Հատիկոն (1923-1935) շուն է՝ չորքոտանի, և այն երկոտանիները, որոնց մարդեղեն «արժանապատվությունը» դաժանաբար խոցվեց, որ այսօր ծնված բազմաթիվ արժանավոր մարդիկ անտեսվել են, և օրվա արժանավորը շունն է դարձել, հենց այստեղ թող փակեն էջը, որովհետև նրանց նուրբ հոգիները դժվար թե դիմանան այն բառապաշարին, որ ընտրվել է Հատիկոյին ներկայացնելու համար։
Հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ ակիտա ինու ցեղատեսակի այս շունը լույս աշխարհ է եկել Ճապոնիայի Հոնսյու կղզու Ակիտա երկրամասում՝ մի ագարակատիրոջ հարկի տակ։ Հենց նրա կամքով՝ այս արու ձագուկին տանում-հասցնում են Տոկիո ու նվիրում ագարակատիրոջ սիրելի դասախոսին՝ պրոֆեսոր Հիդեսաբուրո Ուենոյին (1872-1925)։ Այս շան շնորհիվ էլ Տոկիոյի համալսարանի համեստ դասախոսի անունը մոռացության չի մատնվել մինչ օրս՝ գրեթե մեկ դար։ Պրոֆեսորը շան ձագուկի համար ընտրում է Հատիկո անունը, նշանակում է՝ ութերորդ։ Պատճառը պարզագույն է՝ Հատիկոն այս կենդանասեր մարդու ութերորդ շունն էր, նախորդներն արդեն վայելել էին պրոֆեսորի սերն ու այդպես սիրված էլ հեռացել այս աշխարհից։ Հատիկոյին այլ ճակատագիր էր սպասվում։
Պրոֆեսոր Ուենոն ամեն օր տնից ուղևորվում էր Սիբուա երկաթուղային կայարան, գնացք էր նստում, գնում աշխատանքի և երեկոյան վերադառնում։ Խատիկոն մեծանում էր տուն-կայարան ճանապարհին. առավոտյան իր տիրոջն ուղեկցում էր մինչև կայարան՝ վերադառնում տուն, իսկ երեկոյան կրկին շտապում էր կայարան, որ տիրոջը դիմավորի։
Կյանքը հիասքանչ էր սիրունիկ, խնամված, գուրգուրված ու սիրված Հատիկոյի համար մինչև 1925-ի մայիսի 21-ը։ Այդ օրը նա երկար-երկա՜ր է սպասում 53-ամյա պրոֆեսոր Ուենոյին, բայց նա չի վերադառնում։ Դասախոսության ժամին նրա սիրտը դավաճանում է, և այս աշխարհում Հատիկոյի ամենահարազատ ու ամենաթանկ մարդն անսպասելի գետնին է տապալվում, ու բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը։
Հատիկո, Հատիկո… Իր որբանալու պահին նա ընդամենը մեկուկես տարեկան էր։ Պրոֆեսորի այրին նոր տերեր է գտնում Հատիկոյի համար, իսկ ինքը վաճառում է տունը ու փոխադրվում այլ քաղաք։ Փոխվում են Հատիկոյի տերերը, Հատիկոն չի փոխվում։ Նա ամեն օր շտապում է կայարան, համբերությամբ սպասում մինչև ուշ գիշեր, բայց իր տերը չկա ու չկա։ Գիշերները քնում է պրոֆեսորի տան սանդղամուտքին, եթե, իհարկե, տան նոր բնակիչները չեն տեսնում ու վռնդում «անտեր ու կեղտոտ շանը»։
Կայարանին հարակից կրպակների առևտրականները և երկաթուղայինները կերակրում են նրան, բարի մարդիկ ականջին շշնջում են, որ նրա տերն այլևս երբեք ու երբեք չի վերադառնալու. «Դու էլ գընա, նոր սեր արա, էսպես է կարգն աշխարհի», բայց՝ զուր ջանքեր։
Տարիները գլորվում են, կայարանի առևտրականները ծերանում են, գնացքի ուղևորները փոխվում են, Հատիկոյի փարթամ մազերի փայլը խամրում է անտերունչությունից, բայց նրա հայացքի ուղղությունը չի փոխվում։ Նա շարունակում է ակնդետ նայել կայարանի մուտքին, որտեղից պետք է դուրս գա իր տերը ու կանչի՝ Հատիկո՜։
1932 թվականի օրերից մի օր «Տոկիո» հանրահայտ թերթում հոդված է հրապարակվում Հատիկոյի լուսանկարով և այս վերնագրով. «Անձնվեր ծեր շունը սպասում է յոթ տարի առաջ մահացած իր տիրոջ վերադարձին»։ Այս պատմությունը ցնցում է ճապոնացիներին, և նրանք սկսում են Սիբուա կայարան այցելել՝ այդ զարմանալի Հատիկոյին տեսնելու համար։ Հռչակավոր դառնալուց հետո Հատիկոն ևս երկու տարուց ավելի՝ գրեթե տասը տարի շարունակում է կայարանի մուտքի մոտ սպասել իր տիրոջը։ Անշնչացած Հատիկոյին 1935-ի մարտի 8-ին գտնում են կայարանին հարակից փողոցում և հողին հանձնում պրոֆեսոր Ուենոյի կողքին։
1934-ի ապրիլի 21-ին Սիբուա կայարանում Հատիկոյի բրոնզե արձանն է դրվում՝ հենց այն կեցվածքով, ինչպես տարիներ շարունակ նա սպասել է պրոֆեսոր Ուենոյին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանը ոչնչացնում են, պատերազմից հետո՝ 1948-ի օգոստոսին կրկին վերականգնում են։
Հատիկոյի արձանը Ճապոնիայում դարձել է սիրահարների հանդիպման վայր, իսկ Հատիկոն՝ սիրո ու նվիրման անկրկնելի օրինակ։
1987-ին ճապոնացի կինոռեժիսոր Սեյձիրո Կոյաման նկարահանում է «Հատիկոյի պատմությունը» գեղարվեստական ֆիլմը, իսկ 2009-ին ԱՄՆ-ում՝ այս ֆիլմի հիման վրա շվեդ կինոռեժիսոր Լասլե Հասթրեմը կրկին անմահացնում է Հատիկոյին և նրա տիրոջը՝ Ռիչարդ Գիրի շատ հուզիչ դերակատարմամբ։
Ի դեպ, «Տոկիո» թերթում հրապարակված հոդվածից հետո լեգենդ դարձած Հատիկոյի մահը սգում է ողջ Ճապոնիան։
Ինչ «աննորմալ» են, չէ՞, էս ճապոնացիները. մենք փողոցներում կրակում-սատկացնում ենք շներին, իսկ նրանք մի շան համար համազգային սուգ են հայտարարում։
Պատճառն այն է, որ այն ժամանակ, երբ ճապոնացիները ծառերի վրա թռչկոտում էին, մենք արդեն թատրոն ունեինք։