Ամենայն հավանականությամբ, մեկ անգամ չէ, որ լսել եք այն խուլիգանների արարքների մասին, որոնք պոկում են ավտոբուսի նստարանները կամ կոտրում են դրանց պատուհանները: «Ա՜յ դուք վանդալներ»,- արտաբերում են մեզանից շատերը նման դեպքերում՝ դժգոհությամբ թափահարելով գլուխները: Վերոնշյալ արտահայտությունը կրկնելը սովորություն է դարձել մարդկանց մոտ, սակայն մեզանից շատերը չգիտեն դրա նշանակությունը: Ովքե՞ր են վանդալներն իրականում:
Ի սկզբանե վանդալներ կամ վանդալիաներ անվանել են գերմանական Վանդալների ցեղի ներկայացուցիչներին: Նրանք այն բազմաթիվ ցեղերից էին, որոնք քոչում էին Եվրոպայում Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ: Ինչո՞վ էին առանձնանում վանդալները, որ այսօր համարվում են խուլիգանության, այլոց իրերի զեղծման «հոմանիշները»:
V դարի սկզբին Արևմտյան Հռոմեական կայսրությունն աստիճանաբար կորցրեց իր ազդեցությունն ու ռազմական ուժը բազմաթիվ բարբարոս ցեղերի հարձակումների հետևանքով: Այն տարածքում, որտեղ մի ժամանակ ամենակարող պետությունն էր գործում, այդ ժամանակ քաոս էր տիրում: Նոր ցեղերը գրավել էին քաղաքները, սակայն մի քանի տարի անց նոր նվաճողներ վրա հասան:
Այդպիսի ցեղերից էին նաև վանդալները, որոնք Գերմանիայից սկզբում տեղափոխվեցին Իսպանիա, այնուհետև ստիպված քոչեցին դեպի Հյուսիսային Աֆրիկա: Այս տեղաշարժի հստակ պատճառները հայտնի չեն. պատմաբանների մի մասը կարծում է, որ վանդալները դուրս են շպրտվել այ ցեղերի կողմից, մյուսներն էլ պնդում են, որ վանդալներն Աֆրիկա են հրավիրվել Հռոմի կառավարչի կողմից, որը ցանկանում էր օտար ուժերի օգտագործմամբ տարածքներ գրավել և դառնալ դրանց միապետը:
435 թ. վանդալները գրավել էին Հյուսիսային Աֆրիկայի տարածքի մեծ մասը: Հռոմի հետ կնքած խաղաղությունը երկար չտևեց, և 439 թ. գերմանացիների հարձակմանը ենթարկվեց քաղաք Կարթագենը: Թշնամիների կողմից քայքայվող կայսրությունն այլևս չէր կարողանում պայքարել, այդ պատճառով էլ ստիպված էր խաղաղության դաշինք կնքել: Վանդալներն սկսեցին իրենց ողջ ուժով ճնշել անպաշտպան Հռոմին, որի բոլոր զորքերը կռվում էին երկրի տարբեր ծայրերում:
Վանդալների առաջնորդ Հեյզերիխը չէր կարող բաց թողնել հարմար հնարավորությունը և, խախտելով խաղաղության դաշինքը, իր զորքով ուղևորվում է դեպի հավերժական քաղաք Հռոմ: 435 թ. հունիսին Հռոմը կործանվում է: Լև Առաջին պապը վանդալներին կարողացավ համոզել, որ չսպանեն քաղաքացիներին և չոչնչացնեն քաղաքը:
Բարբարոսները խոստումը կատարեցին իրենց եղանակով. երկու շաբաթվա ընթացքում թալանեցին ողջ քաղաքը՝ իրենց վերցնելով թանկարժեք բոլոր իրերն ու հազար մարդու գերի վերցնելով: Հանդիպող բոլոր հուշարձանները վանդալները վերացնում էին, իսկ հռոմեացիների համար բոլոր սուրբ վայրերը՝ պղծում: Հռոմում տիրող իրավիճակի մասին լուրերը տարածվեցին ողջ աշխարհում և հարցին, թե ո՞վ թալանեց Հռոմը, մարդիկ ստանում էին հետևյալ պատասխանը՝ «վանդալները…»:
Այս արտահայտությունը մնաց մարդկանց գիտակցության մեջ: Հենց այդ պատճառով էլ մինչ օրս վանդալներ անվանում են նրանց, ովքեր ոչնչացնում են օտար ունեցվածքը:
blognews.am