Հայոց Ցեղասպանության ականատես Սառա Աարոնսոնը լրտես է դառնում և բրիտանացիներին օգնում պարտության մատնել Օսմանյան կայսրությանը. akunq.net
Advertisement 1000 x 90

Հայոց Ցեղասպանության ականատես Սառա Աարոնսոնը լրտես է դառնում և բրիտանացիներին օգնում պարտության մատնել Օսմանյան կայսրությանը. akunq.net

Լիել Լեիբովիչ

Երբ ես չորրորդ դասարանում էի, դասարանս Զիխրոն Յաակով (քաղաք Իսրայելում, որը տվյալ ժամանակաշրջանում գտնվում էր Օսմանյան կայսրության տարածքում-Ակունքի խմբ.) էքսկուրսիայի տարան, որպեսզի այցելենք Սառա Աարոնսոն անունով մի կնոջ տուն։ Մեզ ասել էին, որ նա հրեա մեծ հերոսուհի է, սակայն մանրամասները դիտավորյալ կերպով անորոշ էին թողել։ «Նա լրտես է եղել,-խորհրդավոր կերպով ասաց մեզ մեր ուսուցիչը,-և զոհվել է` հանուն մեր երկրի»։  

Այն, ինչ արել է նա, եղել է հարյուր տարի առաջ, այս նույն շաբաթվա մեջ։ Սակայն նրա հերոսությունը մնում է եզակի, որի մասին, ցավոք, շատ հազվադեպ են պատմում։ Նա եղել է նվիրյալ ֆեմինիստ, հպարտ սիոնիստ, և Հայոց ցեղասպանության վկաներից, ով համարձակվել է խոսել կատարված վայրագությունների մասին։

Նա ծնվել է 1890 թ․ ռումինացի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր, որպես սիոնիզմի կողմնակիցներ, օգնել են հիմնադրել Զիխրոն Յաակովը։ Երբ մեծանում է, սովորում է գյուղատնտեսությամբ զբաղվել, ձի քշել ու կրակել։ 1914 թ․ ամուսնանում է հարուստ առևտրական Հաիմ Ավրահամի հետ ու նրա հետ միասին գնում Թուրքիա, որտեղ Հաիմը զբաղվում էր առևտրով։ Բայց Սառային չի բավարարում լոկ որևէ մեկի կինը լինելու կարգավիճակը։ Նա լքում է ամուսնուն և ճանապարհ ընկնում դեպի տուն՝ իր հայրական ագարակ։ Այն, ինչ տեսնում է  իր ճանապարհին, փոխում է  կյանքը։

«Հենց իր աչքի առջև տեսնում է թուրքերի կողմից կտտանքների ենթարկվող հայերին,- իր օրագրում գրում է նրա եղբայր Աարոնը,- նա տեսնում է հայերի հազարավոր դիակներ՝ գետնին փռված, չթաղված, շների կողմից հոշոտված»։

Այս տեսարանն ամբողջությամբ ցնցում է նրան, որից հետո երդվում է պայքարել թուրքերի դեմ` անհրաժեշտ բոլոր միջոցներով։ Նա աշխատում է օգնել բրիտանացիներին Օսմանյան կայսրության դեմ պայքարում։

Այդ շրջանը կատարյալ էր նրա գործունեության համար․ եղբայրը և եղբոր ընկերները դեռ նոր էին հիմնադրել ընդհատակյա մի շարժում, որի նպատակը ևս Օսմանյան կայսրության դեմ պայքարն էր: Այն կոչվում էր՝ ՆԻԼԻ (հրեական հապավում՝ NILY Netzach Israel Lo Yeshaker, կամ՝ Իսրայելի Հավերժությունը (Աստված) չի խաբի)։ Այն լրտեսների ցանց էր, որը տեղեկություն էր հավաքում Պաղեստինում օսմանյան զորքերի տեղաշարժի մասին և  դրանք ուղարկում  բրիտանացիներին։

Սկզբնական շրջանում տեղեկությունները փոխանցվում էին ձեռքից ձեռք․ խմբի անդամներից մեկը լողում էր դեպի Ատլիտ քաղաքի ծովափին գտնվող մի փոքր զբոսանավ, ուր տանում էր իր տեղեկությունները, իսկ այնտեղից վերցնում էր գումարը, որը Ամերիկայում ապրող հրեաները հավաքում էին, որպեսզի օգնեն Մեծ Իսրայելի (Eretz Yisrael) պաշարման մեջ գտնվող ու սովի մատնված հրեաներին։

Շուտով, այնուամենայնիվ, թուրքերը սկսում են կասկածել, որ ինչ-որ բան է տեղի ունենում, և զգուշացնում են Պաղեստինի հրեաներին՝ չմիջամտել պատերազմին, թե չէ նրանք էլ կարժանանան նույն ճակատագրին, ինչ՝ հայերը։ Շատերը վախենում են սպառնալիքներից, բայց ոչ` Աարոնսոնն ու նրա զինակից ընկերները։ Մանրամասն զննված ջրափնյա գծով նրանք փոստատար աղավնիներ էին բաց թողնում։ Այս համակարգն էլ է լավ աշխատում, մինչև որ սա էլ է բացահայտվում․ 1917 թ․ սեպտեմբերին թուրքերը  բռնում են թռչուններից մեկին։

ՆԻԼԻ-ի անդամներից մեկը ձերբակալվում է և դաժան ծեծի ենթարկվում։ Աարոնսոնի հետ կապի մեջ եղած բրիտանացիները նրան  խորհուրդ են տալիս  անմիջապես լքել Պաղեստինը և առաջարկում նավով ճանապարհ ընկնել։ Բայց վերջինս մերժում է այդ առաջարկը՝ ասելով, որ չի լքի Պաղեստինը, մինչև իր ընկերները ապահով չտեղափոխվեն այնտեղից։

Մի քանի շաբաթ անց՝ Սուկոտի նախօրեին, թուրք զինվորները գրոհում են Զիխրոն Յաակովը։ Նրանք ձերբակալում են Աարոնսոնին և չորս օր դաժանորեն տանջում։ Սակայն նա ոչինչ չի ասում՝ չմատնելով իր ընկերներից և ոչ մեկին։ Վերջիվերջո, թուրքերը դադարում են տանջել նրան և  տեղեկացնում, որ նա տեղափոխվելու է Դամասկոս և անհապաղ կախաղան է բարձրացվելու։ Աարոնսոնն անվրդով կերպով  խնդրում է կանգ առնել իր տան մոտ, և թույլ տալ իրեն ճանապարհորդությունից առաջ լոգանք ընդունել, մաքուր շորեր հագնել։ Թուրքերը, ոչինչ չկասկածելով, թույլ են տալիս։ Աարոնսոնի լոգարանի դռան վերևի մասում զենք է թաքցված լինում։ Հենց որ մենակ է մնում, արագորեն վերցնում է զենքն ու ինքնասպան լինում։

Նա միանգամից  չի մահանում։ Երեք օր  մահամերձ պառկած է մնում հիվանդանոցի մահճակալին։ Իր վերջին, հապշտապ կերպով  գրված նամակում (քանի որ թուրք զինվորները նրա դուռը ծեծելով` փորձում էին ջարդել)  պարզապես խնդրում է վրեժ լուծել իր մահվան համար։ Նա մահանում է 1917 թ․ հոկտեմբերի 9-ին,  27 տարեկան հասակում։

Նրա մահից երկու ամիս  և երկու օր անց բրիտանացի գեներալ պրն․ Էդմունդ Ալեմբին մտնում է Երուսաղեմ՝ Աարոնսոնի զոհաբերությանը տալով համարժեք հանգուցալուծում և ևս մեկ անգամ ապացուցելով, որ անհնար է պատկերացնել, թե մարդ ինչերի կարող է հասնել, երբ լուռ չի մնում ու պայքարում է  ահաբեկչության դեմ։

tabletmag.com

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

akunq.net