ի հետ գործընկերության պայմանագրի ստորագրմանը:
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման հետ կապված խոչնդոտներ չպետք է լինեն, եթե իհարկե չլինի երրորդ կողմի ֆորսմաժորային միջամտությունը: Այս առումով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է. «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս: Մենք տեսանք, որ ԵՄ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին համաձայնագրի տեքստը հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավարեցնելու հարցում: Փաստաթղթի հրապարակումը նաև նշանակում է, որ այս պահին բացահայտ ու ակնհայտ միջամտություններ դրսից չի ակնկալվում, ինչպես դա եղավ 2013-ին»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իրավացիորեն նշում է. «ԵՄ-ի հետ պայմանագիրը բխում է հայ ժողովրդի շահերից, և ակնհայտ է, որ այդ պայմանագրի շնորհիվ մենք ինչ-որ չափով կարող ենք վերականգնել մեր երկրի բազմավեկտոր քաղաքականությունը։ Հայտնի է, որ ԵՏՄ անդամակցությունից հետո, փաստորեն, խախտվել էր այդ հավասարակշռությունը հօգուտ Ռուսաստանի, ինչը բերում է Հայաստանի տնտեսության մեջ, միջազգային հարցերում ծանրագույն վիճակի։ Պարզ է, որ անհրաժեշտ է ինչ-որ չափով վերականգնել խախտված հավասարակշռությունը։ Պետք է աշխատել աշխարհի տարբեր կենտրոնների հետ, և այսպիսի պայմանագիր ունենալը մեզ ուղղակի կյանքի պես անհրաժեշտ է»։
Երրորդ կողմի հնարավոր միջամտության հետ կապված Ստեփան Գրիգորյանը հետևյալ ուշագրավ դիտարկումն է անում. «Եթե նայում ես համաձայնագիրը, այնտեղ չկան կետեր, որոնք ուղղված են կոնկրետ այս կամ այն պետության դեմ։ Ասենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելը, կոռուպցիայի դեմ պայքարելը, հակաահաբեկչական գործողություններ իրականացնելը ո՞ւմ դեմ է ուղղված, ոչ մեկի դեմ էլ ուղղված չէ։ Ուրեմն այստեղ պետք է ցուցաբերել ինքնիշխանություն»: